Լրահոս
Օրվա լրահոսը

Կա մեխանիզմ, որպեսզի Միջազգային արբիտրաժի որոշումը կատարվի հարկադրաբար եւ կա մեխանիզմ դա չկատարելու. Սրբուհի Գալյան

Սեպտեմբեր 03,2025 14:31

«Մենք խոսում ենք այն մասին, որ մեր երկրում այլեւս գործում է արբիտրաժային ինստիտուտը, գործում է հաշտարարության ինստիտուտը: Եվ այո, կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրելու, որ այս ինստիտուտները հաջողեն որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներ: Եվ դրա պատճառն այն է, որ մենք ցանկանում ենք ունենալ լավ միջավայր եւ վեճերի կանխատեսելի լուծում, որպեսզի շահագրգռենք այն բոլոր մարդկանց, ովքեր ներդրում են անում կամ ուզում են անել Հայաստանի Հանրապետությունում, ի վերջո, գան եւ անեն այդ ներդրումները: Եվ բացի նշվածը, մենք ունենք մեկ այլ նպատակ եւս. բեռնաթափել այն դատական ծանրաբեռնվածությունը տարբեր ատյաններում եւ դատարաններում, որն այս պահին գոյություն ունի:

Եթե մենք խոսում ենք Միջազգային արբիտրաժի եւ դրա կողմից կայացված վեճերը կատարելու կամ չկատարելու մասին, պետք է նշեմ հետեւյալը: Կա Նյու Յորքի կոնվենցիա, որին մասնակցում ենք մենք: Եվ Նյու Յորքի կոնվենցիան սահմանում է այն դեպքը, երբ պետությունը չի կատարում Արբիտրաժի որոշումը կամովին, եւ այդ որոշումը, երբ չի կատարվում կամավոր դեպքով, պետք է կամ կարող է կատարվել հարկադրաբար: Հարկադրաբար կատարման մեխանիզմը, ես նախկինում էլ եմ նշել, դատարանի որոշման հիման վրա համապատասխան արբիտրաժային որոշման կատարումն է:

Մենք այս պահին ունենք հետեւյալ իրականությունը: Միջազգային արբիտրաժը կայացրել է որոշում՝ ըստ էության հայցի ապահովում կիրառելու մասին: Խոսքը ոչ թե վերջնական որոշման մասին է, այլ միջանկյալ որոշման, որն այս պահին չի կատարվում կառավարության կողմից կամավոր տարբերակով: Կա մեխանիզմ, որպեսզի դա կատարվի հարկադրաբար եւ կա մեխանիզմ դա չկատարելու, եթե դատարանները կորոշեն, որ այդ որոշումը հակասում է հանրային կարգին:

Այն, ինչ ես ասում եմ, ոչ թե ասում եմ իրականությունից կտրված մտքերի տեսքով, այլ ասում եմ կարգավորումներ, որոնք կան միջազգային համապատասխան իրավական ակտերում եւ մեր ներպետական իրավական ակտերում»,-ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով լրագրողի հարցադրմանը, որ կառավարությունը ուղիղ հրաժարվեց կատարել Միջազգային արբիտրաժային դատարանի հրատապ միջանկյալ որոշումը ՀԷՑ-ի գործով, հետեւաբար ինչպե՞ս է Հայաստանն ապահովելու արդարադատության զգացողությունը միջազգային գործընկերների մոտ:

Լրագրողների ճշտող հարցին, թե սպասում են, որպեսզի հարկադրեն, պարտադրեն, ստիպեն, նո՞ր կատարեն որոշումը: Եվ երկրորդ, որ իրենք Հայաստանում անցկացնում են արբիտրաժային շաբաթ եւ դրանից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը չի կատարելու Միջազգային արբիտրաժի միջանկյալ որոշումը, ինչը ծաղրի է նման, տիկին նախարարը պատասխանեց. «Բայց ոչ մեկը չի բացառում, որ Արբիտրաժը գուցեեւ կայացնի այնպիսի որոշում, որը կատարման ենթակա չլինի կառավարության կողմից: Իսկ ինչո՞ւ են ստեղծված այն կարգավորումները, որոնց հիման վրա կարող է ի վերջո արբիտրաժային որոշումը չկատարվել:

Ես շատ չէի ուզենա մեկնաբանել արբիտրաժային համապատասխան որոշումը, բայց այդ որոշումը վերաբերում է մեր օրենսդրական ակտին, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության կողմից: Այսինքն, ՀՀ-ն գործել է օրենքի շրջանակներում և, ըստ էության, արբիտրաժային որոշմամբ սահմանվում է հետեւյալը, որ մենք չպետք է կիրառենք մեր ներպետական օրենսդրությունը: Կներեք, բայց մենք ասում ենք, որ մեր պետությունը իրավական պետություն է եւ պետք է հետեւի իրավական այն կարգավորումներին, որոնք կան, գործող են եւ սահմանադրական են քանի դեռ եւ քանի որ հակառակը դեռ չի հիմնավորվել, եւ արբիտրաժային համապատասխան որոշումն այստեղ, ըստ էության, հակասում է հենց դրան»:

Լրագրողների հիշեցմանը Լիպարիտ Դրմեյանի այլ դիրքորոշման մասին, ինչի համար ազատվեց պաշտոնից, Սրբուհի Գալյանը հակադարձեց. «Նախ, Լիպարիտ Դրմեյանը այլ դիրքորոշում չի հայտնել: Նկարագրել է այն ընթացակարգը, որով սովորաբար անցնում են արբիտրաժային որոշումները: Նաեւ իր խոսքում, նաեւ քննարկումների ժամանակ նշել է այն ընթացակարգը, երբ պետությունը հրաժարվում է կատարել այս կամ այն արբիտրաժային որոշումը: Եվ այդ ընթացակարգը նույնանում է այն ընթացակարգին, որի մասին ես խոսեցի»:

Նախարարը չմեկնաբանեց, թե այդ դեպքում ինչու է աշխատանքից ազատվել պրոֆեսիոնալ կադրը՝ նշելով. «Ազատողը ես չեմ եղել եւ այդ հարցին ես պատասխանել չեմ կարող»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե մտահոգություն չունի՞, որ մի օր էլ իրեն կարող են աշխատանքից ազատել: «Ես որեւէ մտահոգություն չունեմ: Բազմաթիվ անգամ նշել եմ, որ քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում: Եվ այո, շատ հնարավոր է, որ ինչ-որ մի օր չզբաղեցնեմ այս պաշտոնը»,-պատասխանեց նախարարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930