«Մոտեցանք Ազատ գյուղին, այդ ընթացքում շտապօգնությունն էլ հասավ, մեքենան կանգնեցրինք, դուրս եկանք, ու դեպի մեքենայի կողմ վազում էր Հակոբյան Եղիշը, արդեն այրված, անճանաչելի, լացելով ասում էր՝ ես էի մեղավոր, էս ի՞նչ եղավ։ Սենց նեղված էր, բարոյահոգեբանական վիճակն անկայուն։ Հրամանատարն ասում էր՝ հանգստացիր, շտապօգնության մեքենա կար կանգնած, խնդիր դրեցին՝ շտապ բուժօգնություն ցուցաբերել»,- Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում շարունակվող Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի դատաքննության գործով դատական նիստի ժամանակ պատմեց գործով վկա, այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվող Արմեն Լազարյանը։
Նա հայտնեց, որ 2020-ի պատերազմից հետո՝ 2021-ի հուլիսից Վարդենիսի զորամասում նշանակվել է օպերատիվ բաժնի ավագ սպա, 2022-ի մարտին նշանակվել է տվյալ զորամասի օպերատիվ բաժանմունքի պետ, շտաբի պետի տեղակալ։ 2024-ից ընդունվել է Մոսկվայի ռազմական ակադեմիա։ Այս պահին 301 տարածքային բրիգադի շտաբի պետի պաշտոնում ստաժավորման մեջ է։
Արմեն Լազարյանը հայտնեց, որ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի հետ կապված տեղեկացել է գնդապետ Արմեն Գևորգյանից՝ հրամանատարից։ Նա մանրամասնեց․ «Սեպտեմբերի գործողությունները, որ սկսվել են հակառակորդի կողմից, զորամասն ի վիճակի չի եղել տեղաբաշխվելու, որոշում է կայացվել Վարդենիսի տարածքում շտաբը տեղակայել Ծովակում։ Զգոնության հրաման է եղել, մշտապես ուժեղացված ծառայություն։ Ռադիոկապով ուշ գիշերին կապը լսեցի հրամանատարի, որ տեղակալներին է կանչում, այդ պահին արձագանք չստացավ։ Ես կապը վերցրի, իրեն կապ տվեցի, հրամանատարն ասաց՝ որտե՞ղ ես, ասացի՝ շտաբում եմ, ասաց՝ հագնվիր, պատրաստվիր, գալիս եմ հետևիցդ։ Պատրաստվեցի, իջա ներքև, հրամանատարը մենակ էր մեքենայով, այդ պահին նա տեղեկացրեց, որ Ազատ գյուղում հրդեհ է բռնկվել, բայց ոչ ինքը, ոչ ես չգիտեինք՝ ինչ մասշտաբի խնդիր է։ Հրամանատարը ցուցում տվեց, որ կապի դուրս գամ թիկունքի պետի հետ։ Այդ ժամանակ կապը տվեցի, ծանր էր, բոլորը մի կապով էին խոսում։ Որոշեցի զանգահարել 1-ին գումարտակի հրամանատարին՝ փոխգնդապետ Հակոբյանին․ իր դիտակետն Ազատ գյուղին մոտ էր։ Խնդրեցի, որ ինչ շտապօգնության մեքենաներ, կրակմարիչներ ունի, մոտենա Ազատ գյուղի զորամասի անձնակազմ՝ մտածելով, որ ինչ-որ չափով դա կօգնի։ Երբ մոտեցանք բնակավայրին, հեռվից՝ մոտավորապես 500 մ հեռավորության վրա, երևում էր հրդեհը։ Դեպքի վայր երբ մոտեցանք, շատ մարդ է եղել, առաջինը Տիգրան Ղազարյանին եմ տեսել՝ ծառայության պետին, վաշտի հրամանատարին՝ Գոռ Մարգարյանին»։
Կարդացեք նաև
Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը խնդրեց վկային ավելի մանրամասն ներկայացնել կատարվածը։ Նա պատմեց․ «Անճանաչելի էր Հակոբյան Եղիշը՝ այրված, կարմիր, լացում էր՝ էս ի՞նչ արեցի, էս ի՞նչ եղավ, անկառավարելի վիճակում էր։ Հրամանատարը փորձում էր հանգստացնել, խնդիր դրեց, որ ուղեկցեն հոսպիտալ»։
Նորայր Նորիկյանը խնդրեց հստակեցնել՝ իսկ չհարցրի՞ր՝ ի՞նչ էր արել, Արմեն Լազարյանը պատասխանեց․ «Ասաց՝ փեչն էինք վառում, ձեռքիցս ընկավ, պաժառ ընկավ, էս խի՞ եղավ, էս ո՞նց եղավ, էս ի՞նչ արեցի»։
Հարցին՝ պայթյունի հետևանք, հետքեր կային կացարանում, ի՞նչ կարող եք ասել, վկան պատասխանեց․ «Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մտածում եմ, որ հնարավոր չէր, որ բենզինը տենց միանգամից տարածվեր, քանի որ մեր գնալ, հասնելը 20 րոպե է տևել, ու այդ ժամանակ այն մակարդակով էր այրվում, նենց տպավորություն էր, որ մոտ երկու ժամ դա այրվում էր։ Էդքան բենզինից միանգամից տենց չէր բռնկվի։ Շենքի պատուհաններից կրակը դուրս էր գալիս։ Մտածում եմ՝ մի բան եղել է այնտեղ, դրանից էլ էդ հրդեհը ծավալվել է»։
Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հարցրեց՝ ի վերջո գործով մեղադրյալ մայոր Մառլեն Սարգսյանը տեղեկացված եղե՞լ է, որ հանդիսանում է հակահրդեհային պաշտպանության և անվտանգության պատասխանատու անձ:
Վկան պատասխանեց․ «Ես այս պահին չեմ կարող հաստատել՝ թիկունքի պետը տեղեկացրե՞լ է իրեն, թե՝ ոչ, բայց զորամիավորումը ստացել է մինչև դեպքը երկու հրաման, հրամանը կապված է եղել հակահրդեհայինի հետ, որտեղ պարզ գրված է եղել՝ ինչ գործ պիտի արվեր։ Հրամանը մակագրված է եղել թիկունքի պետի վրա, փոխգնդապետ Աղեկյանը մակագրել է կոմունալ շահագործման ծառայության պետ Մառլեն Սարգսյանի վրա, որ այդ գրված պահանջները կատարվեն, իսկ մայոր Սարգսյանը հետագայում նշել է՝ ծանոթացել է գրությանը։ Մինչև դեպքն է եղել՝ դեկտեմբերին»։
Հարցին՝ կարո՞ղ ենք հաստատ համարել, որ Մառլեն Սարգսյանը տեղյակ է եղել՝ հակահրդեհային ծառայության պատասխանատուն ինքն է, վկան դրական պատասխան տվեց։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ