Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն պատրաստ է օգտագործել տնտեսական լծակները Հայաստանի արտաքին քաղաքական տատանումներին հակազդելու համար. «Փաստ»

Սեպտեմբեր 06,2025 10:10

Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերությունները երկար տարիներ ձևավորվել և զարգացել են որպես ռազմավարական գործընկերության մի մաս, որի հիմքում ընկած են պատմական, քաղաքական, էներգետիկ, լոգիստիկ և շուկայական խոր փոխկապակցվածությունները։ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, որի հետ կապված են ինչպես երկրի հիմնական արտահանման, այնպես էլ ներմուծման ու ներդրումային հոսքերը։ Այս կապը տարիների ընթացքում բազմաշերտ է դարձել, և դրա վրա ազդում են ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական, անվտանգային և արտաքին քաղաքական գործոններ, ինչը Հայաստանի համար ստեղծում է ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ լրջագույն կախվածության ռիսկեր։

Հայաստանի տնտեսությունը ՌԴ-ից կախված է մի քանի առանցքային ուղղություններով։ Առաջին հերթին՝ արտահանման հիմնական ծավալն ուղղվում է դեպի ռուսական շուկա, որտեղ հայկական ապրանքները՝ գյուղատնտեսական մթերքներից ու պահածոներից մինչև ալկոհոլային խմիչքներ, հանքանյութեր և քիմիական արտադրանք, հարաբերականորեն մրցունակ են, քանի որ ԵԱՏՄ հարթակը թույլ է տալիս ազատ ու առանց մաքսային լրացուցիչ բարդությունների արտահանել։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին տվել է շուկայի կայունություն, կանխատեսելիություն և ֆինանսական որոշակի արտոնություններ, որոնք այլ ուղղություններում առկա չեն։

Այս պայմաններում ռուսական շուկան դարձել է հայկական արտադրության հիմնական սպառման ուղին, հատկապես այն պարագայում, երբ շատ այլ երկրներում հայկական ապրանքները կա՛մ չեն ընդունվում օրենսդրական, սերտիֆիկացիոն ու մաքսային խոչընդոտների պատճառով, կա՛մ չեն կարող մրցակցել գնի և որակի առումով։

Որպես տնտեսության արտաքին կախվածության ցուցիչ՝ պետք է նշել նաև էներգետիկ ոլորտը, որտեղ Հայաստանը հիմնականում սպառում է ռուսական գազ ու նավթամթերք։ Ռուսական էժան գազի սպառումը, ատոմակայանի շահագործման ռուսական մասնակցությունը, էներգետիկ համակարգի ներդաշնակեցումը ռուսական էներգետիկ ցանցերի հետ Հայաստանը դարձնում են զգայուն ռուսական տնտեսական և քաղաքական ազդեցության նկատմամբ։ Բացի դրանից, վերջին տարիներին ռուսական կապիտալի ներհոսքը նկատելի է եղել բանկային, հեռահաղորդակցության, շինարարության և մի շարք այլ ոլորտներում, ինչը խորացնում է տնտեսական փոխկապակցվածությունը։

Վերջին տարիներին, հատկապես 2022- 2024 թվականների ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ էական դեր է սկսել խաղալ վերաարտահանման գործոնը։ Ռուս-ուկրաինական պատերազմի, արևմտյան պատժամիջոցների ու համաշխարհային շուկաների վերադասավորման ֆոնին Հայաստանը ռուսական շուկայի համար դարձել է կարևոր հանգույց՝ տարատեսակ ապրանքների մատակարարման, ինչպես նաև ռուսական կապիտալի, մարդկային և ֆինանսական ռեսուրսների տեղաշարժի համար։ Թեև այս իրավիճակը նպաստել է Հայաստանի տնտեսության կարճաժամկետ աճին, իրականում խորացրել է կախվածությունը ՌԴ-ից, քանի որ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է վերաարտահանումը ռուսական շուկա կամ հակառակ ուղղությամբ, և դրա անկայունությունը կարող է արագ վերածվել տնտեսական ցնցումների։

Ու հետաքրքիրն այն է, որ նման իրավիճակում Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։ Իհարկե, դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը չի էլ քննարկվում: Բայց այստեղ կան բազմաթիվ հարցեր: Նախ՝ չնայած վերը նշվածին, պետք է փաստել, որ արտաքին շուկաների դիվերսիֆիկացիան դեռևս շատ սահմանափակ է ինչպես ծավալների առումով, այնպես էլ ապրանքատեսակների ու ոլորտների ընդգրկմամբ։ Առանձին ապրանքների փորձարարական արտահանումները, որպես կանոն, կենսունակ չեն լինում մրցունակության, արտադրության ծավալների ու լոգիստիկայի և այլ խնդիրների պատճառով։ Արևմտյան շուկաների դեպքում հիմնական խոչընդոտները կապված են որակի ստանդարտների, սերտիֆիկացիոն պահանջների և շուկայի փակ լինելու հետ, ինչը ստեղծում է լրացուցիչ բարդություններ հայկական արտադրողների համար։

Մյուս կողմից՝ խնդիրը խորանում է այն հանգամանքով, որ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերը հաճախ ձևավորվում են ոչ միայն շուկայական տրամաբանությամբ, այլ նաև քաղաքական գործոնների ազդեցության ներքո։ Հայաստանի իշխանությունների՝ Արևմուտքի ու այլ արտաքին դերակատարների հետ հարաբերությունների ակտիվացման փորձերը Մոսկվայում հաճախ ընկալվում են ռուսական ազդեցության թուլացման քաղաքականության շրջանակներում, ինչի համար լրջագույն հիմքեր, իհարկե, կան։ Այս իրավիճակում, երբ Հայաստանի տնտեսական հիմնական շարժիչ ուժը հենց ռուսական շուկան է, արտաքին քաղաքականության ցանկացած կտրուկ փոփոխություն կարող է ունենալ էական բացասական ազդեցություն տնտեսական համագործակցության, արտահանման ծավալների և ընդհանուր տնտեսական կայունության վրա։

Վերջին ամիսներին արդեն իսկ նկատվում է Ռուսաստան արտահանման ծավալների նվազում, ինչը մասնագետները կապում են ոչ միայն շուկայական գործոնների, այլև քաղաքական հանգամանքների ու անորոշության հետ։ Փորձագետները նկատում են, որ, օրինակ՝ ՌԴ-ում հայաստանյան բեռնատարների՝ մասնավորապես «Սպայկայի» տասնյակ ու հարյուրավոր մեքենաների կանգնեցումը սահմանին ուղիղ մեսիջ է այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է օգտագործել տնտեսական լծակները Հայաստանի արտաքին քաղաքական տատանումներին հակազդելու համար։ Այս իրավիճակը կարող է խորանալ, եթե երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը չբարձրացվի ու տնտեսական շահերը չդառնան առաջնային՝ քաղաքական հաշվարկների փոխարեն։ Այս ֆոնին ակնկալվում է, որ այս տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կարող է կիսով չափ նվազել՝ 12,4 միլիարդ դոլարից հասնելով մոտ վեց միլիարդի։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930