Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ընկալումներն ու Ալիեւի բառապաշարը

Սեպտեմբեր 05,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ

«Կուտակվել են քննարկման բազմաթիվ հարցեր». Պուտինը՝ Փաշինյանին

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հանդիպում էին ունեցել: Ըստ Կրեմլի՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ուրախ է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու հնարավորության համար, քանի որ բազմաթիվ հարցեր են կուտակվել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային բնույթի քննարկման համար: «Հուսով եմ, որ այսօրվա մեր հանդիպումը, ինչպես սովորաբար լինում է, երբ հանդիպում ենք, օգտակար, բովանդակալից կլինի», – ասել է Պուտինը:

Փաշինյանն, իր հերթին, նշել է, որ վստահ է՝ այսօրվա օրակարգը հագեցած կլինի. «Ես շատ ուրախ եմ այն գործընկերության եւ երկխոսության համար, որը ձեւավորվել է մեր միջեւ, նկատի ունեմ եւ մեր անձնական երկխոսությունը, եւ, իհարկե, շատ ակտիվ երկխոսությունը մեր եղբայրական երկրների միջեւ»: Զրույցից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ նրանք լավ զրույց են ունեցել:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հավելել էին, որ կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ շարունակական ու ակտիվ երկխոսությունը՝ կարեւորելով ինչպես բարձր մակարդակի անձնական շփումները, այնպես էլ միջպետական ինստիտուցիոնալ համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային նշանակության հարցերի։ Հիշեցնենք, որ Փաշինյանն օրերս հայտնել էր, որ սեպտեմբերի վերջին մեկնելու է Ռուսաստան:

Ուշագրավ է, որ Չինաստանում Պուտին-Ալիեւ հանդիպում չկայացավ, պարզապես ձեռքսեղմում տեղի ունեցավ Պուտինի եւ Ալիեւի միջեւ Չինաստանում անցկացվող հանդիսավոր շքերթի շրջանակներում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին երկուշաբթի օրը լրագրողները հարց էին ուղղել Պուտինի եւ Ալիեւի հանդիպման մասին, ինչին ի պատասխան նա միայն ասել էր հետեւյալը` «այսօր դեռեւս հանդիպում տեղի չի ունեցել»։ Իսկ այնուհետեւ սեպտեմբերի 3-ին Պեսկովը հայտնեց, թե` «Պուտինը եւ Ալիեւը ողջունել են միմյանց, բայց բովանդակալից շփում չի եղել»:

Ռուսական կողմը աշխատում է Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ

«Երկկողմ համագործակցությունը շատ կարեւոր է թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Ադրբեջանի համար», – օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ընդգծելով, որ այժմ Մոսկվան եւ Բաքուն աշխատում են այդ հարաբերությունները «բարելավելու ուղղությամբ»։

«Մենք տնտեսության ոլորտում միջկառավարական հանձնաժողովի նիստ էինք կազմակերպել, որի ընթացքում նաեւ ընդգծել էինք, որ մեր երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգանում է», նշել է Օվերչուկը։

Ռուսաստանի փոխվարչապետը նաեւ Հայաստանին էր անդրադարձել, նշելով, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու կամ Եվրամիությանն անդամակցելու համար Հայաստանի որոշումը պետք է կայացնի բացառապես հայ ժողովուրդը, միաժամանակ բոլոր գործոնները պետք է կշռադատվեն։ «Վերջերս Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անհնար է միաժամանակ լինել ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի անդամ։ Եվ եթե երբեւէ նման որոշում կայացվի, ապա վստահ եմ, որ կկշռադատվեն որոշումների կայացման վրա ազդող բազմաթիվ գործոններ՝ այս կամ այն ուղղությամբ»,- ասել էր Օվերչուկը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Օվերչուկն այցով Հայաստանում էր։ Նա բանակցություններ է անցկացրել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ըստ Էրդողանի` «Փաշինյանն ու Ալիեւը միասնական դիրքորոշում ունեն»

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության` նրանք կարեւորել են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը միտված քայլերը, ասված է հաղորդագրությունում: «Փաշինյանը եւ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման եւ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։ Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունը չի փոխանցում»:

Չինաստանից վերադառնալու ճանապարհին Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե` «Զանգեզուրի միջանցքի բացումը տարածաշրջանում երկաթուղային եւ ցամաքային ճանապարհներով ակտիվ շարժի կհանգեցնի»: Նրա խոսքով՝ «խաղաղության հաստատմամբ կբացվեն սահմանային դարպասները եւ շատ ասպարեզներում՝ մասնավորաբար առեւտրում դրական զարգացումներ կարձանագրվեն»։ Էրդողանը նաեւ կարծիք է հայտնել, որ վաշինգտոնյան համաձայնագրերը զգալիորեն արագացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Երկու երկրները խաղաղության ճանապարհի բազմաթիվ խոչընդոտներ են հաղթահարել եւ այժմ մոտեցել են գործընթացի ավարտական փուլին», – պնդել է Թուրքիայի նախագահը։ Նա վստահեցրել է, որ տարածաշրջանի մյուս պետությունները եւս կօգտվեն համագործակցության նոր հնարավորություններից. «Վստահ եմ, որ ապագայում թե՛ Ռուսաստանը եւ թե՛ Իրանը կհասկանան, որ իրենց մտավախությունները զուր են»։

«Փաշինյանն ու Ալիեւը միասնական դիրքորոշում ունեն», նկատել է Էրդողանը` ներկայացնելով Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ «Ես մանրամասն բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ… Երկրները մեծ մասամբ հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները եւ հասել են վերջնական կետին»:

Սեպտեմբերի 1-ին Չինաստանում ընթացող գագաթնաժողովի շրջանակում Էրդողանը նաեւ հանդիպել էր Ռուսաստանի նախագահին։ «Ինտերֆաքս» գործակալությունը մեջբերել էր Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ բանակցությունների ընթացքում ռուսաստանյան եւ թուրքական պատվիրակությունները չեն սահմանափակվել երկկողմ օրակարգով։ «Մեր ուշադրության կենտրոնում են նաեւ մի շարք տարածաշրջանային խնդիրներ, մասնավորաբար՝ Մերձավոր Արեւելքը, Հյուսիսային Աֆրիկան, Անդրկովկասը», – նշել է Պուտինը՝ հավելելով. – «Այդ բոլոր ուղղություններով ռուս-թուրքական համագործակցությունը շատ լավ համակարգված է, կրում է կոնկրետ, օգտակար, ես կասեի՝ նաեւ վստահելի բնույթ»։ Էրդողանը հանդիպման ընթացքում հույս է հայտնել, որ «նախագահ Պուտինը մոտ ապագայում կայցելի Թուրքիա»։

Ինչ վերաբերվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ապա ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ՝ Էրդողանն ու Ալիեւը այլ հարցերի թվում քննարկել են նաեւ Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարները։ «Նախագահները կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի տարածքում՝ մասնավորաբար Նախիջեւանում իրականացվող երկաթուղային նախագծերի մասին», – հաղորդում էին ադրբեջանական լրատվականները։

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներն անդրադարձել են նաեւ Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել տարածաշրջանում Թուրքիայի կայունացնող դերակատարությունը», – նշվում էր հաղորդագրության մեջ։

Փաշինյանը Ալիեւի բառապաշարից է դժգոհում, իսկ Ալիեւը շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» թեման

ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպեցին նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը։ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների տարածած նույն հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարեւորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության եւ տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։

Նրանք ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձեւավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման եւ հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին, ասված է հաղորդագրությունում: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

«Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաեւ «Հյուսիս-Հարավ» միջանցքի եւս մեկ կարեւոր հատված, հայտարարել է Ալիեւը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում: Հայաստանի տարածքով անցնող երթուղու մասին խոսելիս Ալիեւը նաեւ նշել է՝ «Զանգեզուրի միջանցքը օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մոտ եւ հեռավոր հարեւաններին»։

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձեւաչափի հանդիպմանն ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությանը: Նա նախ կարեւորել էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, Ադրբեջանի նախագահի հետ ընդունած խաղաղության Հռչակագիրը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի նախաստորագրումը, ապա հավելեց, թե` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվեց, եւ որ սա պատմական շրջադարձ է:

«Այժմ մենք քննարկում ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սկզբունքների հիման վրա մեր երկու երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ընդունած Հռչակագրում նաեւ համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն, եւ կարծում եմ, որ ճշտված, համաձայնեցված այդ տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի եւ հետագա աշխատանքի իրացմանը: Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել նաեւ, որ, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման»։

Փաստորեն, վաշինգտոնյան փաստաթղթերի ընդունումից ընդամենը 3 շաբաթ անց Փաշինյանն արձանագրեց, որ Ալիեւը շարունակում է գործածել բառապաշար, որը իր համար «ընկալելի» չէ:

Իսկ նման բառապաշար գործածող եւ Հայաստանի նկատմամբ հստակ քաղաքական գիծ տանող Ադրբեջանի ղեկավարի համար որեւէ արժեք ունե՞ն Հայաստանի իշխանությունների ընկալումները:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930