Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ասել՝ սիրեք այն քաղաքը, որտեղ ապրում եք»

Սեպտեմբեր 03,2025 12:30

Լույս է տեսել արձակագիր, դրամատուրգ, կինոգետ Դավիթ Մուրադյանի «Երեւանի սառը ջուրը» պատմվածքների ժողովածուն

Գրող Դավիթ Մուրադյանը տասնամյակներ շարունակ ընթերցողներին է ներկայանում ինչպես կինոգիտական հոդվածներով, դիտարկումներով, այնպես էլ պատմվածքներով, էսսեներով։ Հեղինակի գրիչը տեսել է ժամանակի վայրիվերումները, ապրել է փոփոխվող իրականության մեջ ու դարձել գեղարվեստական լեզվով ժամանակը վավերագրելու հզոր միջոց։ Վերջերս լույս տեսած «Երեւանի սառը ջուրը» գրքում Դավիթ Մուրադյանը ընթեցրողների համար ճանապարհորդություն է կազմակերպել Երեւանով. տրամվայի պարկից մինչեւ ժամացույցի գործարան, օպերայի շրջակայքից մինչեւ Կոնդ ու այլ թաղամասեր։ Հեղինակի համար քաղաքը ոչ միայն ֆիզիկական տարածք է, այլեւ հիշողության, ինքնության եւ մշակութային ժառանգության պահոց։ Նրա ստեղծագործության մեջ Երեւանը ներկայանում է որպես կենդանի օրգանիզմ, որի փողոցներն ու թաղամասերը կրում են մարդկային ճակատագրերի ու պատմությունների ծանրությունը։ Քաղաքային միջավայրը՝ ժամանակի հոսքը, անցյալի ու ներկայի շերտավորումները, հասարակական փոփոխությունները եւ անհատական ապրումները կարծես հեղինակին մղում են միասնական պատմություն պատմելու։

«Քանի որ ես իմ ամբողջ կյանքում ապրել եմ Երեւանում, իմ մեջ նստվածք է տվել քաղաքի առօրյան, էությունը, հատկապես վերջին դժվար տարիներին։ Օրինակ պատերազմը քանի որ ունեցավ ոչ միայն զոհեր, այլ մասնակիցներ, որոնք մինչեւ կյանքի վերջին օրը տանելու են իրենց հոգու խորքում։ Եվ իմ մի քանի պատմվածքների հերոսները հենց նրանք են՝ պատերազմի վերքը կրողները»,-ասում է Դավիթ Մուրադյանը։ Վերջինս համակարծիք է, որ ամեն տարիք իր գրականությունն է բերում։ Ինքն էլ հիշեց հեղինակային առաջին գրքի ծնունդը 1976-ին, երբ ընդամենը 26 տարեկան էր։

«Ի՞նչ է գրում 26-ամյա երիտասարդը։ Նրա միակ անցյալը մանկությունն է։ Ուրիշ անցյալ դեռ չունի, մանկությունն ապրված է։ Այն, ինչ ապրված չէ՝ չի գրվում։ Եվ այդ առաջին գիրքս ամբողջովին իմ անցած մանկությունն է եւ այն մարդիկ, ովքեր այդ մանկության մեջ եղել են՝ ծերունիներ, ծնողներ, բակի շուն։ Ավելի ուշ շրջանում արդեն, երբ հասուն մարդ ես դառնում, դու էլի նկարագրում ես այն ժամանակը, որի մեջ այդ պահին կաս, բայց բոլորովին այլ աչքերով ես իմաստավորում ժամանակը։ Այդ ժամանակների մեջ ապրում էին ստալինյան ռեժիմի բռնադատված մարդիկ, նրանք ապրում էին մեր կողքին։ Աքսորներից եկած մարդիկ էին ապրում, մենք շփվում էինք իրենց հետ։ Եվ դա չէր կարող չարտացոլվել իմ առաջին վիպակում»,-նշում է վաստակաշատ արձակագիրը։

Դավիթ Մուրադյանը հիշում է, որ երկար տարիներ չէր գրում. Արցախյան շարժման ու առաջին պատերազմի տարիներին ժամանակն ու հոգեվիճակը թույլ չէին տալիս ստեղծագործել։ Մութ ու ծանր պայմանները նրան նույնիսկ մտածելու առիթ էին տվել, թե կորցրել է գրական վարպետությունը։ Սակայն 2000-ականների սկզբին, եվրոպացի գրողների հետ համատեղ նախագծի հրավերից հետո, նա գրեց «Եվրոպան անիվների վրա» գիրքը, որը թարգմանվեց մի շարք լեզուներով։ Հեղինակի խոսքով՝ այդ գրքից հետո նրա գրիչը «արթնացավ»։ Ահա այդպես սկիզբ դրվեց մի նոր ճանապարհի եւ Դավիթ Մուրադյանը սկսեց ստեղծել գեղարվեստական գործեր, որոնք առ այսօր հիացնում ու ջերմություն են պարգեւում ընթերցողներին։

Դավիթ Մուրադյանի արձակին բնորոշ են լակոնիկ նախադասությունները, որոնց միջոցով նա խտացնում է տեքստի գաղափարական ու հուզական բովանդակությունը։ Այս ձեւը նրան թույլ է տալիս յուրաքանչյուր երեւույթ նկարագրել առանց ավելորդ մանրամասների։ Մեր հարցին՝ ո՞րն է «Երեւանի սառը ջուրը» գրքի հիմնական ուղերձը, արձակագիրը պատասխանեց. «Ուզում եմ ասել՝ սիրեք այն քաղաքը, որտեղ ապրում եք»։ Մեր զրույցի վերջում հավելեց՝ հաջորդ գիրքն էլ է պատրաստ հրատարակման, բայց այն ընթերցողի սեղանին կհայտնվի ձմռանը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

02.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930