Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ արդիականություն և հրատապություն ունի որակյալ դասագրքերի ստեղծման գործը: Չէ՞ որ անհրաժեշտ է բարդ երևույթները ներկայացնել աշակերտների համար պարզ ու մատչելի լեզվով»

Սեպտեմբեր 03,2025 12:48

Օրերս լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտահանրամատչելի՝ «Ռոսլին» արվեստի հանդեսի 2025 թվականի հերթական՝ ամառային համարը։

Aravot.am-ը ուշադրության կենտրոնում է պահում տարվա 4 եղանակներին 4 անգամ հրատարակվող այս հանդեսը հետևյալ պատճառով: «Ռոսլին»-ը արվեստի բացառապես բոլոր ճյուղերին անդրադարձող, Հայաստան-Սփյուռք մշակութային կապերը ներկայացնող միակ գիտահանրամատչելի հանդեսն է: Լույս տեսած այս՝ ամառային հանդեսի առիթով էլ, չխախտելով ավանդույթը դարձյալ զրույցի հրավիրեցինք ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանին:

– Խնդրում եմ ներկայացնեք այս համարի համառոտ բովանդակությունը։

– Ակնհայտ է, թե ինչ կարևոր նշանակություն ունի կրթությունը, մանավանդ՝ գեղարվեստական կրթությունը, գրագետ սերունդ դաստիարակելու գործում: Այս առումով մեծ արդիականություն և հրատապություն ունի որակյալ դասագրքերի ստեղծման գործը, ինչը չափազանց բարդ է: Չէ՞ որ անհրաժեշտ է բարդ երևույթները ներկայացնել աշակերտների համար պարզ ու մատչելի լեզվով: Այս առիթով հիշեմ Կոմիտասի հանրահայտ պատգամը. «Ուսուցիչ պարոններ և քույրեր, զգուշությամբ ու երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը: Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է: Սխալ ուղղությամբ` ազգ մը կխորտակեք վերջը»:

Վերջերս ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջա­նակներում հրատարակվեց կերպարվեստի ընդ­հանուր պատմությանը նվիրված, հայերեն լեզվով շարադրված ոչ թարգմա­նա­կան առաջին ուսումնական ձեռնարկի՝ անվանի արվեստաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկ

տոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. կերպարվեստ» եռամաս դասագրքի վերջին՝ երրորդ, հատորը, որտեղ ներկայացված են XX դարի արևմտյան կերպարվեստի հիմնական ուղղությունները, ինչպես նաև նույն դարաշրջանի ռուսական և հայկական կերպարվեստի համառոտ պատմությունը: Վաղուց սպասված և պահանջված դասագիրքն արդեն լայնորեն կիրառվում է Հայաստանի արվեստի դպրոցներում և բուհերում:

Եվ ահա «Ռոսլինն» այս համարում տպագրել է արվեստաբան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հայցորդ Լիլիթ Սարգսյանի «Վաղուց պահանջված դասագիրք» գրախոսությունը (էջ 14-25), որտեղ հեղինակը մանրակրկիտ ու հանգամանորեն ներկայացրել ու արժևորել է պրոֆեսոր Աղասյանի կարևոր աշխատությունը:

Ինչպես գիտենք՝ «Ռոսլինն» իր ընթերցողին է ներկայացնում ինչպես հայ դասական կերպարվեստի երևելի ներկայացուցիչների, այնպես էլ Հայաստանում ու սփյուռքում գործող երիտասարդ նկարիչների ու քանդակագործների ստեղծագործությունը։

 

Համարը բացվում է հայ ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի ջրանկարչության վերաբերյալ հոդվածով, որի հեղինակն է Վարպետի թոռնուհին՝ Մ.Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը: Հեղինակը քննության է առել համարյա 60 տարիների ընթացքում՝ 1904-1964 թվականներին Մ.Սարյանի վրձնած ջրանկարները:

Այս համարի «Եռաչափ խոստովանանք»-ում ներկայացված է երիտասարդ նկարչուհի Վիկտորյա Շահբազյանը (էջ 84-93): Առաջին 2 արարներում թատերագետ Ելենա Դանիելյանի հարցազրույցն է նկարչուհու հետ, իսկ Արար 3-ում արվեստաբան, Ջոտտոյի արվեստանոց-թանգարանի աշխատակից Սիլվիա Մանուչարյանը «Վիկտորյա Շահբազյանի մարտահրավերային աշխարհում» հոդվածում ներկայացրել է արվեստագետի ստեղծագործության վերլուծությունը։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Պողոսյանը «Հոգևոր փոխարկումների նկարիչը» հոդվածում (էջ 38-41) անդրադարձել է Գյումրիում ծնված, 2010 թվականից Ֆրանսիայում բնակվող գեղանկարիչ Արման Թադևոսյանի ստեղծագործությանը:

Ինչպես նկատել է արվեստաբանը. «Ա.Թադևոսյանի ստեղծագործական աշխարհում տեղ են գտել ինքնատիպ և բազմաժանր հորինվածքներ ֆիգուրատիվ և վերացական արվեստի սահմանաբաժանին: Գեղարվեստական մեծաչափ հորինվածքներում առաջնային նշանակություն ունեն հեղինակի կողմից հոգևորի բազմաբնույթ ընկալումները» (էջ 39):

Հնգամյա գործունեության ընթացքում «Ռոսլինի» շուրջ արդեն ձևավորել է մշտական հեղինակների ստվար բանակ, որի առաջամարտիկներից է Երևանի պետական համալսարանի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, արվեստագիտության թեկնածու Հռիփսիմե Վարդանյանը: Այս անգամ նա «Սուրեն Ազիզյան. ճակատագրի ստվերները» հոդվածում վարպետորեն բացահայտել է նկարիչ Սուրեն Ազիզյանի (1922-1996) արվեստը (էջ 72-77):

«Ռոսլինի» էջերում լուսաբանվում են նաև հայ նկարիչների և քանդակագործների՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս կազմակերպված ցուցահանդեսները։ 2025թ. գարնանը Հայաստանի ազգային պատկերասրահի առաջին հարկի երեք ցուցասրահներում կազմակերպվել էր քանդակագործ-գրաֆիկ Սամվել Ղազարյանի «Արարման ուղին» անհատական ցուցահանդեսը, որը համադրել էր արվեստաբան Մարիամ Դավթյանը: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի ավագ գիտաշխատող, ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյանի ուղեկցությամբ և հանգամանալից բացատրություններով ընթերցողը ոչ միայն «շրջում է» ցուցահանդեսով և ծանոթանում ցուցահանդեսում ներկայացված գործերին, այլև առհասարակ՝ արվեստագետի ստեղծագործությանը (էջ 64-71):

Ընթերցողը մեծ հետաքրքրությամբ կկարդա ՀԱՍԵ Գուգարաց թեմի Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվեդյանի «Ասորական, վրացական և հունական քրիստոնեական սրբերը Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարներում» հոդվածը (էջ 54-63):

– Արվեստի ինստիտուտը, ինչպես հայտնի է, բազմապրոֆիլ գիտահետազոտական կազմակերպություն է, որտեղ ուսումնասիրվում են հայ արվեստի բոլոր ճյուղերը։ Բնականաբար, «Ռոսլինի» էջերում տեղ են գտնում նաև արվեստի մյուս ճյուղերին նվիրված հոդվածներ։

– Այո։ Այս համարում Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական ղեկավար, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյանը «Հայկական լեռնաշխարհի «Արևելյան դարպասի» վերածնունդը և առեղծվածը» հոդվածում (էջ 42-53) քննության է առել հայ ճարտարապետների, ի մասնավորի՝ Գաբրիել Տեր-Միքելյանի, Վարդան Սարգսյանի, Նիկողայոս Բաևի, Հովհաննես Քաջազնունու, Ֆրեյդուն Աղալյանի, Աննա Օլտեցյանի, Մարտին Թովմասյանի, գործունեությունը Բաքվում և հիմնավորել այն փաստը, որ «Բաքվի դիմագիծը ներկայացնող լավագույն շենքերը, Բաքվի այցեքարտ համարվող կառույցներն իրականացրել են հայ ճարտարապետները» (էջ 52):

Իմ նախաձեռնությամբ այս համարից «Ռոսլին» արվեստի հանդեսը սկսում է «Հայ ժամանակակից թատրոնը» խորագրով շարքը, որի նպատակն է ներկայացնել արդի հայ թատրոններն (ինչպես առաջատար, այնպես էլ՝ մարզային) ու թատերաշխարհի նշանավոր գործիչներին: Շարքի առաջին հյուրը, բնականաբար, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, տաղանդավոր ռեժիսոր եւ թատերական գործի հմուտ կազմակերպիչ Հակոբ Երվանդի Ղազանչյանն է, ում հետ իմ հարցազրույցը տեղ է գտել «Ռոսլինի» 26-37 էջերում:

«Ռոսլինի» հաջորդ համարում կներկայացնեմ Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության արդի փուլը և հարցազրույց թատրոնի տնօրեն, Հայաստանի վաստակավոր արտիստ, տաղանդավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ:

– «Ռոսլինն» աննկատ չի անցնում կարևոր հոբելյանների կողքով…

– Այո։ Այս համարում ևս կան հոբելյանական հոդվածներ: Այսպես՝ արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանի «Երբեք չմոռացա, որ արվեստագետ եմ» հոդվածը (էջ 78-83) գրվել է քանդակագործ, խեցեգործ ու մանկավարժ Վլադիմիր Աթանյանի (1940, Երևան – 2024, Լոս Անջելես) 85-ամյակի առիթով՝ «ի մեծարումն նրա բեղուն ստեղծագործական գործունեության»: Այստեղ հեղինակն անդրադարձել է արվեստագետի գործունեության երևանյան շրջանի մոնումենտալ-դեկորատիվ բնույթի մի շարք աշխատանքների:

Իսկ «Էջմիածին» պարբերականի գլխավոր խմբագիր Գևորգ Մադոյանն անդրադարձել է երկու կարևոր հոբելյանների, որոնք լրացել են 2024 թվականին. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Էջմիածին» գիտական պարբերականի 80-ամյակին ու Գևորգյան հոգևոր ճեմարան-Աստվածաբանական համալսարանի հիմնադրման 150-ամյակին (էջ 101-103):

Համարում տեղ է գտել հրապարակագիր Վրեժ Առաքելյանի «Արվեստների երկրում» էսսեն (էջ 94-100):

Համարը եզրափակվում է Մարտին Հուրիխանյանի «Հանդեսի առաջին հինգ տարին կայացած իրողություն է» հոդվածով (էջ 105-112):

– Իսկ ինչպե՞ս կարելի է ձեռք բերել հանդեսի այս համարը։ Նման հարցով մեզ մեկ-երկու անգամ դիմել են նաև որոշ արվեստագետներ:

– «Ռոսլինը» տարածվում է անվճար։ Կարելի է ծանոթանալ հանրապետության գրադարաններում, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի պաշտոնական կայքէջում, «Ռոսլին» արվեստի հանդեսի կայքէջում և ֆեյսբուքյան էջում։

 

 

Զրույցը՝ Սամվել Դանիելյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930