Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում այսօր ընթանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ Եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը:
Դատավոր Կարեն Ֆարխոյանին ինքնաբացարկ հայտնվեց:
Փաստաբան Արամ Վարդեւանյանը կասկածներ հայտնեց դատավարության ընթացքի հետ կապված դատարանի անաչառության վերաբերյալ: «Ի վերջո, օրենքի հիման վրա ստեղծված դատարանի չափանիշին անդրադարձել է նաեւ Եվրոպական դատարանը՝ հենց Հայաստանի Հանրապետությանը վերաբերող գործերում: Մանրակրկիտ բացահայտվել են սուբյեկտիվ եւ օբյեկտիվ գնահատման չափանիշները: Եվ այդ տեսանկյունից ես կարող եմ պնդում կատարել, որ 2 չափանիշների, 2 հանգամանքների գնահատման միաժամանակյա առկայության հետ գործ ունենք…
Ինչո՞ւ պետք է ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը նման կերպ գնահատվեր, մենք տվյալ դեպքում խոսում ենք մի քրեական վարույթի մասին, որտեղ կրկին կա ԱԺ պատգամավոր, կրկին նույն խմբակցությունից: Ինչպե՞ս պետք է մենք հաղթահարենք կողմնակալության չափանիշը, երբ օբյեկտիվ իրականության մեջ արդեն ունենք նման վարքագիծ: Մենք չենք կարող կանխատեսել, որ ի վերջո նույն քրեական վարույթով նախագահող դատավորի մոտեցումներն ինչպիսին են լինելու»,-ասաց փաստաբանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Լեւոն Քոչարյանը հիշեցրեց, որ դատավորի վարույթում եղել են նաեւ այլ ընդդիմադիր գործիչների գործեր, եւ իր կարծիքով նախորդ դեպքերում էլ որեւէ արդար որոշում չի կայացվել։ Ինչ վերաբերվում է իրեն, ընդգծեց. «Ձեր վարույթում եղել են գործեր, որոնք ունեցել են ակնհայտ քաղաքական նրբերանգներ: Այդ գործերում ներգրավված են եղել մարդիկ, որոնք ունեցել են կոնկրետ ընդդիմադիր հայացքներ, որոնց համար հետապնդվել են…Դատավորին հայտնի է, թե ով եմ ես, ուստի վստահ եմ, որ դատավորի որոշումը չի կարող վարչապետի սրտով չլինել»: Լեւոն Քոչարյանը նաեւ շեշտեց, որ դատավորից որպես մարդ չի բողոքում, պարզապես նրան չի վստահում որպես դատավոր:
Դատավորը նշեց, որ միջնորդությունը չի բխում օրենսդրության պահանջներից, նաեւ ասաց, որ դատարանը քաղաքականացված կազմակերպություն չէ:
Մանրամասն՝ տեսանյութում.
Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանը ձերբակալվել էր 2023թ․ սեպտեմբերի 22-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, չնայած տեսախցիկներն արձանագրել էին, որ հենց ոստիկաններն են մեքենայի մեջ ծեծի ենթարկում Լևոն Քոչարյանին։
Դատական նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ