Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կարո՞ղ է չկատարել ՀԷՑ-ի գործով արբիտրաժի որոշումը. Սրբուհի Գալյանի պնդման հետքերով. CivilNet

Սեպտեմբեր 04,2025 22:22

CivilNet. Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում մի շարք պնդումներ է արել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գործով Ստոկհոլմի արբիտրաժի միջանկյալ հրատապ որոշման կատարման վերաբերյալ։

Ըստ նախարարի՝ կառավարության՝ արբիտրաժի որոշումը չկատարելու փաստարկն այն է, որ Հայաստանը Նյու Յորքի կոնվենցիայի մասնակից է, որն իբր թույլ է տալիս կամովին չկատարել արբիտրաժային միջանկյալ վճիռը, եթե այն հակասում է երկրի հանրային կարգին։

«Նյու Յորքի կոնվենցիան սահմանում է այն դեպքը, երբ պետությունը չի կատարում արբիտրաժի որոշումը կամովին, և այդ որոշումը, այն դեպքում, երբ կամավոր կերպով չի կատարվում, պետք է կամ կարող է կատարվել հարկադրաբար։ Հարկադրաբար կատարման մեխանիզմը […] դատարանի որոշման հիման վրա համապատասխան արբիտրաժային որոշման կատարումն է»,- ասել է Գալյանը։

#CivilNetCheck-ը ստուգել է նախարարի այս և այլ հայտարարություններ՝ դրանք համադրելով միջազգային իրավական նորմերի հետ։

Վեճը սկիզբ էր առել ՀՀ կառավարության՝ ՀԷՑ-ի ազգայնացմանն ուղղված մի շարք գործողություններից։ Հուլիսի 22-ին Ստոկհոլմի արբիտրաժը, ընկերության սեփականատեր, ներկայում կալանավորված Սամվել Կարապետյանի դիմումի հիման վրա, միջանկյալ որոշմամբ արգելել էր կառավարությանը միջամտել ընկերության կառավարմանը և շարունակել ազգայնացմանն ուղղված քայլերը։ Հենց այս որոշման կատարումից էլ հրաժարվում է կառավարությունը։

Կառավարությունը ունի՞ «կամավոր չկատարելու» իրավունք

Արդարադատության նախարարը խոսել է միջազգային արբիտրաժի որոշման հարկադիր կատարման մեխանիզմի մասին՝ պնդելով, թե կոնվենցիայով նախատեսված է նաև որոշումը չկատարելու հնարավորություն։

«Կա մեխանիզմ, որպեսզի դա կատարվի հարկադրաբար, և կա մեխանիզմ՝ դա չկատարելու, եթե դատարանները որոշեն, որ այդ որոշումը հակասում է հանրային կարգին […]։ Այսինքն՝ ասում են՝ այո՛, պետություն, սովորական պայմաններում դու պետք է կատարես համապատասխան արբիտրաժային որոշումները, բայց մենք ձեզ համար նախատեսում ենք նաև չկատարելու հնարավորություն, եթե դու քո ներպետական մակարդակում որոշես, որ այդ որոշումը հակասում է քո ներքին հանրային իրավակարգին»,- ասել է նախարարը։

Իրականում, «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի 1958 թվականի կոնվենցիան սահմանում է արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման հստակ պարտավորություն։

Կոնվենցիայի 3-րդ հոդվածը մասնակից պետություններին պարտավորեցնում է ճանաչել արբիտրաժային որոշումները որպես պարտադիր և կատարել դրանք։

Այս ընդհանուր կանոնից բացառությունները, որոնց թվում է նաև նախարարի հիշատակած՝ վճռի հակասությունը երկրի «հասարակական կարգին», սահմանված են Կոնվենցիայի 5-րդ հոդվածում, ինչպես նաև «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում։ Այն թույլ է տալիս մերժել վճռի կատարումը միայն սահմանված սպառիչ հիմքերի առկայության դեպքում։

Ընդ որում, Կոնվենցիան հստակ սահմանում է, որ չկատարման որևէ հիմքի առկայությունը որոշում է իրավասու իշխանությունը (ներպետական դատարանը)՝ այն կողմի խնդրանքով, որի դեմ է ուղղված որոշումը, այլ ոչ թե գործադիր իշխանությունը՝ իր կամայական դիրքորոշմամբ։

Ինչ վերաբերում է նախարարի շեշտադրած «հասարակական կարգին», ապա միջազգային պրակտիկայում այս վերապահումը մեկնաբանվում է շատ նեղ իմաստով։ Այն կիրառվում է միայն խիստ բացառիկ դեպքերում, երբ որոշման կատարումը կարող է խախտել պետության արդարադատության և բարոյականության հիմնարար սկզբունքները (օրինակ՝ կհակասի մարդու իրավունքների հիմնարար նորմերին), այլ ոչ թե պարզապես չի համապատասխանի ներպետական օրենքին կամ վարչական ակտին։

Ըստ իրավաբան, սահմանադրագետ Արա Ղազարյանի՝ «հանրային կարգի» վերապահումը շատ բացառիկ դեպքերում կիրառվող հիմք է։ Նրա խոսքով,՝ «հանրային կարգի» խախտումը վերաբերում է պետության և հասարակության ամենահիմնարար արժեքներին ու սկզբունքներին, այլ ոչ թե որևէ պետական մարմնի որոշմանը հակասելուն։

«Պատկերացրեք՝ արբիտրաժի որոշումը պարտադրում է խտրականություն կիրառել կամ խախտել մարդու հիմնարար իրավունքները։ Դա է հանրային կարգի խախտումը»,- բացատրում է իրավաբանը։

Կոնվենցիայի 5-րդ հոդվածը հստակ պահանջում է, որ որոշումը չկատարելու համար այն կողմը, «որի դեմ է այն ուղղված» (այսինքն՝ կառավարությունը), պետք է դիմի «իրավասու իշխանությանը» (դատարանին) և «ապացույցներ ներկայացնի»։ Չնայած այս հստակ ընթացակարգի առկայությանը՝ մինչ օրս ՀՀ կառավարությունը դատարան չի դիմել՝ որոշումը «հանրային կարգին» հակասող ճանաչելու պահանջով։ Փոխարենը, գործադիր իշխանությունը, շրջանցելով Կոնվենցիայի պահանջը, պարզապես հրաժարվել է կատարել այն։

Իր խոսքում նախարարը նաև նշել է. «Խոսքը ոչ թե վերջնական, այլ միջանկյալ որոշման մասին է, որն այս պահին կառավարությունը կամավոր չի կատարում»։

Սակայն որոշման «միջանկյալ» լինելը չի նվազեցնում դրա պարտադիր ուժը։ Ե՛վ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը (հոդված 17), և՛ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային կանոնները (Հավելված 2, հոդված 9) հստակ սահմանում են, որ հրատապ միջանկյալ որոշումները պարտադիր են կողմերի համար կայացման պահից։

Դրմեյանը, այնուամենայնիվ, հակառակ դիրքորոշում է հայտնել

Ուշագրավ է, որ նախարար Գալյանի ներկայացրած դիրքորոշումն ուղղակիորեն հակասում է այն պաշտոնական գնահատականին, որը նախկինում հայտնել էր Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ Լիպարիտ Դրմեյանի ղեկավարությամբ։ Դրմեյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) ուղղված գրության մեջ նշել էր, որ «որպես կանոն արբիտրաժային վճիռը կողմերի կողմից ենթակա է անհապաղ պարտադիր կատարման»։

Սակայն, երբ ճեպազրույցի ընթացքում լրագրողը նախարարին հիշեցրեց այս հակասության մասին, Գալյանը պնդեց․ «Դրմեյանն այլ դիրքորոշում չի հայտնել»։

Մինչդեռ, Լիպարիտ Դրմեյանի հրաժարականը հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ով Կառավարության անունից դիրքորոշում է հայտնել, որ ՀԷՑ-ի գործով Արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է՝ թող դիմում գրի ու գնա: Ավելի ուշ նա վերահաստատեց, որ չի հրաժարվել իր դիրքորոշումից և «հանդես է եկել բացառապես պրոֆեսիոնալիզմի դիրքերից»։

Ինչ է պահանջել միջազգային արբիտրաժը

Արդարադատության նախարարը լրագրողներին նաև հայտնել է, թե միջազգային արբիտրաժը փորձել է պարտադրել կառավարությանը չկիրառել գործող օրենքը։

«Միջազգային արբիտրաժը, ըստ էության, փորձել է պարտադրել չկիրառել այն օրենքը, որը գործում է, ինչը մենք չենք կարող անել, որովհետև դա անելն ուղղակիորեն կնշանակի, որ այն հակասում է հանրային կարգին»,- ասել է Գալյանը։

Սակայն Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը չի պահանջել ընդհանրապես չկիրառել ՀՀ օրենքը։ Այն ընդամենը պարտավորեցրել է կառավարությանը ձեռնպահ մնալ վիճարկվող կոնկրետ գործողություններից (փոխել ընկերության ղեկավարությանը, նշանակել ժամանակավոր կառավարիչ, չեղարկել լիցենզիաները և այլն) մինչև գործի վերջնական քննությունը։ Մինչ այժմ, ըստ էության, արբիտրաժի վճռից չի կատարվել միայն ՀԾԿՀ նախագահի՝ Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշման կասեցումը։

 

Կարևոր է նշել, որ մինչ օրս ՀՀ կառավարությունը դատարան չի դիմել՝ արբիտրաժի որոշումը «հանրային կարգին» հակասող ճանաչելու պահանջով, փոխարենը պարզապես հրաժարվել է կատարել այն։ Մյուս կողմից, որոշման հարկադիր կատարման նպատակով դատարան չի դիմել նաև ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930