Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր իրականության մեջ հովանավորչական դպրոցը դեռևս կայացած չէ, չկան արվեստի ոլորտում մշտական գործող պրոդյուսերներ». Հարություն Գալֆայան

Սեպտեմբեր 04,2025 16:45

Արվեստի մի քանի ժանրերում (ռեժիսուրա, դերասանություն, կերպարվեստ, դիզայն) զուգահեռ ստեղծագործող Հարություն Գալֆայանը պատրաստվում է աշնանը ներկայանալ մեր իրականության մեջ առաջին անգամ իր դիզայներական ստեղծագործություններով՝ փողկապների ցուցահանդես-վաճառքով:

Լուսանկարը՝ Տաթեւ Դուրյանի

Շուրջ 15 տարիների գործունեության ընթացքում անդրադարձել ենք նրա ստեղծագործական երկու նախագծերի՝ Կարինե Խոդիկյանի «Ծաղրածուն» պիեսի հիման վրա բեմադրած մոնոներկայացմանը (որտեղ արվեստագետը հանդես էր գալիս և ռեժիսոր, և դերասան, և բեմանկարիչ ու զգեստների նկարիչ), և մյուսը՝ անհատական «ՄանրաՆԿԱՐ» խորագիրը կրող ցուցահանդեսին (Հարությունը հանդես էր գալիս իր մանրանկարներով):

Մեզ հետ հանդիպման սկզբում արվեստագետը հաստատեց լուրը, որ պատրաստվում է ներկայացնել իր դիզայնով ստեղծած փողկապները և հարցին, թե նման գերխիտ ստեղծագործական տարիների ընթացքում ինչպես է իրեն հաջողվում հովանավորներ գտնել, Հարությունն ասաց.
«… Մեր իրականության մեջ հովանավորչական դպրոցը դեռևս կայացած չէ, չկան արվեստի ոլորտում մշտական գործող պրոդյուսերներ… Որոշ բեմադրությունների համար դիմել եմ հովանավորների, սակայն, թեև միանգամից չեն մերժել, ասել են՝ կքննարկեն, բայց հետո ձայն չեն հանել: Կարճ ասած՝ ինքս եմ զբաղվել ներկայացումների պրոդյուսինգով…»

Հետաքրքրությանըքանի փողկապ է ներկայացնելու սպասվող ցուցահանդեսին, մեր զրուցակիցն ընդամենն ասաց, թե կցուցադրվեն մոտ 30 թիթեռնիկ ու փողկապ:

Ըստ էության, ստեղծագործական տարիների թիվը՝ 15, հոբելյանական է, հետևաբար խնդրեցինք հնարավորինս սեղմ թվարկել կատարված աշխատանքները.

«Սկսեմ ամենասկզբից. 2010 թվական, սեպտեմբեր: Նոր էի ընդունվել թատերական, պրակտիկաս անցնում էր Երևանի թատրոններում: Շատ չանցած գրեցի «Դերասանի և հանդիսատեսի փոխադարձ կապը» հոդվածը: Ի դեպ, 2010 թվականից եմ զբաղվում փողկապների և հագուստի ձևավորմամբ, բեմանկարչությամբ, որը ազդարարվեց GalfHar Art Studio-ի (անհատական բլոգ-կայք) շնորհանդեսով: 2012-ից նաև միջազգային փառատոների եմ մասնակցել: Նկարահանվել եմ տեսահոլովակներում: Իհարկե, զուգահեռ մասնակցել եմ «Ես հայ եմ» նախագծին՝ Սարյանի տուն-թանգարանում և Մետրո թատրոնում, «Հայաստանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառմանը իմ նկարչական աշխատանքներով: Բեմադրել եմ Պ. Տուրինիի «Առնետաորս» պիեսը Հայաստանի թատերական գործիչների միության բեմում, 2013 թվականին «Քո մասին է» ներկայացմամբ՝ ըստ Անուշ Ասլիբեկյանի «Բարի գալուստ իմ հեքիաթ» պատմվածքների ժողովածուի, մասնակցել եմ «Tatron.info» Online մրցանակաբաշխությանը՝ Տարվա լավագույն մոնոներկայացում անվանակարգում: Այս ներկայացումը խաղացել եմ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Նարեկացի արվեստի միությունում, Երևանի Կամերային թատրոնում… Հանդես եմ եկել «Արձակի բեմականացումը և բեմադրությունը հայ թատրոնում» թեմայով՝ թատերական ինստիտուտի ուսումնական թատրոնում, Ուլիխանյան ակումբում և այլն», -հայտնեց Հարությունը, հետո մտաբերեց, որ «Քո մասին է» ներկայացմամբ և նկարչական աշխատանքներով «Art Fest»-ում մրցանակի է արժանացել: Իսկ «Art Fest» փառատոնով Գյումրիում մասնակցել է «Art Expo 2013»-ին՝ որպես տաղավարի դիզայներ և թատերական կերպար:

Հիշեցրինք «Երկկենցաղ Մարդը» ներկայացումը, որը ժամանակին աղմուկ հանեց, տարաբնույթ խոսակցությունների առիթ հանդիսացավ.
«2014 թ. Հայաստանի թատերական գործիչների միությունում բեմադրել եմ «WWW.AMPHIBIA.COM» ներկայացմամբ՝ ըստ Հովհաննես Թեքգյոզյանի «Երկկենցաղ Մարդը» պիեսի, որով մասնակցեցի «ARMMONO» միջազգային թատերական փառատոնին, որից հետո Կամերային թատրոնի ԵՐԿԱԹ ակումբում՝ «HIGH FEST» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում, ապա ՆՓԱԿ-ի «ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ» թատերափառատոնում: Ձեզ հետ տարիներ առաջ հանդիպմանը հիշում եմ, որ խոսել ենք Կարինե Խոդիկյանի «ԾԱՂՐԱԾՈՒՆ» կամ «Տրակտատ հրաժարականի մասին» բեմադրության մասին, որով ներկայացա LOFT Արվեստի և ժամանցի կենտրոնում, հետո «HIGH FEST» և Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոների շրջանակներում…», -հայտնեց արվեստագետը:

Արտասահմանյան հյուրախաղերից էլ հիշեց Նորվեգիան, որտեղ 2016 թվականին մասնակցել է «Գոկստադի Ձայները» ներկայացմանը՝ թատերական արվեստի փոխանակման ծրագրով:

Զրույցի ընթացքում Հարությունը խոսեց նաև իր նկարչական արվեստի մասին, առանձնացրեց մի քանի տարի առաջ «Նարեկացի» արվեստի միությունում իր՝ «ՄանրաՆԿԱՐ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ոգևորությամբ նշեց Թումանյանի 150-ամյակին «Լինում է, չի լինում» իր մոնոներկայացումը, Ազնավուրի 100-ամյակի առթիվ «Ազնավուրն Ազնավուրի մասին» և «Քանի սիրտս բաբախում է» թատերականացված ընթերցանության գրական երեկոները և այլն:

Հետո ժպիտով ասաց. «Եվ սա դեռ ամենը չէ… խնայեմ և ձեզ, և ձեր ընթերցողին»:

Վերջում մենք էլ տեղեկացնենք, որ այսօր Հարություն Գալֆայանը դասավանդում է նկարչություն և դերասանի վարպետություն՝ մանկական զարգացման կենտրոններում:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930