Սեպտեմբերի 2-ը մեր բոլորի ջանքերով կորցված Արցախի անկախության օրն է:
Ցանկացած պարտության կամ կորուստի արդարացման ամենապարզունակ ձեւն այն արտաքին ուժերի ազդեցությամբ բացատրելն է: Քանի որ միայն նման բացատրության դեպքում երբ պարտվել ես ու կորցրել, կարող է ոչ ոք… մեղավոր չլինել:
Ընդամենը ոչինչ չտվող ինքնամխիթարանք: Առաջին արցախյանից հետո եւ Արցախում, եւ ՀՀ- ում իշխանություններում չհայտնվեցին ամենեւին իրենց ռազմական տաղանդով աշխարհին զարմացրած եւ հիացրած հաղթանակի հեղինակներն, այլ ինչպես լինում է ցանկացած պատերազմից հետո` թիկունքային առնետները:
Հաղթանակի էյֆորիան անցնելու հետ սրանք Արցախի եւ ՀՀ սահմաններն ամրացնելու փոխարեն (Մաներհեյմի պաշտպանական գծի կամ պաշտպանության շվեյցարական համակարգի նման) անցան… անձնական ֆինանսական բարգավաճման:
Կարդացեք նաև
Տարիներն անցնում էին, իշխանական բուրգում հայտնվածներն այն միմյանց էին փոխանցում եւ շարունակում անձնապես ֆինանսապես բարգավաճել, իսկ պարտված հակառակորդը նախանձելի համառությամբ վերակառուցում եւ զինում էր իր բանակը:
Եվ եղավ այն, ինչ եղավ – դա հաղթանակ չէր հակառակորդի կողմից, դա պարտություն էր մեր կողմից, պարտություն` որ մեր իշխանական վերնախավը երկար տարիների ընթացքում հաջողությամբ կարողացել էր նախապատրաստել:
Պետությունների խաղաղ գոյակցության ձեւը դարերի ընթացքում մնացել է անփոփոխ: Խաղաղությունը երկրի անվտանգությունը պաշտպանելու ունակ բանակ ունեցող երկրների համար է:
Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.09.2025