2020-2023 թվականներին Արցախի տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության փուլային հաստատումը չբերեց հայ-ադրբեջանական խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանի պնդումները, որ ռազմական գործողությունները կատարվում են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիման վրա՝ միմիայն «տարածքային ամբողջականության վերականգնման» նպատակով, ինչպեսեւ կարելի էր կանխագուշակել, ընդամենը միջազգային հանրության հակազդեցությունը մեղմացնելու քարոզչություն էին:
2020 թվականի հաղթանակը, Ադրբեջանի համար ռազմական հաջողություն լինելուց բացի, նաեւ հսկայական հոգեբանական նշանակություն ուներ՝ երկարամյա պարտության հիշողությունն ու ազգային ստորացման զգացումը հաղթահարելու առումով։ Կարծես, այս խնդիրն էլ Ադրբեջանի իշխանությունները պետք է մեծ հաշվով լուծված համարեին։
Այնուամենայնիվ, «տարածքային ամբողջականության վերականգնումից» հետո Ադրբեջանի կողմից պարբերաբար կատարվող ռազմական ոտնձգությունները Հայաստանի նկատմամբ, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրումից համառորեն հրաժարվելը, առաջացնում են հիմնարար հարց՝ արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է անցում կատարել կայուն խաղաղության, թե՞ վրեժի գաղափարախոսությունը դարձել է շարունակական քաղաքական գործիք՝ ներքաղաքական վերահսկողությունը պահպանելու, ինչպես նաեւ պատերազմի պատուհանը բաց պահելու եւ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու համար։
Իհարկե, Ադրբեջանի քաղաքականության վրա մեծ ազդեցություն են ունեցել հոգեբանական գործոնները։ 1994 թվականի պարտությունը վերածվել էր ազգային ինքնության ձեւավորման առանցքային գործոնի, որի հիմքում վրեժի, արդարության վերականգնման եւ պատմական պատասխանատվության պահանջն էր։ Ադրբեջանը 1994 թվականի զինադադարը ընկալել էր ոչ թե որպես իրավիճակի կայունացում, այլ որպես շտկման ենթակա նվաստացուցիչ պարտություն, որը հետեւողական պետական քարոզչության արդյունքում էլ ավելի խորացավ հասարակական գիտակցության եւ քաղաքական հռետորաբանության մեջ։
Կարդացեք նաև
Արցախում իրականացված էթնիկ մաքրումից հետո էլ Ադրբեջանը շարունակեց տանել այնպիսի քարոզչություն, որը մի կողմից՝ ամրագրում էր հաղթանակը ազգային հիշողության մեջ, մյուս կողմից՝ շարունակում այն խոսույթը, որում Հայաստանը ներկայացվում է որպես դեռեւս մինչեւ վերջ չպատժված ագրեսոր, իսկ Ադրբեջանը՝ որպես բարոյապես արդարացի հաղթող։ Ռազմական հաջողության ֆետիշացման փորձերը ուղեկցվում են Հայաստանի, նրա ժողովրդի եւ ղեկավարության հասցեին խիստ վիրավորական արտահայտություններով եւ ազգայնական հռետորաբանությամբ, որոնք նպատակ ունեն ամրապնդել Ադրբեջանի ժողովրդի ներքին համախմբումը ռեւանշիզմի շուրջ եւ պահպանել կոնֆլիկտային մթնոլորտը՝ որպես ներքաղաքական մոբիլիզացիայի միջոց։
Եթե սկզբնական շրջանում այս մոտեցումը կարող էր դիտվել որպես հաղթանակից հետո նոր իրողությանը աստիճանաբար հարմարվելու հետպատերազմյան անհրաժեշտ բնական փուլ, ապա 2025 թվականի Վաշինգտոնյան բանակցություններից հետո այս մոտեցումն արդեն ստացավ այլ բնույթ։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ընդունեց Ադրբեջանի ներկայացրած բոլոր պահանջները եւ փաստացի փակեց Լեռնային Ղարաբաղի հարցը, Ադրբեջանը չդադարեցրեց նորանոր պահանջների առաջքաշումը։ Ադրբեջանը շարունակում է պահանջել Հայաստանի սահմանադրության փոփոխությունը եւ, գործածելով «Արեւմտյան Ադրբեջան» սադրիչ եզրույթը, 300.000 ադրբեջանցիների վերադարձի իրավունքը դնել պետական քաղաքականության օրակարգում։ Այս ամենը վկայում է, որ խաղաղության մասին հայտարարությունները ձեւական են, իսկ իրական նպատակը պատեհ պահին պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորության պահպանումն է։
Այս ռազմավարությունը պետք է դիտարկել նաեւ բացառապես ներքաղաքական դիտանկյունից։ Ադրբեջանի իշխող համակարգը՝ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ, տասնամյակներ շարունակ հիմնված է եղել ուժի, իշխանության կենտրոնացման եւ ամբողջատիրական վերահսկողության վրա։
2020 թվականի հաղթանակը թեեւ զգալիորեն ամրապնդեց Ալիեւի ռեժիմի լեգիտիմությունը հանրության աչքերում, ավտորիտար համակարգը բախվեց նոր խնդիրների։ Ներքին սոցիալ-տնտեսական խնդիրները պահանջում էին լուծումներ, որոնք ռեժիմը չէր կարող ապահովել առանց կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի եւ որոշակի ազատականացման։ Արդյունքում՝ արտաքին լարվածությունն ու հայատյաց հռետորաբանությունը դարձան հանրությանը վերահսկելու ամենահարմար միջոցը։
Մասնավորապես, «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթն ավելի շատ նման է բովանդակազուրկ քարոզչության, քան իրատեսական քաղաքականության։ Այն միաժամանակ ծառայում է վրեժի զգացումը թարմացնելու եւ հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու նպատակին։
Կարեւոր մյուս խնդիրն Ադրբեջանի արտաքին քաղաքականության անընդհատ փոփոխվող վարքագիծն է։ Խաղաղության պայմանագրի բանակցությունների ողջ ընթացքում Բաքուն բազմիցս փոխել է իր նախապայմանները, մերժել արդեն համաձայնեցված դրույթները եւ շարունակաբար վերանայել պայմանագրի տրամաբանությունը՝ հօգուտ անընդհատ մեծացող միակողմանի պահանջների։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ Բաքուն բանակցությունները չի դիտարկում որպես փոխզիջման փնտրտուք, այլ որպես հաղթողի պայմանների պարտադրում։
Հետեւաբար, եթե հարցադրենք՝ արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է թողնել վրեժի տրամաբանությունը եւ կառուցել իրական խաղաղություն, ապա ներկայիս զարգացումների համատեքստում պատասխանն ակնհայտ է։ Չնայած խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը, ո՛չ Բաքվի քաղաքական վարքագիծը, ո՛չ էլ պետական քարոզչության հռետորաբանությունը չեն վկայում նոր փուլ մտնելու պատրաստակամության մասին։ Փոխարենը՝ ստեղծվել է մի վիճակ, որտեղ խաղաղության գործընթացը դարձել է ընդամենը արտաքին ցուցանակ։
Այս ամենը մատնանշում է, որ Ադրբեջանն այս փուլում խաղաղության պատրաստ չէ։ Պատրաստ չէ հրաժարվել պատմական վրեժի շարունակական շահագործումից, ոչ էլ թույլ տալ սեփական հասարակությանը կենտրոնանալ երկրի ներքին խնդիրների վրա։ Համակարգային եւ պետականորեն խրախուսվող հայատյացությունը, որն այսօր դարձել է Ադրբեջանի պետական գաղափարախոսության հենասյուներից մեկը, ուղիղ սպառնալիք է խաղաղության գործընթացին։ Մինչեւ Բաքվի կողմից երկու ժողովուրդների միջեւ նորմալ հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը չձեւավորվի՝ ոչ խաղաղության պայմանագրերը, ոչ միջազգային միջնորդները չեն կարող ապահովել Հարավային Կովկասում իրական եւ երկարաժամկետ կայունություն։
Էլինա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն բաժնի ուսանող
«Առավոտ» օրաթերթ
03.09.2025