Ամերիկայի հայ դատի հանձնախումբը պաշտոնապես դիմել է ԱՄՆ դատախազությանը՝ խնդրելով ամերիկահայերին տուժող ճանաչել Ադրբեջանի հետ դավադրության մեջ ներքաշված Ներկայացուցիչների տանը Տեխասը ներկայացնող դեմոկրատ Հենրի Քուեյարի գործի շրջանակներում։ Այս մասին Aravot.am-ին հայտնել են Հայ դատի հանձնախմբի ամերիկյան գրասենյակից։
Տուժող ճանաչվելու դեպքում ամերիկահայության ներկայացուցիչները եւ կազմակերպություններն օրինական ազդեցություն կունենան դատավարության ընթացքում։
«Ամերիկահայերին Քուեյարի դավադրության տուժողներ ճանաչելը լոկ սիմվոլիկ քայլ չէ, այն կոնկրետ քայլ է արդարադատության եւ պատասխանատվության կանչման ճանապարհին։ Այն հզոր ուղերձ է հղում․ մեր ժողովրդավարության նկատմամբ արտաքին ազդեցությունը չի հանդուրժվի։ Ադրբեջանի անօրինական ազդեցության գործողությունները կազմաքանդելով, միայն, կկարողանանք վերականգնել հավատը՝ հայկական արմատներ ունեցող ամերիկացիներին եւ այս մեծ երկրում մեր բազում այլ դաշնակիցներին հուզող մտահոգությունների ամբողջականության հանդեպ», – ասել է Հայ դատի ԱՄՆ գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Ըստ կառույցի տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի կողմից Տեխասի վառելիքի ընկերությունների խողովակներով վճարված 600 հազար դոլար կաշառքի դիմաց կոնգրեսականը ջանացել է խաթարել ԱՄՆ Կոնգրեսում հայկական լոբբիի գործունեությունը։ Պաշտոնյայի նման գործողությունները խախտել են ԱՄՆ-ի ազգությամբ հայ քաղաքացիների՝ իշխանության հետ շփվելու, բողոքներ ներկայացնելու սահմանադրական իրավունքը։
Կարդացեք նաև
Ադրբեջանի հետ Հենրի Քուեյարի մտերմությունը, հավանական է, սկիզբ է առել 2013-ին Ադրբեջան իր այցից հետո։
Քուեյարը տեւական ժամանակ արգելափակել է Արցախ մարդասիրական աջակցություն հասցնելուն եւ Հայաստանին Միացյալ Նահանգների աջակցության մակարդակը բարձրացնելուն միտված կոնգրեսական մի շարք նախագծեր։
«Ամերիկյան արտաքին քաղաքականությունն ավտորիտար Ադրբեջանի օգտին ծառայեցնելու համար դավադրության մեջ ներքաշվելով՝ ներկայացուցիչ Քուեյարը խաթարել է հայ քրիստոնյաների համար աջակցությունը՝ արտոնելով Արցախում Ադրբեջանի ցեղասպանական էթնիկ զտումը։ Նա պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ Ադրբեջանի անօրինական ազդեցության գործողությունները պետք է ամբողջովին բացահայտվեն եւ լիովին կազմաքանդվեն», – ընդգծել է Համբարյանը։
Հենրի Քուեյարը եւ կինը դաշնային դատարանի առջեւ կկանգնեն 2026-ի ապրիլի 6-ից սկսած։ Ենթադրվում է, որ դատավարությունը կձգվի մոտ հինգ շաբաթ։ Նրանք մեղադրվում են դավադրության, կաշառակերության, փողերի լվացման եւ խարդախության համար։
Զույգը մեղադրանքը չի ընդունում։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարում՝ Արամ Համբարյանը մեջտեղում, արխիվ