«ՄԻՊ-ին փոխարինելու մասին որոշման անհնարինության կամ հրաժարականի դեպքում պաշտպանին ժամանակավորապես փոխարինելու է պաշտպանի աշխատակազմի՝ տարիքով ավագ ղեկավարը»,- ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացնելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները՝ հայտարարեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը (լուսանկարում)։
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը Ռուստամ Բաքոյանն է։ Նախագիծը մշակվել է ՄԻՊ գրասենյակի հետ համատեղ։ Ըստ Ռուստամ Բաքոյանի՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է օրենքի կիրարկման ընթացքում, ինչպես նաև հավատարմագրման ենթահանձնաժողովի, ՀՀ ՄԻՊ-ին ուղղված հանձնարարականներով վեր հանված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։
Ռուստամ Բաքոյանը նշեց՝ սահմանադրական օրենքի համաձայն՝ պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում պաշտպանը հրապարակում և ԱԺ է ներկայացնում իր իրականացրած գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում։ Այդ հաղորդման բովանդակությունը ներառում է միայն պաշտպանի իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, մինչդեռ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում պաշտպանն ԱԺ է ներկայացնում տվյալ տարվա՝ իր գործունեությունը, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավիճակի մասին հաղորդում․ «Հաշվի առնելով համապատասխան ժամանակահատվածում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին կարևորությունը և հերթական տարվա հաղորդման շրջանակներում այն չընդգրկելու հնարավորությունը՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել պաշտպանի ամփոփ հաղորդման բովանդակությունը։ Օրենքով կարգավորված չէ այս հարցը, թե ով է փոխարինում ՄԻՊ-ին այն դեպքում, երբ պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի՝ տարիքով ավագ ղեկավարի կողմից ևս պաշտպանին փոխարինելն անհնար է։ Պաշտպանի աշխատակազմի հաջորդ դեպարտամենտի ղեկավարն այդ գործը պետք է իր վրա վերցնի»։
Նախագծով նաև հստակեցվել է պաշտպանին փոխարինելու՝ դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները։ Ռուստամ Բաքոյանը մանրամասնեց․ «Ներկայում քաղաքացիական ծառայողի կամ պաշտպանի աշխատակազմի՝ այլ պաշտոն զբաղեցնող անձի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումի առկայության դեպքում աշխատանքից ազատվելու լիազորությունը վերապահված է միայն ՄԻՊ-ին։ Այսինքն՝ ստացվում է մի իրավիճակ, երբ աշխատանքից ազատման մասին դիմումի առկայության դեպքում քաղծառայողը կամ պաշտպանի աշխատակազմի՝ այլ պաշտոն զբաղեցնող անձը չի կարող ազատվել աշխատանքից պաշտպանի ազատման դեպքում։ Խնդրահարույց իրավիճակ է ստեղծվում։ Նման իրավիճակ մենք ունեցել ենք նախորդ պաշտպանի հրաժարականից հետո, մի քանի ամիս հետո նոր պաշտպան չէր ընտրվում և աշխատակազմում քաղծառայության և այլ պաշտոն զբաղեցնող անձինք այդ ժամանակ չէին կարողանում սեփական դիմումի հիման վրա ազատվել աշխատանքից կամ ընդունվել աշխատանքի։ Նախագծային կարգավորումներով պաշտպանին փոխարինողին տրվում է պաշտոնի նշանակելու և ազատելու լիազորություն։ Նախագծով ավելանում են ՄԻՊ-ի լիազորությունները, վերջինս իրականացնելու է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերով հետազոտություն, այդ հետազոտության արդյունքների հիման վրա ևս կարող է հանդես գալ արտահերթ զեկույցով ու հաղորդմամբ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ