«ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին եւ տարիներ ի վեր երկու կողմերի եւ միջազգային գործընկերների հետ աշխատում է՝ ստեղծելու համար տեւական խաղաղության համար անհրաժեշտ պայմանները։ Մենք պատրաստակամ ենք մնում աշխատել գործընկերների հետ լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ տրամադրելով հավելյալ աջակցություն եւ փորձառություն, այդ թվում՝ հաջորդ քայլերի գործնական իրագործման համար»։
Սա մեջբերում էր Եվրոպայի խորհրդում Եվրոպական Միության ներկայացուցչի խոսքից, որը հղվել է ոչ միայն ԵՄ-ի այլեւ Վրաստանի, Միացյալ Թագավորության, Ուկրաինայի եւ ԵԽ անդամ մի շարք այլ երկրների անունից։
Ներկայացուցիչը ողջունել է Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի ձեռք բերած համաձայնությունը եւ ընդգծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքով սահմանների անձեռնմխելիության հիման վրա։
Ըստ նրա՝ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին ավելի կմոտեցնի կայուն խաղաղությանը եւ համատեղ բարեկեցությանը։
Կարդացեք նաև
«Այժմ կարեւոր կլինի, որպեսզի համաձայնեցված քայլերը, մանավանդ՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ վավերացումը, ժամանակին ի կատար ածվեն», – շեշտել է դիվանագետը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մամուլի ասուլիսը, Վաշինգտոն, 8-ը օգոստոսի, 2025թ․