Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաժան բան եմ ասում, բայց այսուհետ որեւէ տեղեկատվություն հայ ռազմագերիների վերաբերյալ մենք կարող ենք ստանալ միայն այն ժամանակ, երբ որ Բաքուն դա կամենա». Նաիրա Զոհրաբյան

Սեպտեմբեր 03,2025 16:44

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այսօրվանից Բաքվում «Կարմիր խաչի» գրասենյակի գործունեությունը դադարելու հետեւանքներին այսօր «Հայելի» ակումբում ասաց. «Այսօր պաշտոնապես Բաքվում փակվեց «Կարմիր խաչի» գրասենյակը: Դա նշանակում է, որ մենք այլեւս Բաքվի բերդում գտնվող, Բաքվում խոշտանգվող, Բաքվի ռազմական դատարանում ընթացող խայտառակ ֆարսից չենք կարող իմանալ որեւէ տեղեկություն մեր ռազմագերիների մասին, որովհետեւ միակ կապը, որ հնարավորություն էր տալիս Բաքվում պահվող ռազմագերիների ընտանիքին որոշակի պարբերականությամբ տեսակապով խոսել իրենց հարազատների հետ, ինչ-որ բան՝ նամակներ փոխանցել հարազատներին ու նամակներ ստանալ, այդ կապը եւս ընդհատվեց: Բաքվում, ինչպես Ալիեւը հայտարարեց, 21-րդ դարում չեն գործում այլեւս սահմանադրությունները եւ օրենքները, այլ գործում է բացառապես երկաթե բռունցքը: Եվ այդ երկաթե բռունցքը կոխելով միջազգային հանրության աչքը՝ Բաքվում փակեց «Կարմիր խաչի» գրասենյակը:

Շատ դաժան բան եմ ասում, բայց այսուհետ որեւէ տեղեկատվություն ռազմագերիների վերաբերյալ մենք կարող ենք ստանալ միայն այն ժամանակ, երբ որ Բաքուն դա կամենա, այն էլ այն ինտերպրետացիայով, ինչը որ Բաքուն հարմար կգտնի մեզ փոխանցելու:

Նախօրեին խոսել եմ լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի որդու հետ: Որդին փորձում է ճշտել տեղեկատվությունը, որ եղել է մամուլում, որ 20 օր է՝ իր հայրը հացադուլ է հայտարարել: Որեւէ կերպ այդ տեղեկատվությունը հնարավոր չեղավ ճշտել անգամ «Կարմիր խաչի» միջոցով: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե որքան է զրոյանում որեւէ մեկի մասին որեւէ տեղեկատվություն ստանալու, ճշտելու հնարավորությունը:

Եվ դրան գումարենք այս խայտառակ ֆարսը, որ ընթանում է Բաքվում: Նախօրեին Ռուբեն Վարդանյանի փաստաբանը կրկին բողոքեց, որ թարգմանությունը սխալ է ընթանում: Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Լեւոն Մնացականյանը մեկ բան են ասում, ադրբեջանական մամուլը, դատարանը եւ թարգմանիչները այլ բան են թարգմանում:

Ես հիմա հասկանում եմ, որ անիմաստ է ձեզ դիմել եվրոյոնջաներ, բայց եւս մեկ անգամ դիմում եմ. Բաքուն հայտարարում է, որ բաց դատավարություն է ընթանում: Բաքվին պաշտոնապես դիմել են «Ավրորա» մրցանակաբաշխության մի քանի մասնակիցներ՝ պահանջելով, որ թույլ տան, որ իրենք Բաքվում ներկա լինեն դատավարությանը: Բաքուն մերժել է: Բաքուն հայտարարել է, որ դատավարությունը բաց է եւ ցանկացած լրատվամիջոց կարող է ներկա լինել: BBC-ն, CNN-ը պաշտոնապես դիմել են, որպեսզի ներկա լինեն եւ մեկնաբանեն դատավարությունը: Բաքուն կրկին մերժել է:

Եվ հենց այսօր, երբ Բաքուն պաշտոնապես հայտարարեց, որ «Կարմիր խաչի» գրասենյակը պաշտոնապես դադարեցնում է Բաքվում իր գործունեությունը, մենք չենք տեսնում եվրոյոնջաների վրնջոցը: Այն եվրոյոնջաների, որ եթե Հայաստանը հանկարծ փորձեր փակել այստեղ «Կարմիր խաչի» գրասենյակը այն դեպքում, եթե Հայաստանում լինեին ռազմագերիներ, Հայաստանին կուլ կտային, քաղաքացիական հասարակության լափակերները պոլերին կպառկեին, կասեին, որ ադրբեջանցու խախտված իրավունքները պաշտպանելու համար «Կարմիր խաչի» գրասենյակը պիտի գործի:

Սա իսկապես շատ մտահոգիչ տեղեկատվություն է: Չեմ ուզում խտացնել պատկերը: Բայց ցավոք սրտի, հիմա ինչ էլ անեն մեր ռազմագերիների հետ, ընդհուպ, մինչեւ եթե Բաքվի բերդում մեր ռազմագերիները զոհվեն, կամ նրանց սպանեն, մենք այդ մասին կարող է որեւէ տեղեկատվություն չունենանք կամ իմանանք մեկ, երկու կամ երեք տարի հետո:

Եվ այս ֆոնին մենք տեսնում ենք, որ Շանհայում Աննա Հակոբյանը ֆոտոսեսիաներ է անում Մեհրիբան Ալիեւայի եւ Էրդողանի տիկնոջ հետ: Ուզում եմ հիշեցնել, որ Էրդողանի տիկինն այն տիկինն է, որ Ալիեւին ասում էր՝ պահիր, խոշտանգիր, հանկարծ որեւէ գերի բաց չթողնես, գերիներին կպահես, նրանք քո պատանդը պիտի լինեն, որ Հայաստանի հետ կարողանաս աճուրդ, բազառ անել: Աննա Հակոբյանը ժպտերես նկարվում է Մեհրիբան Ալիեւայի հետ, որն ասում էր, որ Բուդապեշտում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պիտի ծառայի յուրաքանչյուր ադրբեջանցու համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930