Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգոստոսի 29-ին հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին, հայտարարել է, թե այդ համատեքստում Ռուսաստանը արտատարածքային ռեժիմ չի առաջարկել՝ Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման համար։ «Հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի միջև ԵԱՏՄ ընդհանուր տարածքը՝ նման ռեժիմը նույնիսկ տեսականորեն չէր կարող դիտարկվել»,- հավելել է նա։
«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Զախարովայի հայտարարությունը, թե «ԵԱՏՄ տարածքում արտատարածքային միջանցքի գոյությունը նույնիսկ տեսականորեն չէր կարող դիտարկվել», մոլորեցնող է։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ակնարկում է, թե ԵԱՏՄ-ի պատճառով «արտատարածքային միջանցք չէր կարող լինել», մինչդեռ ԵԱՏՄ-ն փաստացի, որևէ կապ չունի` կլինի՞ արտատարածքային միջանցք, թե ոչ։
Այսպես, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայն, «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքը կազմում են Միության անդամ պետությունների մաքսային տարածքները։ ԵԱՏՄ մաքսային տարածքում չեն կիրառվում մաքսատուրքեր, քվոտաներ կամ այլ սահմանափակումներ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության նկատմամբ»։
ԵԱՏՄ պայմանագրով ստեղծվում է միասնական մաքսային տարածք, որտեղ ապրանքները ազատ են շրջանառվում անդամ երկրների միջև, բայց պետությունների սահմանային վերահսկողությունն ու իրավազորությունը մնում է անփոփոխ։ Հետևաբար ԵԱՏՄ պայմանագրով ոչինչ չի խանգարում, որ անդամ պետության տարածքում քաղաքական կամ ռազմական պայմանավորվածութունների արդյունքում փորձ արվի ստեղծել արտատարածքային միջանցք։
Կարդացեք նաև
Այսպիսով, Զախարովայի «արտատարածքային միջանցք տեսականորեն անհնար է» ձևակերպումը մոլորեցնող է, քանի որ ԵԱՏՄ ընդհանուր տարածքը չի կարող բացառել «արտատարածքային միջանցքի» գաղափարը։
Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»