Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսքդ դուրս չի գալիս»․ գյումրեցի իրավապաշտպանը հայտնվել է մի նոր, տհաճ միջադեպում

Սեպտեմբեր 04,2025 19:22

Aravot.am-ին հասած տեղեկություններով, գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն այսօր կրկին հայտնվել է տհաճ պատմության մեջ։

Այսօր նրան իր վստահորդներից մեկի գործով զանգահարել ու հրավիրել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին, որտեղ սակայն արհամարհական են արտահայտվել՝ ասելով՝ «Տեսքդ դուրս չի գալիս»։

Գյումրեցի իրավապաշտպանը, տեսնելով, որ խնդիրներ են ստեղծում, դուրս է եկել կառույցից։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի բաժնի պետի տեղակալն էլ դուրս է եկել իր հետևից, որի խնդրանքով կես ժամ անց նորից մտել է շենք ու տեսել ոստիկանության աշխատակիցների, որոնց հրավիրած են եղել այն պատճառաբանությամբ, թե Կարապետ Պողոսյանը բարձր է խոսել։

Եվ երբ գյումրեցի իրավապաշտպանը ոստիկանների ուղեկցությամբ փորձել է դուրս գալ կառույցից, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներից մեկը հետևից հարվածել է նրան․ Կարապետ Պողոսյանը հավասարակշռությունը կորցրել ու վայր է ընկել։

Այս ամենը կատարվել է ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ։

Մեր տեղեկություններով, ոստիկանությունը միջադեպն արձանագրել ու այն ուղարկել է Շիրակի մարզային քննչական բաժին։

Կարապետ Պողոսյանն այս պահին չցանկացավ զրուցել ու մանրամասներ հաղորդել միջադեպի մասին։

Նա ասաց՝ այս մասին կխոսի ավելի ուշ, սակայն ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Իշխանությունները Արցախի դրոշի թեման ծանր են տարել, այս անգամ հստակ հանձնարարություններ իջեցրել Արդարադատության նախարարին: Ավելի ուշ կպատմեմ»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ՝ բավական մեծ թվով մտավորականներ ու երիտասարդներ Արցախի դրոշն էին ծածանել Արագածի գագաթին։

Կարապետ Պողոսյանին լսելուց հետո, թեմայի շուրջ կփորձենք պարզաբանումներ ստանալ ինչպես ոստիկանությունից, այնպես էլ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930