Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկ չկա նոր ազգային ուժերի մուտքը քաղաքական դաշտ հիվանդագին ընդունել, դա որևէ կերպ չի նսեմացնում որևէ քաղաքական ուժի կամ անհատի արժանապատվությունը

Սեպտեմբեր 05,2025 13:20

Հայաստանյան քաղաքական շրջանակներում շրջանառության մեջ է գտնվում անհայտ ծագումնաբանությամբ «տիտղոսակիր ընդդիմություն» հասկացությունը, սակայն հանրահայտ է, որ նման բնորոշմամբ նկատի է առնվում խորհրդարանական ընդդիմությունը։

Աշխարհում գործող բոլոր հայկական ազգային ուժերը, որոնց շարքին թերևս կարելի է դասել նաև, այսպես կոչված, տիտղոսակիր ընդդիմությանը՝ մեկը մյուսին եթե ոչ աջակցելու, ապա գոնե լսելու շատ լուրջ խնդիր ունեն։ Դեռևս 2024 թվականին շատ լուրջ տեսակետ կար, որ խորհրդարանական ընդդիմությունը գործող իշխանություններին հեռացնելու գործում կամա թե ակամա, գիտակցաբար թե անգիտակցաբար արգելակող ֆունկցիա է կատարում, իսկ որոշ վերլուծաբանների կարծիքով՝ այս ուժերը ընդամենը լուծում են իրենց ունեցվածքը լեգիտիմացնելու և պահպանելու խնդիր և ամենակարևորը նրանց համար ընդամենը ճաղերի հետևում չհայտնվելն է։

Գենադի Մնացականյան

Ասել, որ նման եզրակացության գալու համար անհրաժեշտ է օժտված լինել քաղաքական խորը վերլուծություններ կատարելու ունակությամբ՝ բավականին չափազանցված կլինի, քանի որ նույնիսկ սիրողական մակարդակի վերլուծությամբ ակնհայտ է դառնում, որ ներկայիս ապազգային ու հակաեկեղեցական իշխանություններին ընտրություններով թե առանց ընտրությունների փոխարինող քաղաքական ուժը ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ և ո՛չ էլ երրորդ նախագահի քաղաքական թիմը չի լինելու։ Ասածս պետք չէ ընկալել որպես անհարգալից վերաբերմունք պատվարժան նախագահների կատարած ազգանպաստ գործերի կամ նրանց անձերի նկատմամբ։ Պարզապես ակնհայտ է, որ ներկայումս վերը նշածս քաղաքական թիմերը մսխել են իրենց բոլոր քաղաքական ռեսուրսները և այլ ընդդիմադիրներին լսելու ունակությունը։

Երբեք չեմ լսել, որ որևէ ընդդիմադիր ուժ աջակցող կամ գովեստի խոսքեր ասի մեկ այլ ընդդիմադիր ուժի կամ անհատի հասցեին, նրանք չեն կարողանում գնահատել որևէ ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքն ու միտքը, ով իրենց թիմից չէ։ Մի խոսքով, ափսոսանքով եմ նկատում, որ այս քաղաքական ուժերին թայֆայական մտածողությունից պետական մտածողության փոխակերպվել առայժմ չի հաջողվել։ Հակառակը՝ «մեզ նորահայտ փրկիչներ պետք չեն» ասելով ավելի են պառակտում ընդդիմադիր դաշտն ու ակամայից ավելորդ լիցք հաղորդում այս ապազգային ու քրիստոսահալած իշխանություններին։

Հարկ չկա նոր ազգային ուժերի մուտքը քաղաքական դաշտ հիվանդագին ընդունել, դա որևէ կերպ չի նսեմացնում որևէ քաղաքական ուժի կամ անհատի արժանապատվությունը։ Այս բարդույթը, ըստ իս, հաղթահարել է պետք հայաստանյան ներքաղաքական դաշտի ընդդիմադիր ուժերի ու անհատների մեծ մասին։ Կարծում եմ ժամանակն է, որպեսզի քաղաքական իրական ընդդիմադիրները իջնեն երկնքից ու ավելի իրատեսորեն գնահատեն քաղաքական առաջնորդություն ստանձնելու իրենց հնարավորությունները։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930