Սեպտեմբերի 1-ին Գերմանիայի Հյուսիս Հռենոս Վեստֆալիայի Գելզենքիրհենի դատարանը ընդունել է փաստաբանի հրատապ միջնորդությունը եւ առժամյա կանխել Գերմանիայի ներգաղթի եւ փախստականների գերատեսչության (BAMF)՝ ԼՂ-ից բռնագաղթած՝ Գերմանիայում ապաստանի հայցը մերժած հայուհու Ադրբեջան հարկադրյալ արտաքսումը:
Արցախից բռնագաղթածները թեեւ ունեն ՀՀ կապույտ անձնագիր, բայց ինչպես 2023-ից հետո պարզվեց, 070 ծածկագրով տարբերակվող անձը հաստատող փաստաթուղթը ՀՀ քաղաքացիության լիարժեք հաստատում չէ: Գերմանիայի Ներգաղթի եւ փախստականների գերատեսչությունը միգուցե հենվում է «Եթե ՀՀ քաղաքացի չէ, ուրեմն արտաքսման երկիր պիտի լինի ծագման երկիրը» տրամաբանության վրա, բայց այդ պարագայում խիստ կասկածում եմ, թե որեւէ ուկրաինացու Ռուսաստան կարտաքսե՞ր:
Գելզենքիրհենի դատարանը արտաքսումն առկախելու օրը բարեբախտաբար համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում հայերի հանդեպ խտրականություն կա, եւ այն կանոնավոր բնույթ է կրում:
ԼՂ-ից արտաքսված հայերի կարգավիճակի վերաբերյալ ԳԴՀ-ում դատական երկու որոշում է հայտնի՝ 2024-ի սեպտեմբերի 16-ի եւ նոյեմբերի 4-ի վճիռներով Կասելի վարչական դատական ատյանը որոշել է, որ ԼՂ նախկին բնակիչները, որ բռնի տեղահանվել, փախել են ԼՂ-ից, 070 թողարկման ծածկագրով հայկական անձնագիր են ունեցել, էթնիկ հայ են, բայց չպետք է դիտարկվեն որպես ՀՀ քաղաքացիներ: Չնայած ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին անցյալում միշտ տրամադրել է հայկական անձնագրեր, սակայն բացառապես արտասահման մեկնելու հնարավորության նպատակով, առանց քաղաքացիության ճանաչման: Արցախից հայերի բռնի լայնածավալ վտարման եւ Հայաստան ներգաղթի ընթացքում հանրությունը տեղեկացավ, որ այս խմբին Հայաստանում քաղաքացիության որեւէ իրավունք չի շնորհվել: Հայաստանի կառավարությունը այդուհետ նրանց հնարավորություն տվեց դիմելու Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:
Կարդացեք նաև
Կասելի դատարանը պարզել էր նաեւ, որ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում բնակվող էթնիկ հայերը անընդհատ ենթարկվում են համակարգված խտրականության, որը, ըստ դատարանի, Ադրբեջանում տասնամյակների ավանդույթ ունի. «Անկախ խմբային հետապնդումների շարունակականությունից, դատավորի կարծիքով, Ադրբեջանից դուրս եկած էթնիկ հայերին քաղաքացիական կացության եւ ճանապարհորդական փաստաթղթեր տրամադրելու մերժումը համարվում է հետապնդման գործողություն՝ ըստ «Ապաստանի մասին» օրենքի»: Եվ 2024-ին Կասելի դատարանը պարտավորեցրել էր Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչությանը հայ հայցվորներին փախստականի կարգավիճակ շնորհել:
Թվում է, թե վերոհիշյալ վճիռը պիտի նախադեպ լիներ, իսկ գերմանալեզու մամուլի հրապարակումները բավարար՝ գերմանացի պաշտոնատարներին վստահեցնելու, թե ԳԴՀ-ում ապաստանի հայցը մերժելու պարագայում որեւէ հայի, առավել եւս ԼՂ-ում ծնված, ապրած եւ տեղահանվածին անկարելի է արտաքսել Ադրբեջան, մի երկիր, որից 2023-ին մազապուրծ փախել են:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում