Սեպտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմում հյուրընկալել է ՀՀ Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ և կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսին և քաղաքացիական կամավորների։
💬Ֆրանսիացի հյուրերի այցի նպատակն էր քննարկել Վայոց ձորի մարզում ֆրանսերենի ուսուցման, ֆրանկոֆոն մշակույթի արժեքների տարածման հարցերը, ինչպես նաև ներկայացնել Ֆրանսիական քաղաքացիական կամավորին, ով դեսպանության հովանու ներքո Վայոց ձորի մարզում կծավալի կամավորական աշխատանքներ ֆրանկոֆոնիայի զարգացման և տարածման նպատակով։
Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալը, գլխավոր քարտուղարը, խորհրդականը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետը։
🔷Մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը և բարեկամական հարաբերությունները խարսխված են ամուր հիմքերի, ընդհանուր արժեքների և փոխադարձ հետաքրքրությունների վրա և ունեն զարգացման լայն հեռանկարներ։ Այն դրսևորվում է նաև տարածաշրջանային մակարդակում տարբեր ուղղություններով, ուստի կարևորվում են նաև ապակենտրոնացված համագործակցության ակտիվացման ու ներուժի օգտագործման հնարավորությունները։
Կարդացեք նաև
💬Քննարկման առանցքային թեման կրթության ոլորտում իրականացվելիք ծրագրերն էին, ուստի ներկայացվեց մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման ընդհանուր պատկերը։ 5 դպրոցում որպես օտար լեզու շուրջ 737 աշակերտի կողմից ուսումնասիրվում է ֆրանսերենը՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական, Զառիթափի, Աղնջաձորի, Բարձրունու և Գետափի միջնակարգ դպրոցները։
Դասանյութը մատուցվում է ժամանակակից մեթոդիկայով և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Ֆրանսերենի ուսուցիչները վերապատրաստում են անցել Ֆրանսիայի Հանրապետությունում՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, մասնակցել են հեռավար վերապատրաստումների, ինչպես նաև ՀՀ-ում իրականացվող ծրագրերին և վերապատրաստումներին:
🔷Դոմինիկ Վեսը շնորհակալություն է հայտնել ընդունելության և այն ջանքերի համար, որ ներդրվում են մարզում ֆրանսերենի դասավանդման, տարածման, խնդիրների լուծման ուղղությամբ, ապա ներկայացրել է կամավորի աշխատանքի ընդհանուր ուղղությունները՝ կրթություն, մշակույթ, երիտասարդության ոլորտ։
Քննարկվել են համագործակցությանն առնչվող այլ ընթացակարգային հարցեր ևս։
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ