Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք բոլոր հայկական ընտանիքները 90-ականներին ծնված երեխաներին ապօրինի եկամուտներով են մեծացրել՝ դատախազին հարց ուղղեց Դավիթ Հարությունյանը. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 04,2025 13:04

«Փաստինֆո». Հակակոռուպցիոն դատարանում ընթացող Դավիթ Հարությունյանի գործը հերթական անգամ ցույց տվեց դատախազության հաշվարկների խոցելիությունը։ Հայցը հենված է ոչ թե իրական փաստերի, այլ կեղծ «միջին թվերի» վրա։

Դատախազությունը մերժել է հաշվել Հարությունյանի օրինական աշխատավարձերը՝ որպես դպրոցի տնօրեն, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական, Ազգային ժողովի պատգամավոր, նախարար և ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ։ Փոխարենը, իր իսկ խոստովանությամբ, «նպատակահարմար է գտել» օգտվել Վիճակագրական կոմիտեի միջին աշխատավարձերից։ Արդյունքը՝ եկամուտների արհեստական նվազեցում 10-ից ավելի անգամ։

«Եթե հավատանք դատախազությանը…»

Հարությունյանը նիստում անդրադարձավ 90-ականների համար դատախազության կողմից որպես հաշվարկի հիմք օգտագործված թվերին․ պարզ թվաբանական հաշվարկով նա ցույց տվեց, որ եթե այդ թվերը ճշգրիտ լինեին, ապա եթե հայկական ընտանիքի երկու ծնողներն էլ աշխատեին և ստանային միջին աշխատավարձ, ապա գումարը չէր բավականացնի անգամ մեկ երեխա պահելու համար։

«Արդյո՞ք բոլոր հայկական ընտանիքները 90-ականներին ծնված երեխաներին ապօրինի եկամուտներով են մեծացրել», – դատախազին հարց ուղղեց Հարությունյանը։

Հարցը մնաց օդում։

Եվս մեկ հարված․ 1998-ին նվազագույն սպառողական զամբյուղը դատախազությունը հաշվարկվել էր 14 000 դրամ։ Նույն թվականին նվազագույն աշխատավարձը օրենքով սահմանված էր 5000 դրամ, իսկ ծերության կենսաթոշակը՝ 2200 դրամ։

«Ձեզ հայտնի՞ են զանգվածային սովամահության դեպքեր Հայաստանում 1998-ին» – երկրորդ անգամ հարցրեց Հարությունյանը։
Դատախազը կրկին լռեց։

Թաքցված փաստեր, անհետացած գործուղումներ

Հարությունյանը մատնանշեց, որ պետությունը ներկայումս իրեն չի տրամադրում իր օրինական եկամուտների մասին այն տվյալները, որոնք գտնվում են պետական մարմինների տիրապետման ներքո։ Օրինակ՝ պետությունը իրեն չի տրամադրում որպես նախարար աշխատած տարիներին գործուղումների դիմաց ստացված փոխհատուցումները, բայց միաժամանակ դատախազությունը այդ գործուղումների ընթացքում կատարված ծախսերը՝ լինի դա ինքնաթիռի տոմս կամ հյուրանոցի համար վճար, հաշվարկում է որպես անձնական ծախս։

Իսկ այն դեպքերում, երբ ինչ-որ տեղեկություն հաջողվում է ստանալ, պարզվում է, որ այն կիսատ է։ Հարությունյանը բերեց մեկ օրինակ՝ 2000 թվականին միջազգային դատական վեճի ժամանակ ՀՀ շահերը պաշտպանելու շուրջ 56-օրյա գործուղումներից պետությունը հայտնաբերել է միայն 21 օրը։ «Փառք Աստծո, այդ տարվա ապացույցները պահպանվել են ինձ մոտ:

Բայց արդյո՞ք անհամաչափ բեռ չեք դնում ինձ վրա, որ ստիպում եք ինձ հայթայթել պետության տիրապետման տակ գտնվող և ներկայումս պետության կողմից թաքցվող ապացույցները», – հռետորական հարց հնչեցրեց Հարությունյանը:
Պետության նման պահվածքը նա որակեց որպես «ապացույց թաքցնել»։

Անպատասխան հարցերի շղթա

Դատական նիստում հնչող ամենասուր հարցերին դատախազության ներկայացուցիչները կա՛մ հրաժարվում էին պատասխանել, կա՛մ տալիս էին անհոդաբաշխ բացատրություններ՝ էլ ավելի խորացնելով կասկածները։

Այս գործն արդեն վաղուց դուրս է եկել միայն Հարությունյանի պաշտպանական դաշտից։ Այն վերածվել է համակարգային թեստի․ կհաղթի օրենքը, թե՞ դատախազության քմահաճությունը։

Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 17-ին։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930