Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դուք սպիտակ եք կրում, ապա պետք է զգույշ վարվեք». իմիջմեյքեր

Սեպտեմբեր 06,2025 12:30

Ռուս ոճաբան, ճանաչված իմիջմեյքեր, դիզայներ եւ Aesthetic Bows ապրանքանիշի հիմնադիր Միլանա Կուբովան տարիներ առաջ, ներկայացնելով կանանց հագուստի ամենահաջող գունային համադրությունները, զգուշացրել էր. «Եթե դուք սպիտակ եք կրում, ապա պետք է զգույշ վարվեք։ Այլընտրանք կարող է լինել սպիտակի եւ բեժի համադրությունը. այն ավելի քիչ է կեղտոտվում»: Այս մասին հիշեցի օրերս, երբ Չինաստանում վարչապետի կնոջ սպիտակ հագուստի տակից երեւում էին բաներ, որոնք չպետք է երեւային…

Շատերն ուշադրություն դարձրին հենց այդ հանգամանքին, քննադատեցին տիկնոջը դրես-կոդը խախտելու, լիքը-լիքը բաների մեջ:

Բայց արդյո՞ք մեր իրականության մեջ հանրային դեմքերը մտածում են իմիջի ստեղծման մասին, ունե՞ն իմիջմեյքներ, կարդո՞ւմ են, թե իրենց, այլոց կերպարների մասին մարդիկ ինչ են գրում, տեսնում, պահանջում…

«Անձնական հագուկապի վերաբերյալ պարոն Ծառուկյանը բավականաչափ ազատ է։ Ինքն ունի իր նախասիրությունները եւ առաջնորդվում է դրանցով»,- 2009թ. հունիսյան ասուլիսի ժամանակ ասել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի` «Ծառուկյանն անձնական «իմիջմեյքեր» ունի՞» հարցին: Խոսնակն ապա հավելել էր. «Գագիկ Ծառուկյանը ոչ մեկին եւ ոչինչ ապացուցելու խնդիր չունի»:

Առհասարակ, հարցնում ես հանրային, ճանաչված գործիչների իմիջմեյքերների, իմիջի կերտման  մասին, շատերն ասում են` նա չունի, եւ ապա` նա որեւէ մեկին որեւէ  բան ապացուցելու խնդիր չունի:

Ի վերջո, կերպարին հետեւելը, իմիջդ պաշտպանելը ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համա՞ր է: Կարծում եմ՝ ոչ:

Մեզնից շատերն անհանգստանում են հատկապես Պետությունդ, Երկիրդ, Ժողովրդիդ ներկայացնող քաղաքական-հանրային գործիչների ներկայացումից: Մարդիկ հետեւում են  նրանցից  յուրաքանչյուրի ամեն մի քայլին, աթոռը քաշել նստելուց մինչեւ ոտքի վրա կանգնելը, ձեռքերը աջուձախ ծեփելուց մինչ հագուստի կոճակները պոկոտելը…

2021-ին հիշում եմ, երբ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպել էր` դասախոս, հանրային գործիչ Անուշ Սեդրակյանը ուշադրություն հրավիրեց Փաշինյանի իմիջին` գրելով սոցիալական ցանցի իր էջում հետեւյալը.

«Լավ, էդ մարդը իմիջմեյքեր չունի՞։ Չեն ասել, որ քաղհան անելուց հոգնած, տարիքով, բայց հղի կնոջ տեսքով չեն մեկնվում աթոռին` փեշերի տեղ պիջակը փռած ու մշտական վիզը ծուռ։ Լավ, փոխաբերական իմաստով՝ ողնաշար չունես, ֆիզիկապե՞ս էլ չունես։ Վախ, տեր իմ»։

Հանրությունը պաշտոնականից դուրս հետեւում է նաեւ նրանց սոցիալական հարթակներում արված գրառումներին, լուսանկարներին, որոնք դրվում են նրանց, նրանց ընտանիքի անդամների, զավակների կողմից: Բորիս Ելցինի իմիջմեյքերը նրա դուստն էր` Տատյանա Դյանչենկոն: Դուք կպատկերացնեիք, որ մերձավորդ, որը լավ գիտի անձնային նախասիրություններդ, թուլություններդ, անի այն, ինչ արեց, ասենք, Աննա Հակոբյանը: Վերջինս ՖԲ-ում տեղադրել էր նրա փռված նկարը խոտի վրա, կեպին աչքերին, գինու շիշը կողքը գցած…

Սա չի մոռացվել, անվերջ շրջանառվում է, ինչպես որ շրջանառվում է 2022 թվականի մի նկար, երբ վարչապետի կինը մասնակցում էր Մարզահամերգային համերգասրահում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության խաղերին։ Ուսը բաց: Չի մոռացվել նույն տիկնոջ գրեթե կիսաուս ներկայանալը Ամենայն Հայոց կաթողիկոսին նկարը…

Իմիջի անհաջող  փորձ էր 2018-ը, երբ Կանադայի վարչապետն այստեղ էր, վարչապետը հագավ եռագույնով զուգագուլպա: Եվ որպեսզի այդ գուլպան երեւար, շալվարը կարճոտ էր…

1997 թվականին ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանին հարցրեցի մեր իրականության մեջ իմիջների ստեղծման անհրաժեշտության մասին, նա ասաց. «Ստեղծված են կամ ստեղծվում են անկենդան իմիջներ, որոնք ավելի շուտ իմիջ-կլիշեներ են: Անկենդան են, որովհետեւ փակ են, որովհետեւ ավտորիտար համակարգի դեպքում իշխանությունները, չինովնիկնները կարիք ունեն «Իմիջ ստեղծելու»: Եթե դրանք անօդ տարածության մեջ ստեղծվեն, կլինեն հողին հավասար»:

Կերպարաստեղծման մասին խոսել էի այդ ժամանակ  նաեւ մշակութաբան, բանաստեղծ Ռուբեն Անգալադյանի հետ: Ըստ նրա, կարեւոր է այն խնդիրը, որը դրված է տվյալ երկրի առաջ եւ որը տվյալ երկրի քաղաքական գործչի համար դառնում է ներկայանալու միջոց: «Իմիջմեյքերների  մտքով չի անցնի, որ օրինակ՝ Ելցինը պառլամենտի կողքով անցնելիս պետք է կրակի կամ ոչ: Կամ եթե Բուշը լսեր իր իմիջմեյքերին, չէր ասի. «Իմ շունն ավելի խելացի է, քան Քլինթոնը»:

Ողջամիտ դիտորդների գնահատմամբ` ԱԺ պատգամավորները, նախարարները, եթե ունենային իրենց իմիջմեյքերները, ոչ այդպես կնստեին, ոչ այդպես կհագնվեին, ոչ այդպես կուտեին, ոչ այդպես կխոսեին, դա որոշ դեպքերում ցույց է տալիս նրանց անդաստիարակ  լինելը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Արժե սա էլ իմանալ: Նյու Յորքում գտնվող ԱՄՆ ամենամեծ բանտը՝ «Ռայքերս Այլենդը», դրես-կոդ է սահմանել այցելուների համար: Եվ առհասարակ, բանտերում դա ընդունված է: Դատապարտյալներին տեսակցող իգական սեռի ներկայացուցիչների զգեստները, կիսաշրջազգեստներն ու շորտերը պետք է լինեն պակաս, քան երեք մատնաչափ բարձր ծնկից, իսկ ուսերը, մեջքն ու որովայնը պետք է ծածկված լինեն: Այցելուները պետք է անպայման կրեն ներքնազգեստ:

«Առավոտ» օրաթերթ

05.09.2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930