Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Կիրակոսյանի ուղղությունը լինելու է մեր կենտրոնի մասնագիտական խմբի՝ միջազգային իրավունքի և միջազգային հայցերի մասով համակարգումը»․ Արշակ Գասպարյանը՝ Եղիշե Կիրակոսյանի՝ CFTJ-ի կազմ մուտքի մասին

Սեպտեմբեր 03,2025 22:02

«Պարոն Կիրակոսյանի ողջ ուղղությունը լինելու է մեր կենտրոնի մասնագիտական խմբի՝ միջազգային իրավունքի և միջազգային հայցերի մասով համակարգումը և′ հայցերի հետ կապված, և′ ՀՀ-ի իրավունքի պաշտպանության ցանկացած հնարավոր դեպքերում՝ կլինի Եվրոպական դատարանի, Արդարադատության միջազգային դատարանի հետ կապված հարցերում, հայցադիմումների պատրաստումը, կամ այդ հայցադիմումների՝ մեր կողմից ներկայացված, նրա փորձագիտական եզրակացությունը ու կարծիքը»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ գործառույթ է իրականացնելու Ճշմարտության և արդարադատության կենտրոնում (CFTJ) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը նախկինում զբաղեցնող Եղիշե Կիրակոսյանը, այսպես պատասխանեց CFTJ-ի տարածաշրջանային տնօրեն Արշակ Գասպարյանը։

Նա շարունակեց՝ այս ամբողջ ուղղությունը, որը վերաբերում է միջազգային ճակատին, Եղիշե Կիրակոսյանը լինելու է այդ մասնագետների խմբի համակարգողը․ «Մեր կազմակերպությունում կարևոր խորհրդատվական գլխադասային մարմին ունենք, որտեղ Եղիշե Կիրակոսյանը համակարգելու է հենց այս ուղղությունը։ Կարծում եմ՝ այս սիմբիոզը արդյունավետ համագործություն է։ Մեծ հույս ունենք, որ հասարակությունն անմասն չի մնա մեր գործունեությանը, որը թափանցիկ ու բաց է»։

Հարցին՝ համագործակցության նախաձեռնությունը CFTJ-ի՞ կողմից է եղել, թե՝ Եղիշե Կիրակոսյանի, Արշակ Գասպարյանը պատասխանեց․ «Ես կասեի՝ երկուստեք, որովհետև Կիրակոսյանը հիմա իր գործն ունի, որը CFTJ -ից զատ է։ Նրա հետ համագործակցությունը իրականացվում է 2020-ից, ինչ կենտրոնը ստեղծվել է։ 2020-2023-ի բոլոր դեպքերի կիզակետում հենց Եղիշե Կիրակոսյանի գրասենյակն էր, որի հետ մեր համագործակցությունն ամենասերտն է եղել նաև այն պատճառով, որ ոչ քաղաքական կառույց էր, քանի որ CFTJ-ը ապաքաղաքական, ոչ կուսակցական մարմին է․ զուտ մասնագիտական միավոր։ Ուստի համագործակցության առաջարկն ու պատասխանը կարծես թե միաժամանակ է ակտիվացել»։

Արշակ Գասպարյանը փաստեց՝ Ճշմարտության և արդարադատության կենտրոնը լայն համագործակցություն ունի որպես ինստիտուտ, որպես կառույց՝ կարճ ժամանակահատվածում արագ կայացավ․ «Մյուս կողմից էլ չգիտենք՝ լա՞վ է, թե՝ ոչ, քանի որ մեզ՝ բոլորիս հայտնի դեպքերը արագ զարգացան՝ Արցախից Հայաստան և Հայաստանում, ու ստիպեցին մասնագիտական հանրությանն աճ գրանցել։ Լուիս Մորենո Օկամպոյի հետ ենք համագործակցում, 35-ից ավելի միջազգային փորձագետներ ունենք, որոնք ամեն տարի գալիս են Հայաստան և ներկայացնում ՀՀ-ի իրավունքները․ «Պարոն Կիրակոսյանն ակնհայտորեն ՀՀ-ի ամենափորձված միջազգային իրավունքի մասնագետներից է, եթե ոչ ամենափորձվածը, և այդ փորձն էլ եկավ այն բանից հետո, երբ ՀՀ-ն ստիպված եղավ պատասխանել կամ ներկայացնել հայցեր հատկապես Արդարադատության միջազգային դատարանում։

Սա մեծագույն ռեսուրս է, որ ՀՀ-ն ուներ, և մենք դա չուզեցինք կորցնել։ Երկրորդ կարևորագույն բաղադրիչն այն է, որ մասնագետները շատ հաճախ իրենց գործունեությամբ պայմանավորված նաև ինչ-որ քաղաքականության մի մաս են կազմում, և CFTJ-ը, իր էությամբ լինելով ապաքաղաքական կառույց, լավագույն հնարավորությունն է մասնագետին, որն ուզում է շարունակել միջազգային իրավունքի մասով։ Ամենակարևոր բաղադրիչն էր հնարավորություն տալ պարոն Կիրակոսյանին և ՀՀ-ին՝ զարգացած մասնագետ ունենալու ինստիտուցիոնալ մակարդակում։ CFTJ -ը այն հարթակն է, որտեղ պարոն Կիրակոսյանը նաև դրսևորվելու է՝ որպես միջազգային իրավունքի լավագույն մասնագետներից մեկը մեր երկրում և իր ռեսուրսը ի նպաստ կենտրոնի և Հայաստանի ներդնելու»։

Արշակ Գասպարյանից հետաքրքրվեցինք՝ խաղաղության համաձայնագրի՝ հրապարակված տեքստի ֆոնին, որտեղ խոսվում է նաև միջազգային հայցերից հրաժարվելու մասին, ձեր գործունեությունը ո՞նց եք պատկերացնում, նա պատասխանեց․ «Մեր գործունեությունը երբեք էլ ուղիղ պետության խոսույթի հետ չի կապվել։ Իհարկե, մենք միշտ բարձրաձայնել ենք, որ ՀՀ-ի՝ որպես միավորի, միջազգային արդարադատությամբ, եվրոպական իրավունքով աշխատող երկիր՝ շատ կարևոր է, որ մեր հայցերը կամ ՀՀ-ի կողմից ներկայացված հայցերն ունենան նաև պետական աջակցություն։ Բայց մենք երբեք կախված չենք եղել դրանից։

Մեր մասնագիտական գործունեության մեջ որևէ առանցքային դերակատարություն չունի միջազգային հայցերը հետ վերցնելու վերաբերյալ ցանկությունը կամ պահանջը կամ պայմանը․ չգիտեմ՝ տեքստի կարգավիճակում ինչպիսին կլինի վերջնական։ Այնպես որ, մեր գործունեությունը շարունակվում է․ միևնույն է՝ Ադրբեջանի հաշվետվողականության և արդարադատության իրականացման մասնագիտական ճանապարհը մեր առանցքային հենքն է։

Միևնույն է՝ ձգտումը և մասնագիտական ռեսուրսների մոբիլիզացումը չի դադարելու, քանի դեռ դրա կարիքը կա, քանի դեռ հայցերի հետ կապված հարցեր կան, քանի դեռ վկաների և տուժողների իրավունքների պաշտպանության խնդիր կա։ Այնպես որ, միջազգային քրեական իրավունքի շրջանակներում մեր գործունեությունը մնալու է նույնը»։

Արշակ Գասպարյանը հայտնեց՝ ՄԱԿ-ի խոշտանգումների կոմիտեում 3-4 հայց քննվում է․ «Մեզ եկել է պատասխան, որ վերցրել են ընդատության, այնպես որ, այնտեղ ևս ունենք մեծ առաջընթաց։ Գիտեք՝ միջազգային կառույցները՝ հատկապես ՄԱԿ-ի մարմինները, արագ չեն աշխատում ու արձագանքում, բայց մենք արդեն ունենք դրական արձագանքներ։ Արդեն իսկ կա պատասխանը, որ վերցրել են ընդատության, և քննվում է գործը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930