Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները հուդաների ու պիղատոսների փնտրտուքում կարող են հաջողություններ ունենալ, սակայն դա ոչինչ չի փոխի

Սեպտեմբեր 04,2025 15:52

Հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտները իր սահմաններում վերահսկողության տակ պահելը որևէ պետության համար լեգիտիմ իրավունք է։ Դա շատ հեշտ է ստացվում այն պետություններում, որտեղ իշխող ուժերը վայելում են հասարակության անվերապահ վստահությունը կամ որտեղ հասարակությունը ահաբեկված է։

Հայաստանյան իշխանությունները, իմ դիտարկմամբ, առնվազն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գիտակցել են, որ հայ հասարակության վստահությունը վերջնականապես կորցրել են և, որոշել են հասարակությանը պատերազմով ահաբեկելու ճանապարհով պահպանել իրենց իշխանությունը և հնարավորինս վերահսկել ներքին հասարակական-քաղաքական կյանքը։ 2021 թվականի ընտրություններում նրանց հաջողվեց վերարտադրվել ո՛չ այնքան հասարակության մեծ մասի վստահության շնորհիվ, այլ հասարակության մեծ մասի անտարբերության պատճառով, ընդ որում՝ այդ անտարբերության ակունքում նույն վախի և անվստահության զգացումն էր, որոնց փարատումը ամենևին չի բխում ՀՀ իշխանությունների շահերից։

Գենադի Մնացականյան

ՀՀ իշխանություններին պետք է մոլորված ու շվարած հասարակություն, որը վստահ չէ իր ուժերի վրա, որը չի կարողանում իր մեջ հաղթահարել արհեստականորեն մտցված վախը և որը անտարբեր է ազգային արժեքների նկատմամբ։ Իմ դիտարկմամբ, միայն այդպիսի հասարակության դեպքում ներկայիս իշխանությունները կարող են վերարտադրվել կամ վերընտրվել հերթական ընտրություններում, եթե, իհարկե, ընտրությունները հերթական լինեն, որովհետև քաղաքական իրադարձություններն աշխարհում անկանխատեսելիորեն են զարգանում։

Նկատենք, որ շատ կարևոր բնագավառներ ՀՀ իշխանություններին հաջողվել է, այդուհանդերձ, իր վերահսկողության տակ վերցնել և նույնիսկ ՀՀ վարչապետը հանդգնեց իրեն «կառավարություն» համարել և շարունակել մնալ վարչապետի պաշտոնում։ Սակայն հասարակական կյանքի հոգևոր ոլորտի առնվազն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մասով իր վերահսկողության տակ  պահել «կառավարությանը» չի հաջողվելու։ Իհարկե, տարաբնույթ աղանդավորական կազմակերպությունները ոգևորվելով պետական մակարդակով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վարվող քաղաքականությունից կարող են համագործակցել նրա հետ, սակայն, ինչպես նշեցի, Հայ Եկեղեցին որևէ պարագայում չի կարող վստահություն տածել մի իշխանության նկատմամբ, որը ապազգային է և հակաեկեղեցական։

Ահաբեկելով նույնպես չի ստացվի Եկեղեցուն վերահսկողության տակ վերցնել, որքան էլ խստացնեն հալածանքներն ու շարունակեն վարկաբեկումները։ ՀՀ իշխանությունները հուդաների ու պիղատոսների փնտրտուքում նույնպես կարող են հաջողություններ ունենալ, սակայն դա ոչինչ չի փոխի։

Արդյո՞ք, պայմանական ասած, հաղթեցին նրանք, ովքեր խաչեցին Քրիստոսին։ Իհարկե, ոչ, Քրիստոսին խաչողները պարտվեցին, որովհետև Քրիստոս իր Հրաշափառ Հարությամբ, կրկին պայմանական ասած, ջախջախեց իր բոլոր թշնամիներին։ Ահա այդպես էլ Հիսուս Քրիստոսի հիմնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պարագայում է։ Իրեն «կառավարություն» հռչակած վարչապետն ու նրա հպատակները կարող են իշխանության չարաշահումներով ու պետական լծակները օգտագործելով հալածել Եկեղեցուն, սակայն արդյո՞ք դրանով նրանք կհասնեն իրենց նպատակին, իհարկե չեն հասնի և հաջորդ ընտրություններում անխուսափելիորեն պարտվելուց հետո, դժվարանում եմ նույնիսկ ասել, թե հակաքրիստոսն ու իր հպատակները կունենա՞ն արդյոք ապաշխարելու ցանկություն և ժամանակ թե՞ չեն ունենա։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930