Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով հարցաքննվեց ինժեներասակրավորների վաշտի ավագը:
Հանրային մեղադրողը նրան հարց ուղղեց՝ արդյոք մեղադրյալներից Մառլեն Սարգսյանը երբեւէ այցելե՞լ է Ազատի կացարան, վկան ի պատասխան ասաց՝ ինքը չի տեսել, չի լսել այդ մասին:
Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքի այն դրվագը, որում վերջինս պատասխանել էր հարցին, թե արդյոք վերադաս սպաների կողմից երբեւէ ստուգումներ կատարվել են վաշտի տեղակայման վայրում: Այդ հարցին ի պատասխան՝ նախաքննական ցուցմունքում վկան ասել էր՝ զորամաս են այցելել բանակային կորպուսի մի շար սպաներ, այդ թվում զորամասի թիկունքի գծով տեղակալ Մառլենը, ում ազգանունը ներկայումս չեմ հիշում:
Կարդացեք նաև
Զոհված զինծառայողներից մեկի հայրը դատարանին խնդրեց թույլ տալ իր հարցն ուղղել վկային, ինչին ի պատասխան նիստը նախագահողն ասաց, որ այդպես չէ, որ վերջինս անընդմեջ կարող է հարց տալ, հետո հարցրեց՝ ծնողն ինչի վրա է ծիծաղում:
– Նոր է հարց առաջացել, բա ասում եք արա, նախ ես Ձեր համար արա չեմ,-նիստը նախագահողին պատասխանեց զոհվածի հայրը:
-Բայց ով ասաց արա, ասացի՝ ասա, լավ չես լսում, երեւի,- արձագանքեց նիստը նախագահողը:
-Լավ եմ լսում, սաղ տեղն է,- հակադարձեց ծնողը:
Նրա հարցը, սակայն, նիստը նախագահողի որոշմամբ, հանվեց:
Փոխգնդապետ մեղադրյալ Գոռ Աղեկյանը մի շարք հարցեր տվեց վկային՝ կրակմարիչներ իրենից խնդրելու վերաբերյալ՝ պնդելով, թե սուտ է ասում վկան, որ կրակմարիչներ չեն եղել, դիմել է, որ ստանան. «Սուտ ցուցմունք ես տալիս, մի րոպե, սուտ ես ասում: Եթե դիմել ես, ասել են՝ չկա, կգաք, կստանանք, բա ինչու մի անգամ դուռս չթակեցիր, դիմեիր, ասեիր ուզում եմ՝ իմանամ, ստացել եք, թե՞ չեք ստացել:
Սեպտեմբերի դեպքերից հետո միշտ պահեստում եղել է, ո՞նց կարող եմ ասել՝ չէ, չկա: Ուզում եմ մի հատ ասես էլի քանի՞ անգամ ես անվանականչ անցկացրել, քանի՞ անգամ ես մարտական հաշվարկ ճշտել, քանի՞ անգամ ես հրահանագավորում անցկացրել անձնակազմի հետ, քանի՞ անգամ ես հրահգանգավորում անցկացրել անվտանգության կանոնների վերաբերյալ»:
Այսպես շարունակեց Աղեկյանն իր հարցերը, իսկ բոլոր հարցերին վաշտի ավագը պատասխանը՝ ոչ մի անգամ:
-Էդ չիմացության արդյունքն է, որ սուտ ցուցմունք ես տալիս,- արձագանքեց Աղեկյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ




















































