Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին՝ պաշտպանության ոլորտի բյուջեն 2026-ին ավելանալո՞ւ է, թե՞ պակասելու։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ Հայաստանի կառավարությունը չի նախատեսում 2026-ին ավելացնել ռազմական բյուջեն։
Հրաչյա Սարգսյանն ասաց՝ այս պահին տեղյակ չէ՝ 2026-ի ռազմական բյուջեն ավելանալո՞ւ է, թե՞ նվազելու։
«Ճիշտն ասած, ֆինանսական մասով չեմ կարող պատասխան ասել, բայց այն ծավալի աշխատանքները, որոնք մենք իրականացնում ենք այս տարի, նույն ծավալով շարունակելու ենք հաջորդ տարի իրականացնել։ Միջնաժամկետ ծախսերի ծրագրերով ինչ ունենք, որ հաստատված ու պլանավորված իրականացնում ենք, այդ նույն ծախսերն իրականացնելու ենք։ Բյուջեն դեկտեմբեր ամսին է հաստատվում Ազգային ժողովում, կարծում եմ՝ այդ ժամանակ երբ հաստատվի, ավելի հստակ կլինի։ Եթե հարցադրումն այն է, որ պաշտպանության նախարարությունն իր գործառույթներն իրականացնելու համար տարբեր միջոցներ ձեռք չի բերելու կամ սկսելու է պակաս ձեռք բերել, ես ձեզ վստահեցնում եմ, որ ՊՆ-ն նույն տրամաբանությամբ, ինչ աշխատել է 2024-ին, 2025-ին, աշխատելու է նաեւ 2026 թվականին»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Ադրբեջանը արագ թափով զինվում է, իսկ Հայաստանի իշխանությունները խոսում են ռազմական բյուջեն կրճատելու մասին, Հրաչյա Սարգսյանն ասաց․ «Ադրբեջանի ռազմական բյուջեն վերջին 30 տարիներին մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան Հայաստանի Հանրապետության բյուջեն։ Եթե ձեր հարցադրումն այն է, որ մենք մեր պետական բյուջեն ընենց ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին, չի լինի։ Իսկ ավելանալը, կարծում եմ, կախված է ֆինանսական միջոցներից։ Ունե՞նք այդ ֆինանսական միջոցները, թե՞ չունենք, որ ավելացնենք կամ չավելացնենք։ Դուք ուզում եք հիմա ինձանից ինչ-որ բան կորզել, որ ես ասեմ, հետո ասեք՝ պարոն Սարգսյանը սենց էր ասում, վարչապետը սենց էր ասում»։
Կարդացեք նաև
Հրաչյա Սարգսյանը հավելեց, որ այն ֆինանսական միջոցները,որոնք ՊՆ-ն ստանում, է, բավարար են, որպեսզի իրականացնեն իրենց աշխատանքները։ «Հիմա դուք ասում եք՝ ավել գումար․․․ Իհարկե, զինված ուժերի ոլորտում ոչ մի պետություն չկա, որ հասնում է մի կետի ու ասում՝ վերջ, ես սրանից հետո էլ չեմ ծախսելու։ Այսինքն՝ միշտ կա տեղ, որտեղ կարելի է ծախսել»,- նշեց նա։
Հարցին, որ եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատված, բանակը պե՞տք է շարունակի զինվել, ՊՆ փոխնախարարը պատասխանեց․ «ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, ինքն իր անվտանգությունը ՀՀ-ն պետք է պահպանի եւ դրա համար պետք է իրականացնի օրենքով իրեն վերապահված լիազորությունները, Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները։ Մի հատ ուզում եմ հասկանամ՝ կա՞ պետություն, ով իր հարեւանների հետ խաղաղություն ունի, բայց իր բանակի վրա գումար չի ծախսում։ Ես գիտեմ, որ չկա, բոլորն էլ ծախսում են»։
Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը պետք է դադարեցնի զինվել։ Եվ Հայաստանում կան մտահոգություններ, որ Ադրբեջանի իշխանությունների պահանջով է ՀՀ իշխանությունը կրճատում ռազմական ծախսերը։ Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց․ «Ես կարծում եմ, որ այդ մտահոգություններն անտեղի են, դրա մասին չգիտեմ՝ որտեղից են վերցրել։ Այսինքն՝ նշանակում է, որ մենք Ադրբեջանի խոսույթը բերում ենք ու ասում, որ ստեղ տենց բան ենք իրականացնում։ Ես կարծում եմ՝ էդ ընդդիմադիրներից պետք է հարցնեք, թե ինչ փաստերի հիման վրա են իրենք այդպիսի հայտարարություններ անում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ