«Տեսնու՞մ եք հնարավորություն՝ փոփոխություններ կատարելով ընդունել այս նախագիծը»,- ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում հարց հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նիստը նախագահող ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Ես մտավախություն ունեմ, որ եթե բարելավված նախագիծ ներկայացնեմ, այն համահունչ է լինելու գործող օրենքի հետ»։ Նա հստակեցրեց՝ ժխտման, նսեմացման դեպքեր չկան, քրեական գործեր հարուցված չեն։ Միջազգային պրակտիկայում էլ նման հարցերով քրեական գործերը շատ քիչ են։
Հիշեցնենք, հանձնաժողովում քննարկվում էր Արծվիկ Մինասյանի հեղինակած նախագիծը, որը վերաբերվում է Հայոց ցեղասպանությունը նսեմացնելու կամ ժխտելու դեպքերում որոշ հստակեցումների, նաեւ՝ պատժի խստացման։
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել։ Կառավարության ներկայացուցիչը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը հիմնավորեց իրենց տեսակետն՝ ասելով նաեւ, որ եթե նախագծում առանձնացվում է «Հայոց ցեղասպանությունը», դա խտրական վերաբերմունք է։
Կարդացեք նաև
«Եթե «Հայոց ցեղասպանությունը» հանվի՝ կհամաձայնե՞ք նախագծին, «Հայոց ցեղասպանությո՞ւնն» է խնդիրը»,- տարակուսեց Արծվիկ Մինասյանը։
Վլադիմիր Վարդանյանի գնահատմամբ, Արծվիկ Մինասյանի բերած նախագիծն ավելի վատթարացնող է, գործող կարգավորումներն ավելի լավն են։
«Շատ վտանգավոր մարդ եք դուք»,- Վլադիմիր Վարդանյանին դիմեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ հիմնավորումները որոնք ներկայացվում են, արհեստական են եւ փորձ է արվում նախաձեռնությունը նսեմացնել, նաեւ՝ ցույց է տալիս իշխող ուժի վերաբերմունքը այս հարցին։
Նախագծին կողմ քվեարկեց երեք պատգամավոր, 6-ը դեմ էին։ Նախագիծը բացասական եզրակացություն ստացավ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ