Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիայի նպատակը «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» բառակապակցության մեջ Հայաստան բառն ուժեղացնելն է՝ ընդլայնելով սահմանները նաև մարզերում. Արտյոմ Նաղդյան

Սեպտեմբեր 04,2025 18:07

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գրադարանում անցկացվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են նոր՝ 2025-2026 համերգաշրջանի ծրագրերը, տեխնիկական և գույքային վերազինման աշխատանքները, Ֆիլհարմոնիայի նոր բրենդը, ինչպես նաև արված աշխատանքն ու սպասվող նախագծերը:

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, հարվածային գործիքների վիրտուոզ երաժիշտ Իսայաս Ալվեսին (Բրազիլիա) և տրոմբոնահար, վոկալիստ Գրեհեմ Սաթլերին (Ավստրալիա):

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան տարեցտարի նոր ռիթմով է աշխատում՝ քայլելով աշխարհում զարգացող երաժշտական ուղղություններին համընթաց:

«Կառույցի սիրտը բաբախում է աշխարհի հետ համահունչ, որը պայմանավորված է այն ամբողջ ռեպերտուարային աշխատանքով ու բացահայտումներով, որ Պետական ֆիլհարմոնիան առաջարկում է  հանդիսատեսին և զբոսաշրջիկներին՝ հանրության համար բացահայտելով բազմաթիվ արտիստների»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Այս համատեքստում նա ընդգծել է պետության կարևոր դերակատարումը՝ կառույցին աջակցելու և ըստ պատշաճի համերգներն իրականացնելու նպատակով:

«ՀՀ կառավարությունը ջանք չի խնայում ներդրումներ կատարելու, որպեսզի այս կառույցը լինի հաստատուն և հարմարավետ հանդիսատեսի, արտիստների և բոլոր հյուրերի համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ կարևորելով պատմական շենքի ավանդույթների և արդիականության համադրությունը:

ԿԳՄՍ նախարարության 83 միլիոն ՀՀ դրամ աջակցությամբ փոխվել են դահլիճի աթոռները, 86 միլիոն ՀՀ դրամ ներդրումով ձեռք է բերվել Steinway & Sons համերգային ռոյալ, կատարվել է լուսային և ձայնային տեխնիկայի համալրում ժամանակակից սարքավորումներով և մի շարք այլ նորամուծություններ: Այս ամենը, ըստ նախարարի տեղակալի, նպաստում են բարձրացնելու կառույցի մրցունակությունը և ավելի մեծ հնարավորություններ են տալիս դահլիճը քարտեզագրելու համաշխարհային հարթակներում։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանի խոսքով՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մեկնարկում է 2025-2026 համերգաշրջանը նոր գաղափարներով ու ծրագրերով. «Ինչպես ամեն տարի, այս համերգաշրջանը ևս խոստանում է լինել բազմաժանր և հագեցած՝ պատրաստ բավարարելու բարձրորակ արվեստ սիրող հանդիսատեսի բոլոր ոճային նախընտրությունները։ Համերգաշրջանի բացումը կազդադարվի The Nexus Artists նախագծի համերգով, որը կոչված է միավորելու տարբեր մշակույթներ և երաժշտական ժանրեր։ Խումբը ելույթ կունենա հետևյալ կազմով՝ Գրեհեմ Սաթլեր՝ տրոմբոն, վոկալ (Ավստրալիա), Իսայաս Ալվես՝ հարվածային գործիքներ (Բրազիլիա), Լյուսի Խանյան և Աննա Միքայելյան` ստեղնաշարային գործիքներ (Հայաստան)»։

Music Healing խորագրով համերգը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Սեպտեմբերին նախատեսվում են նաև մի շարք ուշագրավ նախաձեռնություններ, այդ թվում՝ Music across borders հայ-գերմանական կրթամշակութային ծրագիրը՝ կիթառահար Թոմաս Ֆելոուի մասնակցությամբ, Alatone համերգային նախագիծը՝ Իսպանիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից և Ղազախստանից ժամանած երաժիշտների մասնակցությամբ, Yerevan Music Week միջազգային փառատոն-համաժողովը, որի շրջանակում Երևան կժամանեն ավելի քան 70 արտիստներ, խմբեր և խոսնակներ աշխարհի տարբեր երկրներից։ Ֆիլհարմոնիան միջոցառումները կհյուրընկալի հինգ սրահներում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, ներքնահարկում, գրադարանում, «Շուշիկի» սրահում և ճեմասրահներում։

«Ֆիլհարմոնիայի ամբողջ նպատակը 2026-2027 թվականների Հայաստանի պետական ֆիլհարմոնիա բառակապակցության մեջ Հայաստան բառը ուժեղացնելն է՝ ընդլայնելով սահմանները նաև մարզերում»,- ասել է Արտյոմ Նաղդյանը։

Որպես հաջողված նախագիծ՝ նա անդրադարձել է նաև «Դպրոցականների ֆիլհարմոնիա» ծրագրին, որը վերաբրենդավորվել է և արդեն անվանվում է Filo:

Հարվածային գործիքների վիրտուոզ երաժիշտ Իսայաս Ալվեսին (Բրազիլիա) և տրոմբոնահար, վոկալիստ Գրեհեմ Սաթլերին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և նշել են, որ ոգեշնչված են հայկական երաժշտությամբ՝ հատկապես տպավորված են Սայաթ-Նովայի և Կոմիտասի ստեղծագործություններով:

Ասուլիսի շրջանակում ներկայացվել է նաև Ֆիլհարմոնիայի վերաբրենդավորումը: Նոր լոգոտիպը  ներշնչված է Ֆիլհարմոնիայի պատմական շենքի ճակատից։ Շենքի սյուները վերածվել են մինիմալիստական, ռիթմիկ գծերի, որոնք հիշեցնում են թվային ձայնալիքներ, երգեհոնի խողովակներ կամ դաշնամուրի ստեղներ։ Այն վիզուալ պատմություն է ճարտարապետության և երաժշտության, ավանդույթի և մոդեռնիզմի մասին։ Վերաբրենդավորման հիմքում ընկած են Ֆիլհարմոնիայի բրենդ անհատականության արքետիպերը՝ ընդգծելով հաստատության պատմական ինքնությունը և առաջադեմ մշակութային հայացքները։

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930