Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ջրեր են բաց թողնում Գետառի մեջ

Սեպտեմբեր 03,2025 12:00

Վերջին 1-2 տարիներին, օրը 24 ժամ «Կինոհայրենիքի» խաչմերուկի մի քանի փողոցների բնակիչներ խեղդվում են Գետառից տարածվող թանձր կեղտաջրերի գարշահոտությունից

 

Երեւանի «Կինոհայրենիքի» խաչմերուկի մի քանի փողոցների բնակիչներն ուղղակի խեղդվում են գարշահոտությունից: Արշակունյաց փողոցի` 53ա (53ա/33), 53, 51, 49, 47 շենքերում, Գարեգին Նժդեհ 35 շենքի եւ դրա մերձակա տարածքներում օդն ուղղակի անտանելի է դարձել:

Նշված բնակելի շենքերի բնակիչներն ահազանգում են. «Սա միայն կենցաղային աղբի հոտ չի, գետն այս պահին չի կարելի ասել, որ կեղտոտ է: Ուրեմն, սա կոյուղաջրերի հոտ է: Թող քաղաքային իշխանությունները պարզեն, պատասխանեն` ի՞նչ ջրեր են բաց թողնում Գետառի մեջ…»: Բնակիչները հրավիրում են քաղաքապետարանի աշխատակիցներին երեկոյան ժամերին գալ «դեպքի վայր», ըստ նրանց` հատկապես երեկոյան հոտը սաստկանում ու անտանելի է դառնում: «Օրը 24 ժամ այս հոտը «բուրում» է, այս հոտը ամենուր է, մեր տների մեջ է: Այլեւս անհնար է դիմանալ: Մենք խեղդվում ենք այդ հոտից», նշում են բնակիչները` առաջարկելով լուծում:

 

Գետառը Երեւանի բաղկացուցիչ մասն է եւ դրա բնապահպանական խնդիրներից մեկը: Գետառը Հրազդանի ձախ վտակներից է, սկզբնավորվում է Գեղամա լեռներից, հոսելով Երեւանի միջով՝ խառնվում է Հրազդանին:

Ժամանակին Գետառն ուժեղ սելավների պատճառ է դարձել: Տարեցները պատմում էին, որ 1946 թվականին իսկական աղետ է տեղի ունեցել մայրաքաղաքում, Գետառը կենտրոնը բառացիորեն ավերել է: Փլուզվել են հողաշեն տներ, ավերվել են գլխավոր փողոցների բազմահարկ շենքերի նկուղներն ու առաջին հարկերը կուլ են գնացել պղտոր ջրերին: Քարուքանդ են եղել տրամվայի գծերը, ավերվել են մայթեր, ասֆալտապատ ճանապարհներ, արմատախիլ են եղել ծառեր, ջրածածկ են եղել այն տները, որոնք գտնվում էին ներկայիս Շախմատի տնից մինչեւ Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում: Գետառի վարարումներ, հեղեղումներ եղել են նաեւ 1947, 1950 թվականներին: Այնուհետեւ սկսել են Գետառի ափերի ամրացման եւ ափամերձ պատնեշների կառուցման աշխատանքներ. մայրաքաղաքի որոշ հատվածներում Գետառը փակել են, եւ այժմ միայն երեւանցիները գիտեն, որ այդ հատվածներում՝ ասֆալտի եւ բետոնի հաստ շերտի տակ Գետառն է հոսում, որը մասամբ անցնում է կա՛մ թունելով, կա՛մ բետոնապատ է:

Մայրաքաղաքում Գետառի որոշ հատվածների փակումը թույլ տվեց մասամբ անցորդների աչքերից թաքցնել գետի իրական աղետալի վիճակը: Վերջին 2-3 տասնամյակներին Գետառի բաց մասերում պարբերաբար աղբի կույտեր են լցվում, գետը ողողվում է կենցաղային թափոններով:

Սակայն հատկապես վերջին 1-2 տարիներին սարսափելի գարշահոտություն է տարածում: Ակնհայտ է, որ տարեցտարի գարշահոտությունն էլ ավելի է ուժգնանում, այս տարի` ուղղակի անտանելի է դարձել: Հատկապես երեկոյան ժամերին թանձր ու ահավոր անտանելի հոտը, որն ավելի շատ կոյուղաջրերի հոտ է հիշեցնում` ուղղակի բնակիչների բնակարանների մեջ է, քանի որ գարնան կեսերից մինչեւ աշնան կեսերը մարդկանց բնակարանների պատուհանները բաց են:

Մասնավորապես` «Կինոհայրենիքի» խաչմերուկի մի քանի փողոցների բնակիչներն ուղղակի խեղդվում են գարշահոտությունից, նրանք ահազանգում են, որ տարեցտարի իրավիճակն ավելի է վատթարանում, ուղղակի արդեն դիմանալու չէ` շուրջբոլորը սարսափելի գարշահոտ է տարածվում: Արշակունյաց փողոցի` 53ա (53ա/33), 53, 51, 49, 47 շենքերում, Գարեգին Նժդեհ 35 շենքի եւ դրա մերձակա տարածքներում օդն ուղղակի անտանելի է դառնում օրվա տարբեր ժամերին, կարծես` մեկ ուժեղանում է, մեկ թուլանում:

Ի դեպ, հենց այս հատվածում են` Հովհաննես Թումանյանի անվան N32 հիմնական դպրոցը, «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը, որոնք գտնվում են միմյանց հարեւանությամբ` Սեւանի 132 հասցեում, Սմբատ Զորավարի փողոցի բազմաթիվ բնակելի տները, որոնք գտնվում են Արշակունյաց փողոցի հարեւանությամբ, նշված դպրոցների ետնամասում` Գետառին շատ մոտ:

Այսքան բնակելի շենքերի բնակիչներ, հաստատությունների սաներ շնչում են այս օդը: «Կինոհայրենիքի» նշված հասցեների բնակելի շենքերի բնակիչներն ասում են. «Սա կենցաղային աղբի հոտ չի, գետն այս պահին չի կարելի ասել, որ կեղտոտ է: Սա կոյուղաջրերի հոտ է, թող պարզեն` ի՞նչ ջրեր են բաց թողնում Գետառի մեջ: Թող գան քաղաքային իշխանությունները ցանկացած օր, հատկապես` երեկոյան ժամը 19:00-20:00-ից հետո, տեսնենք` քանի՞ րոպե կդիմանան էս հոտի մեջ: Մենք ապրում ենք այս շենքերում, օրը 24 ժամ այս գարշահոտության մեջ ենք, այս օդն ենք շնչում ամբողջ տարի, այս հոտը մեր տների մեջ է: Սա դիմանալու չի: Խեղդվում ենք արդեն այս հոտից»:

Բնակիչները զայրացած են Երեւանի քաղաքապետարանի անգործությամբ, լուծում են պահանջում ու իրենք էլ առաջարկում են. «Եթե չեն կարողանում գետը մաքուր պահել, ուրեմն, ինչպես Սովետի թվերին են փակել Կենտրոնում Գետառը` ասֆալտի ու բետոնի հաստ շերտով, թող հիմա էլ փակեն այս հատվածը, կոնկրետ` «Կինոհայրենիքի» խաչմերուկի Արշակունյաց փողոցի 53ա (53ա/33), 53 շենքերի եւ Գարեգին Նժդեհ 35 շենքի մուտքերի մոտ գտնվող Գետառի հոսող հատվածը»: Այս երեք բնակելի շենքերն իրար կպած են եւ այստեղ է գետը ամենավարարը, ու ըստ բնակիչների` «այդտեղից ելնող կոյուղաջրերի հոտը ամենաուժեղ ձեւով է բարձրանում»:

Մոտակայքում սննդամթերքի խանութներ ու կետեր են, դեղատներ, անգամ «Կինոհայրենիքի» խաչմերուկում` Արշակունյաց պողոտայում դեպի Կենտրոն գնացող կանգառի` «Լեւոն եւ Լամարա» դեղատան մոտ մշտական տաքսու վարորդներն են դժգոհում. «Գետառի գարշահոտը մեր մեքենաների մեջ ա, ուղեւորները նստում են, ասում են` էս ի՞նչ ահավոր հոտ է…»:

Բնակիչները տեսնում են, որ տարին մեկ անգամ գարնանը` ապրիլ-մայիս ամիսներին գետը մաքրվում է, սակայն դա բացարձակապես որեւէ օգուտ չի տալիս: Ըստ բնակիչների. «Գարնանը գալիս են, Գետառը մաքրում են խոշոր աղբից: Բայց հենց նույն օրը, մաքրող տրակտորը հեռանում է` երեկոյան ժամերին էլի նույն կոյուղաջրի հոտը կա: Խնդիրը քարերը, պլաստիկ շշերը, ցելոֆանները եւ այլ խոշոր աղբը չէ, որ հավաքում են տեխնիկայով: Խնդիրը այդ հոտն է, որը բնականաբար մեծ տեխնիկայով որսալու բան չէ»:

Բնակիչները հորդորում են քաղաքային իշխանություններին լուծել այդ խնդիրը` այդ հատվածում Գետառը փակելով, որովհետեւ այլ ելք չեն տեսնում:

Նշենք, որ 2024թ. օգոստոսի 21-ին Երեւանի քաղաքապետարանը հայտնեց, որ Գետառի վրա կառուցվում է ջրի մաքրման կայան, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում: Նշել էին, թե կայանը նաեւ զտում է ջուրը, որի շնորհիվ կեղտաջուրը չի հասնում Հրազդան գետ, այսինքն` կենցաղային աղբը, կեղտաջուրն այլեւս չեն լցվի Երեւանյան լիճ:

Այնուհետեւ, 2024թ. սեպտեմբերի 3-ին Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնեց, որ Գետառի վրա կառուցվում է կենսաբանական մաքրման կայան.

«Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող գոտու կարգավիճակի տրամադրման գործընթացի շրջանակներում կառուցում ենք ջրի նախնական կենսաբանական մաքրման կայան Գետառի վրա, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, իսկ Հրազդան գետի վրա սկսել ենք 2 աղբաորսիչ կայանների շինարարական աշխատանքները: Կայանների կառուցման նպատակը կեղտաջրերի եւ կոշտ կենցաղային աղբի ներթափանցման կանխարգելումն է, ինչը կնպաստի քաղաքում ջրային մակերեսների` Գետառի, Հրազդան գետի, ինչպես նաեւ Երեւանյան լճի առողջացմանը»:

Անցյալ տարի սեպտեմբերին հայտնեցին, որ սարքերի մատակարարումն ընթացքում է, եւ որ կենցաղային աղբից մաքրող կայանն ու աղբաորսիչ համակարգը կսկսի գործել անցյալ տարեվերջից։

Մինչդեռ «Կինոհայրենիքի» նշված հասցեների բնակիչները նշում են, որ այդ կայաններով կոշտ կենցաղային աղբը որսալը, թեեւ Գետառի մաքրմանը կարող է որոշակիորեն նպաստել, այն առումով, որ տեսանելի մեծ աղբ չլինի, սակայն փաստը մնում է փաստ, որ չի լուծվում գարշահոտության խնդիրը, որը, ըստ բնակիչների` «ոչ թե կենցաղային աղբի հոտ է, այլ` կոյուղաջրերի հոտ է»: Նրանք նշում են, որ «ապրել այս օդում այլեւս հնարավոր չէ» ու քաղաքային իշխանություններից լուծում են պահանջում, վստահեցնելով, որ «հետեւողական են լինելու խնդրի լուծմանը»:

Սեփ. լրատվություն

«Առավոտ» օրաթերթ 02.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930