Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարապիկի թափանիվն առանցքից շեղված է` էքսցենտրիկ է». 10 հարկանի շենքի վերելակը դեռ չի աշխատում

Սեպտեմբեր 05,2025 13:30

«Առավոտին» երկու ամիս առաջ դիմել էին Ֆուչիկի փողոցի 19 շենքի առաջին մուտքի բնակիչները:

10-րդ հարկի բնակիչ Արթուր Գարայանցը հայտնել էր, որ «Ֆուչիկի փողոցի 19 շենքի 1-ին մուտքի վերելակն աշխատել է խափանումներով: Շենքի բնակիչները բազմաթիվ անգամներ իրենց միջոցներով կատարել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հիմնական վերանորոգումները, վերելակի պահպանության համար որեւէ պատասխանատու մարմին գոյություն չունի: Մոտ քսան օր առաջ վերելակը վերջնականապես խափանվեց եւ ԱԻՆ-ի կողմից տրված եզրակացության համաձայն՝ ճանաչվել է 4-րդ աստիճանի վթարային եւ կտրականապես արգելվեց շահագործումը» («Առավոտ» օրաթերթ 26.07.2025):

Հրապարակումից հետո կարծում էինք, թե համապատասխան մարմինները. մասնավորապես, Երեւանի քաղաքապետարանը, քայլեր կձեռնարկեն, ու հայտնի չէ, թե երբ կրկին կշահագործվի:

Բայց վերելակը չի աշխատում, բազմահարկ շենքի` տարբեր տարիքային, սոցիալական խմբերի բնակիչները ոտքով են իջնում-բարձրանում…

Արթուր Գարայանցը 14 բնակիչների անունից դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: ՄԻՊ-ը բողոքը հուլիսի 28-ին ընդունել էր քննարկման, ապա հասցեագրել Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտին: Դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը տեղեկացրել էր. «Միաժամանակ տեղեկացվում է, որ Պաշտպանին բողոք ներկայացնելը չի կասեցնում խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար իրավասու մարմին կամ դատարան դիմելու համար սահմանված ժամկետները» (Մեկ այլ գրությամբ նշված էր` Պաշտպանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավուքների պաշտպանության վարչություն-Ռ.Մ.):

«Նարեկ» գիտահետազոտական ՓԲ ընկերության տեխնիկական հսկողություն իրականացնող մարմնի փորձագետ Վոլոդյա Մելքոնյանի կողմից տեխնիկական անվտանգության փորձաքննություն էր իրականացվել «Աջափնյակ -7» համատիրության կողմից շահագործվող …վերելակ արտադրական վտանգավոր օբյեկտում: Ըստ փորձագետի` տեխնիկական միջոցները չեն համապատասխանում տեխնիկական անվտանգության պահանջներին, մասնավորապես նշվել էր, «Կարապիկի թափանիվն առանցքից շեղված է` էքսցենտրիկ է», ռեդուկտորը եւ էլեկտրաշարժիչը նորմալ ռեժիմով չեն աշխատում…

Բացասական եզրակացությամբ վերահաստատվում էր, որ վտանգավոր է դրա հետագա շահագործումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930