Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ-ում պետք է շահագրգիռ լինեին հանրային նշանակության հարցը հանրությանը պարզաբանելու համար. ԽԱՊԿ նախագահ

Սեպտեմբեր 03,2025 20:33

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից մեկնաբանություն էր խնդրել այն մասին, թե ինչու Այբբենարանում չկա հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի լուսանկարը կամ նրա մասին որեւէ տեղեկատվություն:

Հերթական անգամ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարը եւ տեղեկատվության բաժնի պետը պահանջեցին գրավոր հարցում ուղարկել, այն դեպքում, երբ սա տեղեկատվության հարցում չէր, այլ ընդամենը մեկնաբանություն, պարզաբանում էինք ակնկալում:

Մի քանի օր առաջ էլ պարզաբանում էինք խնդրել այն մասին, թե պետական մակարդակով ե՞րբ են Մարկոս Գրիգորյանին նվիրված միջոցառումներ կայանալու, ինչպես հայտարարել էին տարեսկզբին: Մարկոս Գրիգորյանի թեմայով ստիպված մեր հարցը գրավոր էինք ուղարկել էինք, ԿԳՄՍ նախարարությունը 5 օր մտածել եւ ուղարկել էր մի ոչ լիարժեք պատասխան, որի վրա իմաստ չուներ 5 օր ժամանակ ծախսել:

Այբբենարանի թեմայով հրաժարվեցինք գրավոր հարցում ուղարկել, իսկ ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվեց մեզ մեկնաբանություն տրամադրել, ինչի հետեւանքով լրագրողը ազատ է սեփական մեկնաբանությունն անել: Օրինակ, կարող ենք մտածել, որ ԿԳՄՍ նախարարությունը համամիտ է Այբբենարանի հեղինակների հետ, որ ոչ մի դեպքում չպետք է Մեսրոպ Մաշտոցի լուսանկարը լինի Այբբենարանում, կամ, ասենք, ԿԳՄՍ նախարարությունը չի ցանկանում ազգային ակունքների հետ կապված որեւէ տեղեկատվություն տեղ գտնի դասագրքերում, ինչպես հաշտ չէր Հայոց պատմության դասագրքի հետ, դրա համար էլ առարկան վերանվանեց Հայաստանի պատմություն:

«Պետք է հաշվի առնել, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքը նախատեսում է բանավոր հարցման իրավունք, եւ նման հարցման դեպքում, եթե դա համապատասխանում է օրենքին, իսկ դրա մեջ են նաեւ հանրային կարեւորության հարցերը, պատասխանը պետք է պետական մարմնի ներկայացուցիչն անհապաղ տրամադրի»,-ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը Aravot.am-ի հետ զրույցում:

«Առհասարակ վերջին տարիներին պետական մարմինների կողմից Տեղեկատվության ազատության մասին օրենքի ազատ մեկնաբանում է նկատվում: Մենք ունենք բազմաթիվ փաստեր նաեւ 5 օրվա փոխարեն անհիմն 30 օր ժամանակ խնդրելու մասին, եւ անգամ դրանից հետո ասում են՝ չենք տրամադրում պետական, ռազմական կամ այլ գաղտնիք լինելու պատճառաբանությամբ:

Հարցն այն է, որ լրագրողների եւ լրատվամիջոցների հետ աշխատանքում պետական մարմինների մեծամասնությունը բավականաչափ բաց չէ եւ չի ցուցաբերում շահագրգռություն իրենց ունեցած տեղեկությունները կամ անհրաժեշտ մեկնաբանությունները հանրությանը տրամադրելու համար, ինչը լուրջ խնդիր է:

Պետք է պետական մարմիններն իրենց մամուլի պատասխանատուների որակավորումը բարձրացնեն:

Այն դեպքը, որի մասին խոսում եք, պետք է արձագանքի արժանանար նախարարության կողմից եթե ոչ անհապաղ, ապա գոնե ձեզ պետք է կապեին համապատասխան վարչության կամ մասնագետի հետ, որը կարող էր դրա պատասխանը տալ: Այդտեղ գրավոր հարցման անհրաժեշտություն չկար, դա բարդ չէր, որ 5-օրյա ժամկետում պատասխանեին: Իրենք պետք է շահագրգիռ լինեին հանրային նշանակության հարցը հանրությանը պարզաբանելու համար, իսկ սա լավագույն առիթն էր, որը իրենք ոչ միայն չեն օգտագործել, այլեւ չեն բավարարել լրագրողի խնդրանքը: Իրենք դա լրագրողի նախաձեռնությամբ էլ չեն ցանկացել անել, դա լավ կողմից չի խոսում լրատվամիջոցների հետ նրանց աշխատանքի մասին»,-ասաց ԽԱՊԿ նախագահը:

«Ինչ վերաբերվում է լրագրողի անելիքներին, լրագրողը պետք է այդ եղելությունն արտացոլի իր նյութում, իր տարակուսանքը հայտնի: Կարծում եմ՝ այստեղ բավականին քննադատելու տեղ կա պետական մարմնի գործելաոճում: Ու լրագրողի անելիքն է ցույց տալ, որ պետական մարմինը պատշաճ կերպով չի աշխատում լրատվամիջոցի հետ: Սա հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց էր, իրենք պարտավոր էին պատասխանել անհապաղ կամ հնարավորինս շուտ»,-ընդգծեց Աշոտ Մելիքյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930