Վերջին 1-2 տարվա, նույնիսկ մի քանի ամիսների վիճակագրությունը, վարորդների շրջանում առկա տրամադրությունները, մամուլում և սոցցանցերում ամեն օր շրջանառվող ահազանգերը վկայում են, որ մեքենաների գազաբալոնային համակարգերի հետ կապված խնդիրը վաղուց դուրս է եկել վերահսկելիության շրջանակից։ Բավական է «թեթևակի» ուսումնասիրել սոցցանցերը, հայտարարությունների կայքերը ու ակնհայտ կդառնա գովազդների, «էստի համեցեք»-ների բազմազանությունը: Այնպիսի տպավորություն է, որ ամեն մեկն իր ավտոտնակում կամ ինչ-որ պատահական տարածքում գազաբալոնային համակարգ է տեղադրում՝ ճոխ PR-ի միջոցով՝ իբրև թե իտալական, լեհական կամ այլ արտերկրյա սարքավորումների կիրառման մասին։ Նախ՝ սովորական քաղաքացու համար դժվար է ստուգել՝ արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է իրականությանը: Երկրորդ՝ մարդը չի կարող վերահսկել՝ եթե նույնիսկ այդպես է, որքանո՞վ է որակով ու անվտանգ արվել տեղադրումը:
Ըստ այդմ, գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք պետական մարմինները՝ սկսած այս ամենի համար պատասխանատու նախարարությունից, վերջացրած Տեխնիկական անվտանգության տեսչական մարմնով, իրականում պատշաճ կերպով վերահսկում են այս ոլորտը, թե՞ ամեն ինչ թողնված է ինքնահոսի, բիզնեսի ու քաղաքացիների մեխանիկական նախաձեռնողականությանը։ Պետության խնդիրը միայն քաղաքացիներից հարկեր գանձելը չէ, այլ նաև քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով վերահսկողական քայլեր ձեռնարկելը։
Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ պաշտոնապես զգուշացվեց, ավելին՝ «հիշեցվեց», որ մեքենաների գազաբալոնային համակարգերը ենթակա են պարտադիր տարեկան տեխնիկական ստուգման, հակառակ դեպքում սպասվում են մեծ տուգանքներ։ Սկզբնական շրջանում այդ գործընթացը նույնիսկ որոշակի խուճապ էր առաջացրել, ու մարդիկ ամիսներով հերթերի մեջ էին՝ փորձելով ժամանակին անցնել ստուգում, ձեռք բերել վկայական, որպեսզի պարեկային ծառայությունը չկանգնեցնի, տուգանք չկիրառի և այլն։ Սակայն ժամանակի ընթացքում այս վերահսկողության մեխանիզմը թուլացավ, ինչպես բոլոր ոլորտներում է, ստուգումների պարտադիր բնույթը մոռացվեց, իսկ ոստիկանության կողմից վկայականների ստուգումն ու վերահսկողությունը վերածվեց ձևականության։ Այսօր փաստացի կա իրավիճակ, երբ անգամ այդ ստուգագրերը, որոնք մի ժամանակ համարվում էին անվտանգության նվազագույն երաշխիք, ի վերջո կորցրել են իրենց գործնական նշանակությունը։ Գազաբալոնային համակարգերի տեղադրումն ու շահագործումը դարձել է ազատ ու անկառավարելի ոլորտ, որտեղ որևէ պետական կառույց գործնականում պատասխանատվություն չի կրում կատարվող գործընթացների համար։
Այս անտարբերության ու պատասխանատվության բացակայության ֆոնին անմիջապես մեծանում է անվտանգության սպառնալիքը։ Մեքենաների գազաբալոնային համակարգերի անորակ տեղադրումը, սարքավորումների սպասարկման ցածր մակարդակը, հին ու մաշված բալոնների շահագործումը, տեխնիկական ստանդարտների անտեսումը, անվտանգության կանոնների չպահպանումը հանգեցնում են պայթյունների ռիսկի կտրուկ աճի։ Պայթյունները հաճախ տեղի են ունենում խիտ բնակեցված տարածքներում՝ ավտոտնակներում, բազմաբնակարան շենքերի բակերում, ավտոկայանատեղիներում և այլն, և այլն։ Արդյունքում ոչ միայն մեքենայի սեփականատերն է վտանգի տակ, այլև հարակից բնակիչները, անցորդները, այլոց գույքը, ինչպես եղավ նախօրեին։
Կարդացեք նաև
Պետության դերն այս իրավիճակում ոչ թե ձևական վերահսկիչ ֆունկցիան է, այլ հստակ կանխարգելմանն ու անվտանգության երաշխավորմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, ինչի շրջանակներում էլ մեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրման ու շահագործման վերահսկողությունը, անվտանգային ստանդարտների սահմանումն ու պարտադիր պահպանումը պետք է դառնան պետական քաղաքականության առաջնահերթություն։ Ցանկացած գազաբալոնային համակարգի տեղադրում պետք է իրականացվի լիցենզավորված կազմակերպությունների կողմից, իսկ սարքավորումներն ունենան որակի միջազգային վկայագիր ու համապատասխանեն անվտանգության բոլոր նորմերին։
Ավելին, պետական վերահսկող մարմինները պարտավոր են իրականացնել ոչ միայն տարեկան ստուգումներ, այլև պարբերական հանկարծակի տեսչական այցեր, հատուկ ռիսկային խմբերի մշտադիտարկում, իսկ անվտանգության կանոնների խախտման դեպքերում կիրառել խիստ պատժամիջոցներ։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի կրճատել անկառավարելիության մակարդակը և կանխել հերթական ողբերգական պատահարները։ Սրան գումարած՝ պետք է ուշադրություն դարձնել, որ տարեկան տեխզննման գործընթացը մեծամասամբ կրում է ձևական բնույթ, լավագույն դեպքում ստուգվում են լուսարձակները, արգելակները և վերջ: Սա էլ իր հերթին նոր խնդիրների առջև է կանգնեցնում:
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում