Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ռազմավարական գործընկերություն է հաստատվում
Աշխարհի տասնյակ երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղեւորվեցին Չինաստան՝ Շանհայի համագործակցության կազմակերպության` ՇՀԿ-ի գագաթաժողովին։ Կառույցին այժմ անդամակցում է 10 պետություն։ Հիմնադիրներից՝ Ռուսաստանից, Չինաստանից, Կենտրոնական Ասիայի երկրներից բացի, կազմակերպության անդամ են նաեւ Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը եւ Բելառուսը:
Այս տարվա ամռանը Հայաստանը նույնպես անդամակցության հայտ էր ներկայացրել, նման ցանկություն էր հայտնել նաեւ Ադրբեջանի նախագահը, որը եւս ժամանել էր Չինաստան։ Այսպիսով, գագաթաժողովը դարձավ ամենամեծը ՇՀԿ-ի ավելի քան 20 տարվա պատմության ընթացքում։
Օգոստոսի 31-ին Չինաստանում երկրի նախագահ Սի Ծինփինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման արդյունքներով հայտարարեցին, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հաստատվում է ռազմավարական գործընկերություն: Այդ մասին ընդունվեց համատեղ հայտարարություն:
Կարդացեք նաև
Ծինփինի հետ զրույցում Փաշինյանը վերահաստատել է Երեւանի ցանկությունը՝ անդամակցելու ՇՀԿ-ին: Նրանք պայմանավորվել են խորացնել համագործակցությունը ՇՀԿ-ի շրջանակում: Թիենծին քաղաքում կայացած հանդիպմանը Սի Ծինփինը շեշտել է, որ ՉԺՀ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Միաժամանակ, ՉԺՀ նախագահը շեշտել է, որ Չինաստանն աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին եւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին: Նա նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը լավագույնս կարող է շաղկապվել նաեւ Չինաստանի «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության հետ, որին Հայաստանն առաջիններից է պաշտոնապես միացել։ Նա նաեւ ընդգծել է, որ կառավարությունը շահագրգիռ է չինական ընկերությունների կողմից ՀՀ-ում ներդրումային ծրագրերի ընդլայնմամբ:
Ավելի ուշ հրապարակեց Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հայտարարության տեքստը: Հայտարարությամբ հայկական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումն ի աջակցություն «Մեկ Չինաստան» սկզբունքի՝ ճանաչելով, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, եւ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Չինաստանի կառավարությունն ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարությունն է. վճռականորեն դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձեւի ու աջակցում է ազգային վերամիավորման ուղղությամբ Չինաստանի կողմից գործադրվող ջանքերին։ Չինական կողմը վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անխախտելիությանը, ինչպես նաեւ աջակցել է հայկական կողմից առաջարկված խաղաղության օրակարգին եւ ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Արձանագրվում էր նաեւ, որ` կողմերը հավատացած են, որ առճակատում խրախուսող աշխարհաքաղաքական ինտրիգները որեւէ նպատակի չեն կարող ծառայել, եւ համատեղ հանդես են գալիս այն քայլերի դեմ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը ու հրահրում նոր էսկալացիա։
Դիվանագիտական հարաբերություններ` Հայաստանի եւ Պակիստանի միջեւ
Օգոստոսի 31-ին Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Պակիստանի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարը ստորագրեցին Հայաստանի եւ Պակիստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։
Կոմյունիկեի ստորագրմամբ Հայաստանը եւ Պակիստանը հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ։ Դրանով, երկու երկրների կառավարությունները ձգտում են զարգացնել բարեկամական հարաբերություններ՝ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան՝ ներառյալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ագրեսիայի բացառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, հավասարության, փոխշահավետության եւ խաղաղ գոյակցության սկզբունքները։ Հայաստանի եւ Պակիստանի կառավարությունները համաձայնել են փոխանակվել Ներկայացուցիչներով եւ միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը՝ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ. Վիեննայի կոնվենցիային եւ միջազգային սովորույթային պրակտիկային համապատասխան փոխադարձության հիման վրա դիվանագիտական հարաբերությունների կյանքի կոչման նպատակով։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Պակիստանի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ հանդիպմանը գոհունակությամբ նշել են Հայաստանի եւ Պակիստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ կայացված որոշումը եւ քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Հայաստանի եւ Պակիստանի ԱԳ նախարարները նաեւ մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ եւ ՇՀԿ, փոխգործակցության հարցերի շուրջ։
Հնդկաստանը արգելափակեց Բաքվի անդամակցությունը` ՇՀԿ-ին, Պակիստանն էլ` Հայաստանինը
Հնդկաստանը կրկին արգելափակեց Շանհայի համագործակցության կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, թե այդ որոշումն, ըստ տեղեկությունների՝ կապված է այն բանի հետ, որ Բաքուն աջակցում է Նյու Դելիի հետ հակամարտության մեջ գտվող Իսլամաբադի քաղաքականությանը: Պնդում էին, որ Հնդկաստանի դիրքորոշումը սերտորեն կապված է Ադրբեջանի՝ Պակիստանի հետ եղբայրական հարաբերությունների հետ։
Փոխարենը՝ Ադրբեջանը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության գործընկեր։ Չինաստանում «ՇՀԿ+» գագաթաժողովից հետո ընդունված հայտարարության համաձայն՝ անդամ պետությունները «դիտորդ» եւ «երկխոսության գործընկեր» կարգավիճակները միավորել են նոր կարգավիճակի՝ «ՇՀԿ գործընկերոջ»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսպես արձագանքեց որոշմանը. «Հնդկաստանը վրեժ է լուծում մեզնից, բայց մեր եղբայրական կապերը Պակիստանի հետ ամենաթանկն են»։
Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայ-պակիստանյան կոմյունիկեի ստորագրումից 24 ժամ չանցած, հայտնի դարձավ, որ Իսլամաբադն էլ արգելափակել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը Երեւանի անդամակցության հայտը։
Այսպիսով, Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու որոշման գնաց` Հայաստանի անկախացումից 34 տարի անց միայն: Պակիստանը Ադրբեջանի մերձավոր դաշնակիցներից է, զենքի հիմնական մատակարարներից: Ի դեպ, օրեր առաջ Պակիստանի վարչապետը Ստեփանակերտում էր:
Հայաստանը 44-օրյա պատերազմի օրերին, այդ թվում՝ Պակիստանին էր մեղադրում Ադրբեջանին աջակցելու համար, Փաշինյանն անգամ ասել էր, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Պակիստանի բանակի հատուկ ջոկատայինները մարտի դաշտում են:
Եվ ահա, հայ-պակիստանյան կոմյունիկե ստորագրվեց չինական քաղաքում։ Իսկ Չինաստան-Պակիստան հարաբերությունները բնութագրվում են որպես «երկաթե եղբայրություն»։ Չինաստանը Պակիստանի համար գլխավոր ներդրողներից եւ առեւտրային գործընկերներից է։ Պակիստանի ռազմական տեխնիկայի զգալի մասը չինական արտադրության է։ Չինաստանը մշտապես կանգնում է Պակիստանի կողքին՝ Հնդկաստանի հետ կապված հարցերում, մասնավորապես՝ Քաշմիրի հարցում։
Մինչդեռ պաշտոնական Երեւանը ընդհակառակը՝ Քաշմիրի հակամարտությունում պաշտոնապես աջակցում է Նյու Դելիին։ Հնդկաստանը Հայաստանին զենքի խոշոր վաճառողներից է: Երեւանն ու Դելին բաց հայտարարում են, որ 2020թ. պատերազմից հետո համագործակցում են պաշտպանական ոլորտում։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն խաղաղություն է հաստատվել». Ալիեւը՝ Ծինփինին
Երեւանի եւ Բաքվի միջեւ կարգավորման եւ խաղաղության շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով, եւ «խաղաղությունն արդեն հաստատվել է երկու երկրների միջեւ», Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը օգոստոսի 31-ին հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Սի Ծինփինն ընդգծել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ երկխոսության կարեւորությունը կայուն խաղաղության ապահովման համար: Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, նա նշել է, որ Չինաստանը պաշտպանում է Ադրբեջանի սուվերեն զարգացման տեսլականը:
Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին՝ Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայումս կապերը զարգանում են համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակով: Նա նաեւ հայտարարել է, որ Չինաստանը աջակցում է Ադրբեջանի կապերի ընդլայնմանը Շանհայի համագործակցության կազմակերպության հետ:
Նկատենք, որ Վրաստանից հետո Չինաստանը հարավկովկասյան երկրորդ երկրի՝ Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր կնքեց անցյալ տարվա հուլիսին։ Իլհամ Ալիեւն ու Սի Ծինփինը ստորագրված հռչակագրում հայտարարել էին համագործակցությունն ընդլայնելու մասին՝ խոստանալով ռազմավարական բովանդակություն հաղորդել երկու երկրների հարաբերություններին, որոնց հազարավոր կիլոմետրեր են բաժանում։ «Սա նոր ելակետ է։ Մենք շարունակելու ենք մեծացնել փոխադարձ աջակցությունն՝ ի շահ մեր ժողովուրդների», – այդ օրը նշեց Չինաստանի նախագահը։ Ալիեւն էլ իր հերթին շեշտել էր. «Սա մեծ ձեռքբերում է եւ մեծ պատասխանատվություն։ Մենք հետագայում էլ մտադիր ենք փոխգործակցել, բոլոր ուղղություններով ամրապնդել երկկողմ կապերը»։
Չինաստանի հետաքրքրությունը Հարավային Կովկասով ակնհայտ է։ Պեկինը ռազմավարական գործընկերության մասին հռչակագրեր է ստորագրել բազմաթիվ երկրների հետ՝ ընդ որում հաճախ նույն բովանդակությամբ ու ցանկություններով, որոնք, սակայն, շատ դեպքերում այդպես էլ մնացել են թղթի վրա։ Ասել է թե, մնացածը կախված կլինի կողմերի նպատակներից ու հետեւողականությունից:
Անցյալ տարի փորձագետները նկատում էին, որ Բաքվի քայլն ուղերձ էր այն մասին, որ` «ոչ մեկի հետ ենք, ոչ էլ մյուսների, այլ հարում ենք ինչ-որ երրորդ ուժային կենտրոնի» եւ որ Չինաստանի հետ դաշնակցային կապեր հաստատելով՝ Ալիեւը փորձեց վերադիրքավորվել՝ նախեւառաջ հավասարակշռել Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ իր հարաբերությունները։ Այսպես ասած` դիրքավորվում է Չինաստանի կողքին՝ Արեւմուտքից, ինչպես նաեւ Ռուսաստանից հեռու։
Պաշտոնական Բաքուն Պեկինի հետ հարաբերությունների մասին խոսելիս, իհարկե, շեշտադրում էր տնտեսական կապերը։ Չինաստանի քաղաքականությանը հետեւող լրագրող Սթենդիշն այդ օրերին համոզմունք էր հայտնել, որ Բաքվի եւ Պեկինի հնարավոր համագործակցությունն ավելի լայն աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի։ Ուկրաինայի պատերազմի պատճառով աշխարհով մեկ պտտվող մատակարարման շղթաները խափանվել են, եւ հիմա համաշխարհային շուկաները գրաված Չինաստանը փորձում է այլընտրանքային ուղիներ գտնել։ Այդ մասին են վկայում Չինաստանի ներդրումները Վրաստանում՝ խոշոր ենթակառուցվածքային նախագծերում, ինչպես նաեւ Հայաստանի հետ առեւտրի աճը։
Ի դեպ, 2023-ին Պեկինը եղել է Հայաստանի երկրորդ առեւտրային գործընկերը. ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ հատել է 1,5 միլիարդ դոլարն՝ այս ցուցանիշով իր տեղը զիջելով միայն Ռուսաստանին։
Նկատենք, որ Չինաստանում գտնվող Փաշինյանն էլ գրառում էր արել, որով եւս, կարծես, ակնարկում է Հայաստանի «ոչ մեկի հետ չլինելու» մասին, գրելով. «Ո՞րն է այսօրվա եւ նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը: Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար…»։
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2025