Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված համաձայնագրի շատ կետեր, չնայած հնչած տասնյակ պաշտոնական պարզաբանումներին վերջին շաբաթներին, այդպես էլ հստակ, երաշխավորված պատասխաններ չեն տալիս մի շարք հարցերի, որոնք ուզում ենք հիշեցնել` քաղաքական աշուն մուտք գործելու այս պահին:
Նախ` ամենահին հարցը. ի՞նչ քարտեզով է հետագայում Ալմա-Աթիի հռչակագրով փոխադարձ սահմանազատում արվելու, եթե հռչակագրի տակ քարտեզ դրված չէ, զոռբայությա՞մբ: Հարցն օրակարգում է, քանի որ նախաստորագրված համաձայնագրով կողմերը պետք է ճանաչեն միմյանց սահմանները, բայց վիճելի հատվածները դեռ պետք է սահմանազատեն, չնայած դրույթներից մեկով նշվում է, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն:
Ի՞նչ երաշխիք, որ երրորդ կողմը, ում հանձնվելու է Թրամփի ճանապարհի կառավարումը, չի վերածվի զինական ներկայության, սպառնալիք հարուցելով հարեւանների վերաբերմամբ, ըստ այդմ` Հայաստանի համար, ովքե՞ր են ի վերջո ստանձնելու ճանապարհի կառավարումը, ու հնարավո՞ր է, որ այդ կառավարման մաս կազմեն ԱՄՆ-ում, այլ երկրներում ներկայացված ադրբեջանցիներ ու թուրքեր, ու նրանց կապիտալը:
Ի՞նչ է նշանակում ճանապարհի անխոչընդոտ տրամադրում, ադրբեջանցիների եւ մյուսների անձնագրերում իրենց տրանսպորտային միջոցով Հայաստան մուտք անելիս մուտքի եւ ելքի կնիքներ դրվելո՞ւ են, որ Հայաստան մտան ու դուրս եկան: Մաքսային, սահմանային ծառայություններն ի՞նչ իրավասություններ են ունենալու, որքան էլ Հայաստանի ղեկավարությունը խոսում է պարզեցված ելումուտի ընթացակարգերի մասին, ո՞վ է ի վերջո վերահսկելու ճանապարհը, մանավանդ լուր կա, որ արդեն ԱՄՆ-ից ներկայացուցիչներ են ժամանելու` պայմանավորվելու երթուղու աշխատանքների մեկնարկի հետ կապված:
Կարդացեք նաև
Ռասսայական ատելության, անջատողականության, բռնի ծայրահեղականության դեմ պայքարում միջազգային պարտավորությունների կատարման ստանձնումը դրույթներից մեկով արդյո՞ք նշանակում է, որ Արցախի ազատագրման համար պայքարած մարդկանց Ալիեւը կարող է պահանջել ու ստանալ Հայաստանից:
Ներպետական օրենսդրության` համաձայնագրի չկատարման համար վկայակոչել չկարողանալը արդյո՞ք հարվածի տակ չի դնում Հայաստանի Սահմանադրությունը:
Նոր քաղաքական սեզոնին այս հարցերն անընդհատ պետք է բարձրացվեն:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում