Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն մեզ անվտանգության երաշխիք չի տվել, Թրամփն ընդամենը մի դեկլարատիվ թղթի կտոր է տվել ու ասել, որ ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ»

Սեպտեմբեր 04,2025 15:21

«Առավոտի» զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։

Դավիթ Կարաբեկյան

-Պարոն Կարաբեկյան, ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրան կից կառույցների փակման վերաբերյալ։ Արցախյան հակամարտությունը լուծված չէ, բայց Մինսկի խմբի գործունեությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների դիմումի հիման վրա փաստացի փակվեց։ Սա ի՞նչ հետեւանք կունենա հայկական կողմի համար։

-Փաստորեն պատմությունը կրկնվում է, այն էլ բավականին դաժան սցենարով։ Եթե զուգահեռներ անցկացնենք, նույն իրավիճակն է, որը կար ռուսական կայսրության փլուզման ժամանակ։ Սկզբում միջազգային կառույցները սկսեցին մեր հարցերով զբաղվել, հետո եվրոպական ավանդույթի համաձայն՝ ընտրվեցին մի քանի պետությունների խմբեր եւ իրենք սկսեցին խնդիրները լուծել։ Այսինքն՝ պատմությունը կրկնվում է, եւ պատահական չէ, որ Ռուսաստանը բավականին աշխույժ ընդունեց այդ լուրը։ Ինքը հույս ունի, որ Խորհրդային միությունն այս կամ այն ձեւով կվերականգնվի։

Մինսկի խմբի փակումը փաստում է, որ Եվրոպայի ազդեցությունն էականորեն կնվազի այստեղ, մենք հայտնվում ենք ավելի խոցելի վիճակում՝ Ռուսաստանի եւ Ամերիկայի հույսին։ Ճշմարտությունն այն է, որ փաստորեն Եվրոպան մեր հավաքական իրավունքները պաշտպանեց այնքանով, երբ մենք բանակցային գործընթացում էինք։ Այսինքն՝ ցույց տվեց, որ իր համար ինքնորոշման իրավունքը եւ մյուս իրավունքները փուչիկ են, փուչիկի պես պայթեց։

Մյուս կողմից, Չինաստան կատարած այցն այնքան էլ նպաստավոր արդյունքներ չտվեց ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին։ Եվ ասեմ, թե ինչու․ Չինաստանը խիստ կոնկրետ հարց է բարձրացնում, թե որպես ինքնիշխան երկիր՝ մենք պատրա՞ստ ենք մեզ վրա պարտականություն վերցնել եւ այն մինչեւ վերջ կատարել։ Թե՞ որեւէ մեկը կմիջամտի, իր պայմանները կթելադրի։ Եվ մենք շարունակաբար՝ եւ 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ 2023 թվականին, եւ ամեն օր ցույց ենք տալիս, որ գտնվում ենք արտաքին կառավարման ներքո եւ ընդունակ չենք մեզ վրա պարտականություններ վերցնել ու կատարել։

Այսինքն՝ մենք պետք է փորձենք նոր ֆորմատներ որոնել, բայց այն նախաձեռնությունը, որը վերցրեցինք մեզ վրա, նկատի ունեմ վաշինգտոնյան հռչակագիրն ու Մինսկի խմբի լուծարման որոշումը, բավականին ռիսկային ու վտանգավոր է։ Մինսկի խմբի լուծարման նախաձեռնությունն Ադրբեջանինն էր, բայց եթե նայենք, թե ում էր դա շահեկան, կտեսնենք, որ այդ սկզբունքն առաջ էր քաշում Մեծ Բրիտանիան, որը Մինսկի խմբի անդամ չէր, բայց ակտիվ դերակատար էր։ Բնական է, դա շահեկան էր նաեւ Ռուսաստանին, Թուրքիային ու Իսրայելին։ Փաստորեն իրենց համար Ադրբեջանն իրենց շահերն առաջ քաշելու գործիք է, եւ անհասկանալի է, թե ոնց ենք մենք այս իրավիճակում ակնկալում, թե որեւէ բան շահելու ենք։

-Հայաստանի իշխանություններն ասում են, որ «խաղաղություն է հաստատվել Ադրբեջանի հետ», սա են համարում ձեռքբերում, «Թրամփի ուղին» ներկայացնում են որպես տնտեսական զարգացման մեծ հնարավորություն։

-Այս պահին վիճակն ավելի խոցելի է, «Թրամփի ուղին» դեկլարատիվ մի փաստաթուղթ է։ Իրանը ցույց է տալիս, որ իր վրա չի կարելի հենվել, ինքն իր շահերն ու ծրագրերն ունի Արեւմուտքի հետ։ Ինքը հիմա չի թաքցնում, որ Իսրայելի հետ պատերազմի է պատրաստվում, եւ ժամանակ է շահում, որ պատերազմի ժամանակ իրեն թիկունքից չխփեն։ Ֆիզիկապես անհնարին է լինելու «Թրամփի ուղու» վրա սուվերենիտետ ունենալ։ Ասում են՝ անձնագրային հսկողություն է լինելու։ Մոտավոր հաշվարկով՝ 9 խոշոր ձեռնարկություն պետք է զբաղվի գնահատման, նախագծման, շինարարական աշխատանքներով։ Այդ ամբողջ գոտում պետք է շինարարություն ծավալվի, մոտ 10 հազար մարդ մշտապես պետք է այնտեղ գտնվի։ Ֆիզիկապես մենք այդ ներուժը չունենք։

Երկրորդը, փաստորեն Բաքուն ասել է, որ ինքն է վերահսկելու այդ ուղին։ Մյուս հարցն այն է, որ դա տարանցիկ ճանապարհ է, տարանցիկ ճանապարհում դու բեռները չես կարող ստուգել, դա պատերազմի առիթ է։ Այսինքն՝ այս դեկլարատիվ փաստաթուղթը շատ ավելի վտանգավոր է, քան խաղաղության այն փաստաթղթերը, որոնք մենք կնքել ենք առաջին պատերազմի ժամանակ՝ 1992-1994 թվականներին։ Սա նույնիսկ ավելի վատն է, քան նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը ռուսների պնդմամբ դեռ ուժի մեջ է։ Մինսկի խմբի հրաժարվելով եւ «Թրամփի ուղին» ընդունելով՝ մենք միանգամից ռուսների ու չինացիների հետ հարաբերություններ ենք սրում։ Ռուսաստանը հարց է դնելու՝ դու նոյեմբերի 9-ի հայտարարությունն ընդունո՞ւմ ես, թե՞ ոչ։ Եվ այդտեղ Փաշինյանը պետք է հստակ պատասխան տա։

Նույնն էլ Չինաստանն է հարցերը հստակ դնում, ասում է՝ ես եւ Եվրամիությունը ծրագիր ենք մշակել, դու փորձում ես քո հատվածը ԱՄՆ վերահսկողությանը հանձնել, իմ շահերն անտեսո՞ւմ ես։ Եվ ինքն այդ խաղերը չի ընդունում, որ դա մեր ինքնիշխանության ներքո է, մենք կարող ենք փաստաթղթեր ստուգել եւ այլն։ Այսինքն՝ աշխարհի երեք խոշոր դերակատարներից երկուսի հետ մեր հարաբերություններն արմատապես փչացնում ենք, պլյուս դրան Վրաստանի հետ էլ են խնդիրներ առաջանում, որովհետեւ Վրաստանը տրանզիտային երկիր է, իրեն մրցակից պետք չէ։

Իրավիճակը սա է, մենք գերծանր վիճակում ենք, այսինքն՝ մենք գաղութային վիճակի հետ հաշտվում ենք, Աստված գիտի, թե երբ են սահմանազատման-սահմանագծման աշխատանքներն ավարտվելու, եւ ըստ այդ դեկլարացիայի՝ դրանից հետո է խաղաղություն լինելու։ Կարելի է ասել՝ մենք մեր ինքնությունը, ինքնիշխանությունը լրիվ զոհաբերում ենք, վերջում ասում ենք՝ խաղաղություն։ Եղբայր, էլ ի՞նչ խաղաղություն, դու արդեն եղած-չեղածդ հանձնում ես, դու արդեն որպես պետություն համարյա չկաս։ Ի՞նչ խաղաղություն առանց սուբյեկտայնության, ի՞նչ անվտանգություն։ Թուրքին, եթե ասես՝ ես քրիստոնյա եմ, թուրքը կարող է ասել՝ եթե քո կաթողիկոսը Գարեգին Երկրորդն է, դու ինձ համար վտանգ ես ներկայացնում։ Այսինքն՝ այն վտանգը, որը կար 44-օրյա պատերազմից հետո, կրկնապատկվել է, լինելու-չլինելու խնդիր է սա։

ԱՄՆ-ն մեզ անվտանգության երաշխիք չի տվել, Թրամփն ընդամենը մի դեկլարատիվ թղթի կտոր է տվել ու ասել է, որ ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ։ Փաստորեն սրանով մենք հիմք ենք տվել, որ մեր իշխանության հայտարարություններն օգտագործելով՝ Ֆրանսիան էլ ձեռքերը լվանա այս գործընթացից։ Կասի, դե հայերի պահանջն է, ԵԱՀԿ որոշումն է, որ Մինսկի խումբ չլինի։ Թրամփն էլ, մեջբերելով Հայաստանի վարչապետին, կասի՝ տեսեք, Հայաստանը խաղաղություն էր ակնկալում, ես դա ապահովել եմ։ Եվ դրանով Թրամփը թե ԱՄՆ-ում, թե մյուս երկրներում հայկական Սփյուռքի հետ իր խնդիրները կլուծի։ Կասի՝ դե ես խնդիրները լուծել եմ, Փաշինյանն էլ ասում, որ խաղաղություն է։ Բայց իրականում Փաշինյանը սանով ոչ միայն մեր երկիրը, այլ մեր ազգն էլ է վերացման խնդրի առաջ կանգնեցրել։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930