Gallup International Association-ի հարցումները՝ 2026 թ․ ընտրություններից ամիսներ առաջ, բավականին մռայլ պատկեր են արձանագրում իշխանությունների համար ու հերթական անգամ ի ցույց դնում Փաշինյանի գահավիժող վարկանիշը։ Փոխարենը բարձրանում է ռուսաստանաբնակ գործարար, Փաշինյանի հրահանգով կալանավորված Սամվել Կարապետյանի նորաստեղծ շարժման վարկանիշը՝ կազմավորումից հետո մոտ 5 անգամ աճ գրանցելով։
«Վաղուց կար նոր ուժի, նոր դեմքի, նոր կուսակցության պահանջարկը։ Այն, որ այս վիճակում, երբ Սամվել Կարապետյանի ստեղծած ուժը դեռ անգամ կուսակցություն չէ եւ ունի նման վարկանիշ, խոսում է հենց այդ պահանջարկի մասին եւ այն մասին, որ այդ ուժն աճելու ռեսուրս ունի, եթե սկսի աշխատել։ Հասարակությունն ավանդական ընդդիմությունից հիասթափված է ավելի շատ, քան իշխանությունից, եւ հիմա ձեւավորվում է ընդդիմադիր մի բեւեռ, որը կարող է միավորել ընդդիմության մնացած մասին»,- մեզ հետ զրույցում այս տվյալներն է վերլուծում ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի նախկին ղեկավար, ակադեմիկոս, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը։
Ըստ նրա, այս ֆենոմենն արդեն դրսեւորվել է Գյումրիում, որտեղ իշխանությունը պարտվեց հավաքական ընդդիմությանը։ Թեեւ այս պահին իշխանությունների վարկանիշն ավելի բարձր է, բայց ընդդիմադիր ուժերի վարկանիշը` միասին վերցրած, գերազանցում է նրան։ Սա, Գեւորգ Պողոսյանի խոսքով, ցույց է տալիս, որ իշխանությունը վերարտադրվելու համար ստիպված է լինելու դիմել այն մեթոդներին, որոնք Փաշինյանը նախկինում քննադատում էր՝ ընտրախախտումներից մինչեւ ընտրակաշառք ու լցոնումներ։
«Իշխանության գործերը վաղուց լավ չէին, հիմա նոր ուժ է ի հայտ եկել, եւ նրանց գործերը կարող են ավելի վատանալ»,- ասում է մեր զրուցակիցը։ Իսկ այն, որ հարցվածների 70 տոկոսից ավելիի կարծիքով Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, նրա գնահատմամբ, ցույց է տալիս մեկ բան՝ իշխանությունը կա՛մ չի հասկանում, թե ինչ է անում, որովհետեւ սեփական գործողություններն աշխատում են իր դեմ, կա՛մ այնքան է վախեցած, որ դիմում է ցանկացած միջոցի։
Կարդացեք նաև
«Այդ քայլերը Սամվել Կարապետյանի հերոսացման համար են աշխատում, նույնը կարող ենք ասել նաեւ սրբազանների դեպքում, երբ ոչ մի լուրջ մեղադրանք տակը չկա, եւ մարդիկ դա հասկանում են»,- բացատրում է սոցիոլոգը։ Հետաքրքիր պատկեր է արձանագրվել նաեւ վաշինգտոնյան հռչակագրի՝ հանրային ընկալումների մասով։ Հարցվածների 34 %-ը բացասական վերաբերմունք ունի, 13,6 %-ը՝ ավելի շուտ բացասական, լիովին դրական՝ 22,8 %-ը, ավելի շատ դրական` 19,3 %-ը։ Սյունիքով Ադրբեջանին անխոչընդոտ ճանապարհի տրամադրումը հարցվածներ 47,6 %-ը բացասական է գնահատում, 11,3 %-ը՝ ավելի շուտ բացասական, եւ միայն 17,4 %-ը՝ լիովին դրական, իսկ 18,1 %-ը` ավելի շուտ դրական։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ օրաթերթի» այս համարում


















































