«Նախ, երբ որ ասում ենք տարբեր պաշտոնատար անձանց մասով հայտնվել են այս կամ այն սկանդալում, բնականաբար, խոսում ենք առերեւույթ տարբեր հանցավոր դրսեւորումների մասին, որոնց մասով կա քրեական վարույթ:
Խոյի համայնքապետի մասով երեկ ՆԳ նախարարությամբ պաշտոնական տեղեկատվություն ենք տարածել առ այն, որ մինչ այս պահը տեսախցիկների զննության, անձանց հարցաքննությունների ուսումնասիրության հաշվառմամբ որեւէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, որ համայնքապետը որեւէ պրոցեսում ներգրավված է եղել:
Հետագա վարույթի արդյունքները Քննչական կոմիտեն վստահաբար կիրազեկի: Եվ ես ուղղակի ուզում եմ, որ երբ որ որեւէ անձ ներգրավված է լինում, հավատանք պաշտոնական տեղեկատվությանը, որովհետեւ կա վարույթ: Մենք հենվում ենք վարույթով ձեռք բերված ապացույցների վրա: Եվ նորից եմ շեշտում. մինչեւ այս պահը որեւէ տվյալ ձեռք չի բերվել, որ հենց համայնքապետը ներգրավված է եղել պրոցեսում: Իհարկե, եղել է միջադեպը, միջադեպի արդյունքում մենք ունենք ձերբակալված անձինք եւ հետամուտ ենք լինելու, որ միջադեպի բոլոր մանրամասները օբյեկտիվորեն բացահայտվեն»,-Փրկարարի օրվա խորհրդով տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ վերջին շրջանում քպականները, քպական պաշտոնյաներ հայտնվում են սկանդալի կենտրոնում:
Մասնավորապես, Խոյ համայնքի ղեկավարն է մամուլի հրապարակումների համաձայն ծեծկռտուք արել, ոստիկանի ծեծել:
Կարդացեք նաև
Նախարարը նաեւ նշեց, որ ձերբակալվածների ճակատագրի որոշումը ՆԳՆ տիրույթում այլեւս հարուցված վարույթի պայմաններում չի գտնվում եւ ըստ այդմ, ՔԿ-ն կհասկանա հետագա ընթացքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ