Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերիների վերադարձը Նիկոլ Փաշինյանին քաղաքականապես ձեռնտու չէ»․ Թագուհի Թովմասյան

Սեպտեմբեր 04,2025 13:31

«Հայ գերիների հարցն ի պաշտոնե պարտավոր է լինել կառավարության ուշադրության կենտրոնում և Նիկոլ Փաշինյանի ուղիղ ուշադրության կենտրոնում և հոգածության ներքո։ Քանի որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ գերիների հարցը մղվել է վեցերորդ պլան, ուստի այսօր մենք ունենք իրավիճակ, որ հայ գերիները գտնվում են անօգնական վիճակում, Ադրբեջանի բանտերում կեղեքվում են, ենթարկվում խոշտանգումների»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ահազանգեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա մտահոգություն հայտնեց՝ չենք տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ բարձրաստիճան և կամ ոչ բարձրաստիճան բանակցության ընթացքում գերիների հարցը դարձնի քննարկման առարկա․ «Խաղաղության խրախճանքի ժամանակ, երբ Դոնալդ Թրամփի կողքին էր, կարող էր ի տես բոլորի խոսել և պահանջել, որ գերիների վերադարձ լինի, բայց չարեց, հետո հաղորդեցին, որ դա մինչ այդ քննարկվել է։ Դա այն իրադարձությունն էր, որ այդ հարցը հենց այդ ժամանակ պիտի քննարկվեր։ Եթե դուք խոսում եք խաղաղության մասին, դա չի լինում միակողմանի։ Գերիներին խոշտանգեն, դատեն՝ դատական ֆարսի միջոցով, իսկ դուք այստեղ գաք ու Ալիևի հետ խաղաղության պայմանագիր կապե՞ք, կամ իրենց ընտանիքի անդամների հետ նկարվեք ու հրճվե՞ք։ Այդպես չի կառուցվում խաղաղությունը։ Այստեղ է, որ կասկածները դառնում են հիմնավոր այն մասով, որ գերիների վերադարձը Նիկոլ Փաշինյանին քաղաքականապես ձեռնտու չէ, քանի որ ռազմաքաղաքական գերիների վերադարձն իր համար կարող է որոշակի քաղաքական անհարմարություն պատճառել։ Իր վերարտադրությունը Նիկոլ Փաշինյանի համար ավելի կարևոր է, քան ՀՀ քաղաքացու շահը»։

Թագուհի Թովմասյանը չբացառեց, որ 2026-ի ընտրություններին ընդառաջ մեկ-երկու հոգու բաց թողնեն, բերեն, խանդավառություն սարքեն։ Լրագրողները փաստեցին՝ Ադրբեջանում փակվել է Կարմիր խաչի գրասենյակը, այս առիթով Թագուհի Թովմասյանն ասաց․ «Կարմիր խաչի գրասենյակը վերջին հույսն էր, որ կարողանում էին ընտանիքները կապ հաստատել Ադրբեջանի բանտերում պահվող գերիների հետ։ Հիմա կորցնում ենք մեր վերջին հույսը։ ՀՀ կառավարությունը այլընտրանքային որևէ գործիքակազմ չի կիրառում։ Ստացվում է, որ մեր գերիները մնալու են Աստծո հույսին»։

Ըստ Թագուհի Թովմասյանի խաղաղության հռչակագրում գերիների հարցը պետք է պարտադիր կետ լիներ․ «Ոչ միայն պարտադիր կետ պիտի լիներ գերիների վերադարձը, այլև անհետ կորածների, բռնի անհետացածների հարցը՝ որոնողական աշխատանքները վերականգնելու մասին։ Ո՞ւր են հումանիտար հարցերը, դրանք պետք է հստակ շարադրված լինեին փաստաթղթում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930