Այսօրվա ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին խնդրեցին մեկնաբանել տարածված այն տեղեկությունը, որ արդեն նախկին սոցապ նախարար եւ ԱՄՆ-ում օրերս Հայաստանի դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ ոստիկանությունը թմրանյութ է հայտնաբերել եւ ձերբակալել է: Սակայն մտավախություն կա, որ այս գործով ծածկադմբոց կկատարվի:
«Երբ ոստիկանության ստորաբաժանումը ձերբակալություն է իրականացնում սա երբեք չի կարող ընկալվել որպես ծածկադմբոց կամ որեւէ դեպքի թաքցնել: Եթե նախարարությունը նպատակ հետապնդեր որեւէ դեպք կոծկել, վստահեցնում եմ, որ ձերբակալման փաստը վրա չէր հասնի: Մենք ունեցել ենք օբյեկտիվ իրավիճակ Փարաքարում: Վարորդը, այո, եղել է մեր գործընկեր Նարեկ Մկրտչյանի եղբայրը:
Վարորդի մոտ չի հայտնաբերվել ոչինչ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղեւորը փախուստի է դիմել եւ ուղեւորի մոտից նետվել են իրեր, որտեղ հայտնաբերվել է նախնական արդյունքներով թմրամիջոցի նմանվող զանգված եւ ատրճանակ, տրամաբանական է, որ այդ իրավիճակում պարեկային ծառայությունը պիտի իրականացներ ձերբակալում:
Ձերբակալումն իրականացվել է, անձին բերման են ենթարկել բաժին, բաժնում տվյալ անձի մոտ ոչինչ չի հայտնաբերվել: Իսկ մյուս անձի որոնողական աշխատանքների մասով իրականացվել են համապատասխան պրոցեսներ: Այժմ իրականացվում է նախաքննություն: Նախաքննությունը կտա հարցի պատասխանը. Նարեկ Մկրտչյանի եղբա՞յրն է փոխանցել իր պայուսակն ընկերոջը, թե՞ դա ընկերոջն է եղել: Այս պահի դրությամբ առկա տվյալներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել»,-ասաց Արփինե Սարգսյանը:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ առաջին անգամ չէ, որ Նարեկ Մկրտչյանի եղբայրը միջադեպերի կենտրոնում է հայտնվում հենց պարեկների հետ եւ նախորդ անգամ կարծես իրավական որեւէ հետեւանք չեղավ, նախարարն արձագանքեց. «Անընդհատ որ շեշտում եք Նարեկ Մկրտչյանի եղբայրը, գիտե՞ք, երբ որ ես նկարագրում եմ իրավիճակը, ինձ համար դա որեւէ նշանակություն չունի: Երեկ տեղի է ունեցել իրադարձություն, որտեղ ներգրավված է եղել նաեւ ձեր նշած անձը, որը ոստիկանության ծառայողի կողմից ձերբակալվել է: Մենք տվել ենք արձագանք: Դեպքի վայրում հայտնված անձն անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է: Եվ մնացած պրոցեսներն արդեն ՔԿ-ն նախաքննության ամբողջ գործիքակազմով թող պարզի՝ տվյալ անձի՞նն է եղել, տվյալ անձի՞նը չի եղել: Ես հայտարարում եմ այն, ինչ իրավասու եմ հայտարարելու իմ ձեռքի տակ եղած նյութական բազայով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ