«Փաստինֆո». «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, որը երեք պատերազմի մասնակից է, դատապարտվել է ազատազրկման՝ զենք պահելու մեղադրանքով։ Վերաքննիչ քրեական դատարանը Աշոտ Մինասյանի նկատմամբ որպես պատիժ սահմանված 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու որոշումը բեկանել է՝ սահմանելով ռեալ ազատազրկում։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։ Քրեական գործը հարուցվել էր 2020թ նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո, երբ պարբերաբար զանգվածային ընդվզումներ էին տեղի ունենում՝ ընդդեմ իշխանության գործողությունների, որոնք ճնշելու համար տեղի ունեցան մի շարք աղմկահարույց ձերբակալություններ։ Այդ օրերին ԱԱԾ-ն հայտարարեց, թե, իբր, Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն է տեղի ունեցել ու 2020թ նոյեմբերի 15-ին, ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանին, Սիսական ջոկատիր լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ Երկաթի», դաշնակցական Աշոտ Ավագյանին։ Դատարանների որոշմամբ՝ վերջիններիս ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվել՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։
Ավելի քան մեկ արի անց հաստատվեց, որ քրեական գործի հարուցումը եղել է մտացածին եւ Վահրամ Բաղդասարյանի, Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի և Աշոտ Ավագյանի նկատմամբ ՝ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այլ խոսքով՝ վերջիններս այժմ ունեն արդարացվածի կարգավիճակ։ Ինչ վերաբերում է զենք-զինամթերքի դրվագին, ապա այդ դրվագով Աշոտ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ հենց նշված՝ զենք պահելու վերաբերյալ դրվագով էլ գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ դեռ 2022թ․։ Ի դեպ, հենց այդ ժամանակ է դատավոր Բորիս Բախշիյանը փոխել Մինասյանի խափանման միջոց կալանքը, ինչից հետո հետապնդումներ են իրականացվել դատավորի նկատմամբ։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, 2024թ․ դեկտեմբերի 26-ին վճիռ է հրապարակել՝ մեղավոր ճանաչելով Մինասյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտելով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, ինչին հաշվակցելով Մինասյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել, Մինասյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանվել՝ 1 տարի ժամկետով։ Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել, Մինասյանի պաշտպանը պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և արդարացման դատական ակտ կայացնել, մեղադրանքի կողմն էլ պահանջել է բեկանել և Մինասյանի նկատմամբ որպես պատիժ սահմանել ռեալ ազատազրկումը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։
Կարդացեք նաև
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Արմեն Դանիելյանի և Հարություն Պետրոսյանի, նախօրեին հրապարակել է վճռի եզրափակիչ մասը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի վճիռը մասամբ։ Ըստ այդմ՝ պատժի կրումից պայմանական ազատումը վերացվել է և որպես պատիժ նշանակվել ազատազրկումը՝ 1 տարի 10 ամիս ժամկետով։
Իզաբել Սահակյան