«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է.
«Ինչպե՞ս և ում հետ ԱԷԿ կառուցել։
ԱԷԿ կառուցելը ունի շատ լուրջ աշխարհաքաղաքական բաղադրիչ, և դա անտեսելը կարճամտություն է: Այն նաև ցուցիչ է, թե որ երկրների օրինակին ենք մենք հետևում։
Չինաստանը միակուսակցական երկիր է՝ կոմունիստական գաղափարախոսությամբ, որից մենք հրաժարվել ենք 1988–1989 թվականներին։
Կարդացեք նաև
Ատոմակայանը ունի նաև էական ռազմական բաղադրիչ, և ամերիկյան ԱԷԿ ունենալը, որի մոդուլներից մեկը հնարավոր է տեղակայվի նաև Սյունիքում, միանշանակ կնվազեցնի պատերազմի վտանգը։
Չինաստանը Պակիստանի և Ադրբեջանի բարեկամն է, մեր բարեկամ Հնդկաստանի հակառակորդը, իսկ այն զենքը, որը գնում է Պակիստանը, որի մի մասն էլ վերավաճառվում է Ադրբեջանին, մատակարարվում է Չինաստանի կողմից։ Բացի այդ, հենց Չինաստանն էր, որ ՄԱԿ-ում վետո կիրառեց՝ Արցախի դեմ ագրեսիան դադարեցնելու նախաձեռնության դեմ, և այս փաստը անտեսել չի կարելի։
ԱԷԿ ունեցող երկիր լինելու համար պետք է վճարես նաև քո գրպանից։ Ձրի պանիրը թակարդում է։
ԱԷԿ ունեցող պետությունը պարտավոր է ինքնուրույն վճարել առնվազն 40%՝ դառնալով ԱԷԿ-ի բաժնեմասի տեր, ինչը կարևոր է նաև պատասխանատվության առումով։
«123» անվանումով փաստաթուղթը հենց այդ պատասխանատվության մասին է։
ՀՀ-ին անհրաժեշտ այդ 40%-ի գումարը մեզ կվարկավորի ՀԲ-ն՝ միանշանակ շատ ավելի ցածր տոկոսադրույքով, քան Չինաստանը կտրամադրի իր փոխարժեքով՝ յուանով։
Որտե՞ղ է չինական և ամերիկյան առաջարկների համեմատական ուսումնասիրությունը, ո՞վ է այն իրականացրել։ Ես վստահ եմ, որ չինական առաջարկը՝ թե՛ փոխարժեքի, թե՛ վճարման պայմանների, ինչպես նաև բազմաթիվ այլ՝ ոչ երկրորդական դրույթների մասով, իրականում ավելի թանկ է, քան ամերիկյան և ֆրանսիական առաջարկները։
ԱՄՆ մոդուլային ռեակտորները գոյություն ունեցողներից ամենալավն ու հուսալին են։ Դրանք արտադրվում են 1958 թվականից և երկարամյա ու լուրջ փորձություն են անցել ԱՄՆ ռազմածովային նավատորմի սուզանավերի, իսկ հետագայում նաև ավիակիրների վրա։
Չինաստանում արտադրվող ապրանքների շուրջ 99%-ը հիմնված է ամերիկյան տեխնոլոգիաների վրա, ներառյալ ավտոմեքենաները։ ԱՄՆ-ը տեխնոլոգիական առումով աշխարհի ամենազարգացած երկիրն է, և հակառակը պնդելը անգամ քննարկման արժանի չէ։
Բնականաբար, վերջերս ստորագրված համաձայնագրով ՀՀ-ի ռուսական էներգետիկ կախվածությունը կարող է կրճատվել մոտ 50 տոկոսով, և հենց դա է խիստ զայրացրել ՌԴ-ին։
Այնուհանդերձ, կարծում եմ՝ օգտակար կլիներ, որ ամբողջությամբ ռուսական շահ սպասարկող քաղաքական ուժերը, Ջեյ Դի Վենսի խոսքի համատեքստից հատվածներ կտրելով և թարգմանությանը հղում անելով սուր մեկնաբանություններ անելու փոխարեն, դիմեին իրենց ռուս կուրատորներին, փորձեին նրանց բերել մրցակցային դաշտ և ինչ-որ կերպ օգտակար լինեին մեր երկրի և նրա առաջընթացին։
Հ.Գ. ՀՀ-ն շարժվում է զարգացման և առաջընթացի ուղղությամբ, և՝ փառք Տիրոջը»։


















































