Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Դավթյան․ Ռուսաստանը երկարաժամկետ կտրվածքով ձեռք բերվող դիվիդենտների դիմաց այս պահին գետնի վրա կորցնում է բյուջետային լուրջ հոսքեր․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 06,2025 12:06

Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ավերում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները՝ զրկելով Հայաստանին ոչ միայն անվտանգության ոլորտում ավանդական դաշնակցային հարաբերություններից, այլեւ տնտեսական հնարավորություններից՝ հատկապես էներգետիկ ոլորտում, այլ գործընկերներ զարգացնում են իրենց հարաբերությունները Մոսկվայի հետ ու համապատասխան օգուտներ քաղում՝ ռուսական գազի տեսքով:

Չինաստանն ու Ռուսաստանը խոշոր գազային համաձայնագիր են կնքել, որով նախատեսվում է կառուցել «Սիբիրի ուժը-2» գազատարը, որը ձգվելու է մինչեւ Չինաստան ու հնարավորություն է տալու Չինաստանին՝ էժան ռուսական գազ ունենալ՝ ՌԴ ներքին գներով: Մյուս կողմից, Թուրքիան ռուսական գազը կսպառի, իսկ դրա դիմաց նախատեսվող գումարները կուղղվեն ոչ թե Մոսկվա, այլ կներդրվեն Թուրքիայում «Աքույու» ԱԷԿ-ի կառուցման համար, որն իրականացնում է «Ռոսատոմ»-ը, եւ որի արժեքը ներկայիս փոխարժեքով շուրջ 24-25 միլիարդ դոլարի է հասնում: Կոմերցիոն գործարքը, իհարկե, առաջին հերթին բխում է Թուրքիայի շահերից, իսկ երկարաժամկետ հեռանկարում` Ռուսաստանի, «Հրապարակ»-ին ասում է էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը:

«Գործարքը Ռուսաստանի համար որոշակի զիջողականություն է պարունակում, բայց եթե հարցը դիտարկում ենք ավելի երկարաժամկետ, ռազմավարական տեսանկյունից, իսկ Կրեմլում հենց այդպես են փորձում անել, գործարքը թույլ է տալիս Մոսկվային՝ պահպանել սեփական դիրքերը ոչ միայն Թուրքիայի, այլեւ համաշխարհային ատոմային էներգետիկայի շուկաներում: Մոսկվայի համար ատոմային դիվանագիտությունը, ինչպես գիտենք, արտաքին քաղաքականության կենտրոնական գործիքներից է: Ստացվում է, որ այն գումարը, որը պետք է թուրքական Botaş-ը վճարի ռուսական «Գազպրոմին», ուղղվելու է «Աքույու» ատոմակայանի աշխատանքների իրականացմանը, իսկ այդ աշխատանքների հետ կապված այսօր առկա են լուրջ խնդիրներ՝ պայմանավորված բանկային տրանզակցիոն սահմանափակումներով, ֆինանսական ժամանակացույցի խախտումներով եւ այլն»,- գործարքի էությունը բացատրում է Վահե Դավթյանը:

Ըստ մասնագետի, փաստացի, այս գործարքով Մոսկվան ցույց է տալիս, որ պատրաստ է նվազեցնել սեփական հարկային հոսքերը, որոնք գոյանում էին գազի արտահանումից ու վաճառքից՝ արտաքին ատոմային պարտավորությունները կատարելու նպատակով: «Աքույու» ատոմակայանի կառուցման համար հատկացվող գումարն ամբողջությամբ տրամադրվում է ՌԴ բյուջեից, ու, փաստացի, Ռուսաստանն այդ պարտավորությունն իրականացնում է բնական գազով: Այս ամենի արդյունքում Անկարան ստանում է հնարավորություն՝ արդեն մյուս տարի ունենալու ատոմակայան, որը Եվրոպայում ամենախոշորն է լինելու՝ 4800 մեգավատ հզորությամբ, եւ այդ ատոմակայանի գործարկումը, ինչպես բացատրում է փորձագետը, նվազեցնելու է հենց նույն Ռուսաստանից եւ ոչ միայն Ռուսաստանից, ներկրվող բնական գազի ծավալը Թուրքիայի համար:

Մյուս կողմից, նման ռազմավարական նախագծի գործարկումը, իհարկե, փոխակերպվելու է քաղաքական կապիտալի եւ առաջիկա ընտրություննների ժամանակ օգտագործվելու է Էրդողանի կողմից, այնպես, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ Էրդողանն օգտագործում էր Ռուսաստանից բնական գազի մատակարարման համար կիրառվող դիսկոնտը»,-նկատում է Դավթյանը՝ միեւնույն ժամանակ շեշտելով, որ Ռուսաստանը երկարաժամկետ կտրվածքով ձեռք բերվող դիվիդենտների դիմաց այս պահին գետնի վրա կորցնում է բյուջետային լուրջ հոսքեր:

«Խոսքը տարեկան մոտ 20 միլիարդ խորանարդ մետրը գերազանցող ծավալի մասին է, որի գնի մասին հստակ տեղեկություններ չունենք, քանի որ դա կոմերցիոն գաղտնիք է, բայց հայտնի է, որ, օրինակ, 2024-ին Թուրքիան, ընդհանուր առմամբ, ներկրել է մոտ 40 միլիարդ դոլարի բնական գազ, որի շուրջ 40 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին: Իհարկե, սա ունենալու է աշխարհաքաղաքական հետեւանքներ: Արդեն այսօր հիմքեր են ստեղծվում Թուրքիայում՝ արդեն մի քանի տարի բանակցվող գազային հաբի ձեւավորման համար, ինչն անխուսափելիորեն ամրապնդելու է Անկարայի դիրքերը Եվրասիայի ռազմավարական հաղորդակցային համակարգում եւ Թուրքիայի առանցքային լոգիստիկ նպատակադրումը՝ կայանալ որպես էներգատրանսպորտային եւ լոգիստիկ հաբ, ձեռք է բերում բավականին լուրջ հնարավորություն»,-բացատրում է Վահե Դավթյանը:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930