Լրահոս
Օրվա լրահոսը

Կարդացել եմ Սարոյանի օրագիրը, ու կերպարը, որ ինձ դուր եկավ, հենց Սարոյանն էր. Սկոթ Սեդրակյան

Սեպտեմբեր 04,2025 21:40

«Մի անգամ անգլիացի գրող Բեռնարդ Շոուի հետ է զրուցում Վիլյամ Սարոյանը: Շոուն բողոքում ՝ ծերացել եմ, մահս մոտ է: Սարոյանն ասում է՝ չէ, չէ…դու չես մահանալու, բոլորիցս երկար ես ապրելու: Եվ ես նկատի չունեմ քեզ որպես գրող, որ քո ստեղծագործություններն ավելի երկար են ապրելու, քան մյուս գրողների ստեղծագործությունները:

Իհարկե, իմ գործերը բացառություն են, որեւէ գրողի ստեղծագործություն իմից ավելի երկար չի կարող ապրել, իմ գրական ժառանգությունը ժամանակ առ ժամանակ նորից ու նորից բացահայտվելու է…Իսկ երբ գա այն պահը, որ իմ գրավոր ստեղծագործությունները նոր ասելիք չունենան, արդեն առաջ կգան իմ նկարները, իսկ ես հազարավոր նկարներ ունեմ:

Իսկապես Սարոյանի գրական ժառանգությունը շարունակում է ասելիք պարունակել»,-այսպես իր խոսքը սկսեց Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում «Սարոյանական գույներ․ բառերից անդին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման ժամանակ Սարոյանի հիմնադրամի նախագահ Սկոթ Սեդրակյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ասաց, որ մեծ հիացմունքով է ազդարարում Սարոյանական օրերի մեկնարկի մասին, միջոցառումներ, որ շարունակվելու են սեպտեմբերի 5-11-ը: «Երբ մտածում էինք Սարոյանական օրեր անցկացնելու մասին, մեր ցանկություն այն էր, որ կարողանանք սարոյանական ստեղծարար միտքը ողջ հարստությամբ ներկայացնել:

Անշուշտ Սարոյանն առավելապես հայտնի է իր գրական ստեղծագործություններով, եւ իհարկե, Սարոյանական օրերին տուրք է մատուցվելու նրա գրական ստեղծագործություններին ու կյանքին, բայց կա նաեւ Սարոյանի առավել քիչ ճանաչված կողմը՝ նրա նկարչական ժառանգությունը»,-ասաց դեսպանը:

«Սարոյանական գույներ․ բառերից անդին» ցուցադրությունը ներկայացնում է Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքներ, գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության եւ արվեստի թանգարանին։ Աշխատանքները հիմնականում ստեղծվել են 1960-1979 թվականներին եւ ընդգրկում են ստեղծման օրը, տարեթիվը, ինչպես նաև տարատեսակ ուշագրավ հեղինակային նշումներ:

Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն ասաց, որ խորհրդանշական է, որ հենց այս թանգարանում են մեկնարկում Սարոյանական միջոցառումներ, որտեղ ոչ միայն պահվում է Վիլյամ Սարոյանի արխիվային հավաքածուն, այլեւ 60 տարի առաջ Սարոյանը եղել է Գրականության եւ արվեստի թանգարանում ու ասել, որ սա գանձերի պահպանման իրական հաղթանակ է: Այն ժամանակ նրան ուղեկցել է Վահագն Դավթյանը, որն էլ հետո Սարոյանին բնորոշել է որպես բարի հսկա:

Aravot.am-ը Սարոյանի հիմնադրամի նախագահ Սկոթ Սեդրակյանից հետաքրքրվեց՝ լինելով Սարոյանի հիմնադրած հիմնադրամի ղեկավար, որը երկրորդ անգամ է այցելում Հայաստան՝ այն էլ Սարոյանական օրերի շրջանակում, ի՞նչ զգացողություններ ունի:

«Շատ հաճելի զգացողություններով եմ գտնվում Երեւանում եւ անչափ ուրախ եմ, որ աշխատելով հիմնադրամում՝ այսօր Հայաստանում կարողանում ենք ներկայացնել Սարոյանի այնպիսի գործեր, որոնք դեռեւս անհայտ են»,-ասաց Սեդրակյանը:

«Սարոյանն իրապես բազմաշնորհ արվեստագետ էր, գրում էր վեպեր, դրամաներ, նաեւ հեղինակել է երգ, որը վաճառքի առումով շատ բարձր հորիզոնական է գրավել, նրա նկարչական գործերը եւս ուշագրավ են: Վստահ եմ, որ դրանք տեսնելիս բոլորը մեծ հաճույք կվայելեն», -հավելեց նա:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ 2 տարի առաջ իր՝ Հայաստան այցելությանը, երբ ԳԱԱ արվեստի ինստիտուտին նվիրել էր Սարոյանի աշխատանքներից մեկը: Նա հիշեց, որ նկարը Սարոյանը նկարել էր նոյեմբերի 10-ին, այդ օրը նաեւ ԳԱԱ հիմնադրման օրն էր, դրա համար էլ ինքը աշխատանքը նվիրել է ԳԱԱ արվեստի ինստիտուտին: Նաեւ հիշեցրեց, որ նկարը շոկոլադի փաթեթի վրա է նկարված:

Aravot.am-ը Սկոթ Սեդրակյանից հետաքրքրվեց՝ ո՞վ է Սարոյանի իր սիրելի հերոսը:

«Երբ ես պատրաստում էի այս ցուցահանդեսը, եւ նաեւ նրա անտիպ ստեղծագործությունների գիրքն էինք պատրաստում, առիթ ունեցա հազարավոր էջեր ընթերցել նրա օրագրից:Նա իր կյանքի մասին մանրամասն գրառումներ ուներ, շատ հետաքրքիր էր կարդալ նրա հաղթանակների, պարտությունների, հաջողությունների ու դժվարությունների մասին: Ու կերպարը, որ ինձ դուր եկավ, հենց Սարոյանն էր»,-ասաց Սկոթ Սեդրակյանը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930