«Հրապարակի» զրուցակիցն Արցախի նախկին պետնախարար եւ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն է:
– Սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրը արցախցիները որոշ ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք էին կազմակերպել: Ներկաները հայտարարեցին, որ Արցախի հարցը փակված չէ, որ խաղաղության հասնել հնարավոր չէ անարժանապատիվ ձեւով, որ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը կործանարար է եւ այլն: Իշխանական քարոզիչները գրում են, որ հանրահավաքին մասնակցել է 4 հազար քաղաքացի, ընդդիմությունն ասում է` 8 հազար: Առհասարակ, ո՞րն էր հանրահավաքի խորհուրդը, նպատակը: Ի՞նչ ազդեցություն են ունենում դրանք իշխանության դեմ պայքարում:
– Մեզ համար շատ կարեւոր է, որ բոլորը, այդ թվում` արտաքին աշխարհը, տեսնեն, որ մենք չենք հանդուրժում մեր հիմնարար իրավունքների անտեսումը, ոտնահարումը, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական ինչ-ինչ նպատակներով: Հայ ժողովրդի համար, ոչ միայն արցախցիների, Արցախի հարցը փակված չէ: Այդպես են ցույց տալիս սոցհարցումները: Մեր իրավունքներն ամբողջապես ոտնահարված են, մենք հայրենազրկվել ենք: Այս ամենը տարբեր շրջանակներ թե՛ Հայաստանից, թե՛ դրսից փորձում են ներկայացնել որպես բնական, նորմալ երեւույթ, սովորական փաստ: Այդ կեղծ խաղաղության գինը մենք չենք կարող վճարել նման անարդար ձեւով, այդ պատճառով ես կարծում եմ, որ, անկախ մարդկանց քանակից, պետք է լինեն հանրային հավաքներ, միջոցառումներ, բողոքի ակցիաներ: Պետք է շարունակաբար խոսել իրականության մասին: Մեր իրավունքների մասին պետք է լսեն թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, չեմ ասում՝ ՀՀ իշխանությունները, որովհետեւ նրանք ամեն ինչ շատ լավ գիտեն, սակայն անհույս է: ՀՀ ժողովրդի մեծ մասն Արցախի հարցը չի համարում փակված, սակայն իշխանության մանիպուլյատիվ քարոզչության պատճառով ժողովուրդը տարակուսում է, վախենում ինչ-ինչ սպառնալիքներից: Շատերը հանրահավաքները չեն համարում արդյունավետ մեխանիզմ, այդ պատճառով չեն մասնակցում, բայց դա չի նշանակում, որ եթե չեն մասնակցում հանրահավաքին, ուրեմն համաձայն են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Բնավ:
– Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է` եթե ժողովուրդն ինձ հետ համաձայն չլինի, հեղափոխություն կանի, եթե հեղափոխություն չի անում, ուրեմն համաձայն է:
Կարդացեք նաև
– Դա Փաշինյանի հերթական քաղաքական աճպարարությունն է: Չի կարելի նրա ասածներին միանշանակ վերաբերվել: Նա այն մարդն է, որ անգամ այսօր չի կարողանում մի փոքրիկ հանրահավաք կազմակերպել՝ ժողովրդին ցույց տալու, որ ժողովուրդն իր հետ է: Ասում էր՝ եթե 50-100 հազար մարդ բողոքի դուրս գա, հրաժարական կտամ, այդքան մարդ դուրս է եկել փողոց, բա ինչո՞ւ հրաժարական չտվեց: Նա հայտնի է իր աճպարարություններով, ամեն վայրկյան կարող է իրար հակասող հայտարարություններ անել:
– Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ համառ քայլերով գնում է դեպի խաղաղություն: Վերջերս էլ Չինաստան էր մեկնել, ռազմավարական գործընկերության հուշագիր ստորագրեց, դրանից առաջ ԱՄՆ-ում եռակողմ համաձայնագրի նախաստորագրման պրոցեսներն ընթացան, եւ ոչ մի խոսք արցախցիների՝ Արցախ վերադարձի, ինչպես նաեւ՝ հայ ռազմագերիների ազատ արձակման մասին:
– Նրա համար Արցախի հարցը ոչ միայն փակված է, այլեւ սպառնալիք է: Այս մարդու համար միայն իր իշխանությունն է կարեւոր: Նա ամեն ինչին նայում է այդ ասպեկտից, ըստ դրա՝ դասակարգում է իր յուրայինների եւ ոչ յուրայինների: Դա իր ոճն է: Պառակտում է, թիրախավորում եւ բաժանարար գծեր գծում` ներսում, իսկ դրսում ռեալ սպառնալիք համարվող պետություններն իր համար բարեկամ են, հարեւան են, եղբայրական ժողովուրդ են: Այս է պատճառը, որ նա ո՛չ գերիների հարցն է բարձրացնում, ո՛չ Արցախ վերադարձի հարցը: Բայց նա անգամ չի բարձրաձայնում Հայաստանի օկուպացված տարածքների մասին: Ամենահիմնարար խնդիրներից մեկն էլ Ադրբեջանի հայատյացության համակարգն է, որը պետք է արմատախիլ արվի, որպեսզի մենք երկարաժամկետ խաղաղություն հաստատենք, սակայն այս մարդն անգամ այդ հարցերում չի կարողանում պայմաններ թելադրել:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: