Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ տեսել մի հայ, որը հայ եկեղեցուն դեմ լինի, չպետք է վախենանք մեր կարծիքն արտահայտել»․ Հայաստանի պատվո նախկին հյուպատոս

Սեպտեմբեր 03,2025 15:29

«Այո, ճիշտ եք հասկանում։ Մտածում եմ, որ դա ինձ համար շատ կարևոր, հոգեհարազատ շարժում է։ Գիտեք՝ շարժումը կամավորական է։ Ես կամավոր իմ աջակցությունը, կամքը՝ թիմին միանալու հայտնել եմ, միացել եմ շարժմանը»,- դիտարկմանը՝ ներկա էիք «Մեր ձևով» շարժման շնորհանդեսին, կանգնած էիք շարժման անդամների շարքում և հարցին՝ ճի՞շտ ենք հասկանում, որ Դուք էլ եք միացել շարժմանը, այսպես պատասխանեց Հայաստանի պատվո նախկին հյուպատոս Նարեկ Սպարտակյանը։

The presentation of the ’Mer Dzevov’ (Our Way) movement, founded at the initiative of Samvel Karapetyan, took place during a press conference at the ‘Dvin’ Hotel Complex of Yerevan, Armenia

Նա մանրամասնեց՝ հինգ աշխատանքային խումբ ունեն․ ներգրավված է խմբում, որը զբաղվում է արտաքին քաղաքականությամբ, արտաքին հարաբերություներով, սփյուռքի հետ կապված հարցերով․ «Դուրս գալիս է շարժումը, միացել եմ և ամեն ինչ անելու եմ լիարժեք, որ իմ ներդրումն ունենամ՝ հօգուտ ՀՀ-ի, հայ ժողովրդի»։

Փաստմանը՝ վերջերս ազատվեցիք Եկատերինբուրգում ՀՀ-ի պատվո հյուպատոսի պաշտոնից եկեղեցուն պաշտպանելու համար և հարցին՝ ի՞նչ ճակատագրի է արժանացել հյուպատոսությունը Ձեր՝ պաշտոնից ազատվելուց հետո, Նարեկ Սպարտակյանը պատասխանեց․ «Իմ՝ պատվո հյուպատոսի կարգավիճակը սառեցվեց, որովհետև ՀՀ-ի կողմից նման նոտա էր եկել ՌԴ ԱԳՆ, որ սառեցնեն կարգավիճակը։ Մենք պատվո հյուպատոսի գրասենյակը ստեղծել էինք մեր ուժերով, յոթ տարի առաջ ծրագիր էի մշակել, և ամբողջովին մեր ուժերով էինք անում թե′ գրասենյակը, թե′ այդ ամենը կազմակերպելը։ Երբ սառեցվեց կարգավիճակը, գրասենյակը, պարզ է, փակեցինք, դրոշն իջեցրինք, զինանշանը հանեցինք, բայց մեր քաղաքացիներին տեղեկացրինք։ Սվերդլովսկի մարզի շրջանում ունենք 25 հազար հայ, Պերմսկում՝ 40-50 հազար և Չելյաբինսկի մարզում 40-50 հազար։ Այսօր փաստացի չունենք գրասենյակ, դրոշն իջեցրել ենք։

Գրասենյակը հեղինակավոր տեղ էր՝ հենց եկեղեցու կողքին։ Հայ քաղաքացիների համար էլ կարևոր էր տեղանքը, այն հայտնի էր, խորհրդանիշ էր դարձել։ Փակեցինք, այժմ տարածաշրջանում չկա Հայաստանի պատվո հյուպատոսության գրասենյակ։ ԱՊՀ երկրներն ունեն գլխավոր հյուպատոսություն, մենք չունենք։ Նախկինում՝ մինչև այդ գրասենյակն իմ կողմից ստեղծելը, քաղաքացիների ընդունելություն եղել է եկեղեցում՝ շրջիկ հյուպատոսներով, այդ ամենը՝ թե′ մշակութային և այլ առումներով եկեղեցու, համայնքի այլ կառույցներում երևի փորձեն անել, որ ժողովրդին կարողանան սպասարկել։ Բոլորը ցավով էին նայում գրասենյակի փակվելուն․ ում կարողացել եմ, անձանց ասել եմ, որ մինչև պատվո հյուպատոս լինելը՝ ակտիվ եմ եղել հայկական կյանքում, մեր եկեղեցու հետ միջոցառումներ ենք կազմակերպել։ Անկախ մանդատից, պարզ է, մի քիչ գործիքներն են այլ, բայց վստահ եմ՝ կգտնենք մեթոդներ օգնել տարածաշրջանի մեր հայրենակիցներին»։

Փաստմանը՝ վստահաբար Ձեր շրջապատում կան հյուպատոսներ, դիվանագետներ, որոնք Ձեր կարծիքին են եղել, պաշտպանել եկեղեցուն, բայց վախենում են բարձրաձայնել կամ մտածել են, որ չարժի բարձրաձայնել և հարցին՝ ունե՞ք նման մարդիկ Ձեր շրջապատում, Հայաստանի պատվո նախկին հյուպատոսը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ խնդիրը նույնիսկ վախի մեջ չէ։ Ազգային լուրջ խնդիր ունենք անտարբեր լինելու․ մենք ինչ- որ հարցի կողքով, նեղության մեջ ընկած հայի կողքով կարող ենք անցնել ու ձև անել, որ չենք նկատում։ Ուղղակի տալ մեզ կենցաղին, որ դե, կյանքը լավ է, բնակվում ենք։

Իմ տարածաշրջանում էլ բավականին կայացած գործարարներ կան, բայց Ռուսաստանում գործարարներն ինչքան կայանում են, այնքան մոտենում են ՀՀ-ին․ ուզում են գալ, ներդրում անել։ Հարցի մասին մտածում եմ՝ այո, բայց նաև այն կարծիքին եմ, որ դա ճիշտ չէ։ Մեր երկիրը ժողովրդավարական է, պետք է արտահայտվենք, մեր կարծիքն ունենանք, իսկ հայ եկեղեցին մեր հիմքն ու հարստությունն է, մեր տունն է։ Իմ գործընկերների մեջ, թե ընդհանրապես չեմ տեսել հայի, որ դեմ է հայ եկեղեցուն։

Ռուսական ԶԼՄ-ներն ինձ հարցնում էին Սամվել Կարապետյանի մասին։ Ասացի՝ անձամբ ճանաչում, հարգում եմ, ինքն ինձ համար մեծ հայի, գործարարի օրինակ է։ Ուրալյան շրջանում, ՌԴ-ում չեմ տեսել մի հայ, որը Սամվել Կարապետյան անձին չի հարգում, չի լսել, չի իմանում այդ մարդու արած մեծ գործերի մասին, ինչ մեծ ներդրումներ է անում Հայաստանում և դրսում հայկական կյանքի մեջ։

Ես կողմնակից եմ, որ կարևոր բանի նկատմամբ անտարբեր չլինենք։ Կարող ենք լինել կողմ, կարող ենք լինել մի քիչ կողմ, մի քիչ՝ ոչ, բայց ունենանք կարծիք և չվախենանք արտահայտել։ Ի՞նչ կա վախենալու, պետք է ասենք։ Գործընկերներս էլ, ով այդ կարծիքին է, դեռ չի արտահայտվել կամ մտածում է՝ երբ արտահայտվի։ Կարող է՝ մոտենաք, հարցը տաք, իրենք ճիշտ կպատասխանեն»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930