Օրերս ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պաշտոնական տեղեկատվություն տարածեց, ըստ որի ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ, 1962թ․ ծնված Ա․Վ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Վերջինիս տեղափոխել է քաղաքացիական բժշկական հաստատություն, օգոստոսի 29–ին, ժամը 23։58-ին արձանագրվել է Ա․Վ․-ի կենսաբանական մահը։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ կալանավորված անձի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «Քրեական օրենսգրքի» 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախաքննության շահերից ելնելով՝ չի կարող շատ բան նշել, սակայն համաձայն չէ մահացած կալանավորված անձ Արտաշես Վարդանյանի պաշտպան Էրիկ Բեգլարյանի լրատվամիջոցների հետ արտահայտած տեսակետի հետ։
Հիշեցնենք, ըստ Էրիկ Բեգլարյանի, իր պաշտպանյալը բազմիցս ահազանգել է առողջական խնդիրների մասին, բայց նրան «երկար ժամանակով չէին տեղափոխում հիվանդանոց կամ բժշկական մասնագիտացված հաստատություն՝ պատշաճ բժշկական օգնություն ստանալու նպատակով»։ «Դիմումների անտեսումը եւ համապատասխան արձագանքի բացակայությունը, ըստ ամենայնի, հանգեցրել են այս ողբերգական արդյունքին»,-ասել էր փաստաբանը։
Կարդացեք նաև
«Արտաշես Վարդանյանն առաջնային բուժզննության է ենթարկվել, հետեւում էինք նրա առողջական վիճակին, պլանային բուժզննություններ իրականացվում էին, սակայն առողջության վատթարացման մասին դիմում՝ պաշտպանի կամ հենց կալանավորված անձի կողմից չենք ստացել»,-նշեց Կամո Մանուկյանը։
Արտաշես Վարդանյանի մահը ՔԿՀ-ներում այս տարի մահվան 17-րդ դեպքն է։ Ըստ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության կենսաբանական մահերի մեծ մասը տեղի է ունեցել սրտանոթային հանկարծակի դեպքերի հետեւանքով։
Անազատության մեջ գտնվող անձինք առողջության հետ կապված շատ խնդիրներ են ունենում։ Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ՝ ազատության մեջ նրանք տարիներով չեն հետազոտվում, ու երբ առաջնային բուժզննում են անցնում արդեն քրեակատարողական հիմնարկներում՝ ախտորոշվում են մի շարք հիվանդություններ։ Կա նաեւ մի մեծ խումբ, որոնք երկար տարիներ պատիժ են կրում ու նրանց մոտ առկա առողջական խնդիրները տարեցտարի ավելանում են։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զառա Հովհաննիսյանի կարծիքով, քրեակատարողական հիմնարկներում մահացությունների թվի աճն ահազանգ է՝ անհապաղ բարեփոխումների մասին։ «Պետք է այնպիսի մեխանիզմներ մշակել, որոնք հնարավորություն կտան առաջնահերթության կարգով առողջապահության ոլորտում կարեւորել հրատապությունն ու համակարգի ներսում սոցիալական աջակցությունը»,-նշում է նա։
Մարդը, մուտք գործելով փակ հաստատություն, սթրեսի է ենթարկվում, ու շատ կարեւոր է՝ նրան սոցիալական աջակցություն ցույց տալը։
Զառա Հովհաննիսյանը մտահոգ է նաեւ՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունների համապատասխանության մասով։ «Անձինք ունեն առողջական խնդիրներ, որոնք վատթարանում են քրեակատարողական հիմնարկում, բացի դրանից, նաեւ արագ արձագանքման հետ կապված խնդիրներ կան»,-ասում է տիկին Հովհաննիսյանը։
Քրեակատարողական բժշկության կենտրոնի փորձագետները հետաքրքիր մի դիտարկում են առանձնացրել։ Ըստ նրանց հետազոտության՝ դատական նիստերի ձգձգումները նույնպես նպաստում են բժշկական օգնության սպասող անձանց վաղաժամ մահվանը։ Խրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք կան, որոնք ունեն պատիժը կրելու հետ անհամատեղելի հիվանդություններ, միջգերատեսչական հանձնաժողովները տվել են համապատասխան եզրակացություններ, սակայն դատական նիստերի ձգձգման պատճառով անձը բանտում մահացել է։
Հ․Գ․ Հարցումներ ենք ուղարկել համապատասխան պատկան մարմիններին, դրանք ստանալուն պես՝ մեկ անգամ եւս կանդրադառնանք բանտերում մահացություն դեպքերին։
Լուսանկարում ՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի «Արմավիր» ստորաբաժանումն է:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ