Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրության բացմամբ տրվել է սարոյանական օրերի մեկնարկը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ԱՄՆ-ում «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանը, պաշտոնատար այլ անձինք:
«Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրությամբ ներկայացվում են Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները, ինչպես նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։
Կարդացեք նաև

Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում մշակույթի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը, որը նպաստում է ժողովուրդների մերձեցմանը, ստեղծագործական փոխանակումների և միջմշակութային երկխոսության զարգացմանը։ «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ցուցադրությունը կդառնա հայ-ամերիկյան մշակութային համագործակցության ևս մեկ նշանակալի ձեռքբերում և կնպաստի մեր հասարակությունների միջև կապերի խորացմանը»,- ասել է նա՝ ընդգծելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետևողական աջակցությունը, որի շնորհիվ նման նախաձեռնությունները դառնում են իրականություն։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև ԳԱԹ աշխատակազմին կատարած աշխատանքի համար:
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին հաջող համագործակցության համար: «Սարոյանական օրերի անցկացմամբ ցանկանում ենք ներկայացնել Սարոյանի ստեղծարար միտքը ողջ հարստությամբ՝ ոչ միայն նրա գրական ժառանգությունը, այլև հեղինակած նկարները, որոնք շատ ուշագրավ աշխատանքներ են: Դրանցում արտացոլված են Սարոյանը սերն ու բերկրանքը կյանքի նկատմամբ»,- ասել է դեսպանը։
Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 30-ը․ մուտքը՝ ցուցադրության տոմսով։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ից ԳԱԹ-ն իր դռները նորովի կբացի հանրության առաջ՝ նոր ցուցասրահով և նոր ձևաչափով։
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն






















































