Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմամբ չի փակվում Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի էջը. Ստեփան Հասան-Ջալալյան

Սեպտեմբեր 04,2025 13:24

2025թ. սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախագահությունը և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուն հանդես են եկել հաղորդագրությամբ, որով հայտնել են, որ ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների կոնսենսուսի միջոցով ԵԱՀԿ Նախարարների խորհուրդն ընդունել է Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները փակելու մասին որոշում:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ տվյալ որոշման ընդունումից հետո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ԵԱՀԿ-ն քայլեր կձեռնարկի Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման համար։

Հիշյալ որոշման առնչությամբ հարկ է նշել հետևյալը:
Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու միջազգայնորեն ճանաչված միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (Ֆրանսիա, ՌԴ, ԱՄՆ) կողմից մշակվել և 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության երկրների արտաքին գործերի նախարարների կողմից Հայաստանին և Ադրբեջանին է ներկայացվել հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների մասին մի փաստաթուղթ, որն առավել հայտնի է «Մադրիդյան սկզբունքներ» անունով:

Արցախի Հանրապետության շահերի սպասարկման տեսանկյունից անընդունելի համարելով հիշյալ փաստաթուղթը՝ այդուհանդերձ հարկ է նշել, որ փաստաթղթում արձանագրվել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի 1975թ. օգոստոսի 1-ին ընդունված ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում արձանագրված միջազգային իրավունքի տասը հիմնարար սկզբունքներից երեքի հիման վրա, դրանք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք, պետությունների տարածքային ամբողջականություն:

Ադրբեջան-Արցախ հակամարտությունը «Մադրիդյան սկզբունքներ»-ի համաձայն կարգավորելու նպատակով իրենց համաձայնությունը տվել են Հայաստանը և Ադրբեջանը:
Այսինքն՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ով Ադրբեջանը ստանձնել է հանձնառություն, ըստ որի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով:

Սակայն, ի հեճուկս այդ հանձնառության, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի եռակողմ (Արցախ, Հայաստան, Ադրբեջան) անժամկետ համաձայնագիրն ու 2020թ. նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների և կրակի ամբողջական դադարեցման մասին» եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) հայտարարությունը, 2016, 2020 և 2023 թվականներին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել է ագրեսիոն պատերազմներ՝ օկուպացնելով Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքն ու ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ:

Համարելով, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտն արդեն լուծված է՝ Ադրբեջանը ձգտում է հասնել կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու միջազգայնորեն ճանաչված միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ այդպիսով ազատվելով կոնֆլիկտը Մինսկի խմբի կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքներ»-ի համաձայն լուծելու իր հանձնառությունից:

Մինչդեռ հարկ է նշել, որ միջազգային հանրության կարծիքով Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի կարգավորվել:

Այսպես՝

1. 2022թ. փետրվարի 17-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ, մասնավորապես, արձանագրել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա. կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին:»:

2. 2022թ. հունիսի 6-ին կրկին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ, մասնավորաբար, արձանագրել է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի կարգավորվել, իսկ Արցախի տարածքը համարել է վիճելի տարածք:

3. 2023թ. հոկտեմբերի 12-ին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (այսուհետև՝ ԵԽԽՎ) ընդունել է «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով բանաձև, որտեղ, մասնավորապես, արձանագրել է՝

• «Խորհրդարանական վեհաժողովը խստորեն դատապարտում է ադրբեջանական բանակի նախաձեռնած ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ին:»:

• «Վեհաժողովը խորապես համոզված է, որ այս երկարամյա և ողբերգական հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդանշանների միջոցով և կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ լիովին հարգելով այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքները:»:
Մեջբերվածն անառարկելիորեն վկայում է այն մասին, որ ԵԽԽՎ-ն ընդունում է, որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը կարգավորված չէ:

• Արցախի «…գրեթե ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100.600 անձ այս բանաձևի ընդունման պահին լքել է իր նախնիների հայրենիքը…»:

• «Վեհաժողովը խորապես համոզված է, որ գրեթե մի ամբողջ բնակչության այս ողբերգական արտագաղթն իր նախնիների հայրենիքից չպետք է ընդունվի որպես նոր իրականություն:»:

Ինչպես հստակ վկայում են հիշատակված փաստաթղթերը, միջազգային հանրությունն, ի հեճուկս օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան, նավթային դիկտատոր Իլհամի և Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը համարում է չլուծված:

Սակայն, չնայած կոնֆլիկտի չլուծված լինելու մասին իր փաստաթղթավորված դիրքորոշմանը, այդուհանդերձ միջազգային հանրությունը կայացրել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները փակելու մասին որոշում:

Սույն փաստը վկայում է այն մասին, որ չնայած ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազգերի ինքնորոշման և նման կարգի այլ արժեքների հարգման ու պաշտպանության մասին եվրոպական տարբեր կառույցների պաշտոնատար անձանց պարբերական հայտարարություններին և հավաստիացումներին, այդուհանդերձ գործնականում նրանք այդ արժեքները ստորադասում են իրենց շահերին, որոնք հիմնականում ունեն նյութականացված դրսևորում:

Հրաժարվելով ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորմանն աջակցելու իր իսկ ստանձնած ու հայտարարված հանձնառությունից` միջազգային հանրությունն արմատապես փոխել է իր դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ հօգուտ Ադրբեջանի:

Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները փակելու մասին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի որոշման պատճառների ետնախորքում չպետք է բացառել նաև ցանկալի նպատակին հասնելու համար միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառելու Ադրբեջանի վարչակազմի ավանդական գործելաոճը:

Միաժամանակ հարկ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը չի վկայում և չի կարող վկայել Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման կորսված հնարավորության մասին:

Կոնֆլիկտի կարգավորման հնարավորություններ միշտ են լինելու: Սակայն, այդ հնարավորությունները կարող են ի շահ հայ ժողովրդի ու Հայաստան պետության ծառայեցվել միայն Հայաստանի ազգային, պետական շահերը սպասարկելու ցանկություն, կարողություն և ունակություն ունեցող Հայաստանի Հանրապետության ապագա վարչակազմերի կողմից:

Ստեփան ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930