Այլակարծության հանդեպ մարդու անհանդուրժողականության համախտանիշը կարող է գնալով սրվել եւ, ի վերջո, փոխարկվել մեկ այլ, հոգեբանորեն ավելի դժվար հաղթահարելի վիճակի՝ բռնատիրական հակումների։ Ակամայից նման եզրակացության ես հանգում՝ դատելով ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վարքագծից, որը, թերեւս, առանձին հետազոտության առարկա է: Հիմա՝ ըստ էության: «Կառավարությունը ես եմ։ Չի կարող Կառավարությունում որեւէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող կարծիք ունենալ։ Եթե կան նման մարդիկ, թող հենց հիմա դիմում գրեն, հեռանան։ Եթե ոչ՝ ես ինքս նրանց կհեռացնեմ»։
Սա մեջբերում է գործադիրի՝ օգոստոսի 28-ի նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանի մեկնաբանություններից: Վերջինս մի պահ զայրացավ, երբ հարց հնչեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) թեմայով. լրագրողը հետաքրքրվում էր, թե Կառավարությունը չի՞ պատրաստվում արդյոք իրագործել ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի արտակարգ որոշումը՝ լավ իմանալով, որ այն ենթակա է պարտադիր կատարման։ Ի պատասխան՝ Փաշինյանն անհիմն համոզմունքով հայտարարեց, թե արբիտրաժային դատարանում հաղթել է ՀՀ կառավարությունը: Իրականում Ստոկհոլմի արբիտրաժային վճռով ՀՀ կառավարությանը պարտադրվել է աներկբայորեն կատարել միջազգային դատարանի որոշումը, այն է՝ ՀԷՑ-ը վերադարձնել սեփականատիրոջը։
«Կառավարությունը ես եմ» արտահայտությունը Փաշինյանը, հավանաբար, փոխառել է Ֆրանսիայի Լյուդիվիկոս 14-րդ թագավորի՝ «Պետությունը ես եմ» հայտնի ասույթից՝ փորձելով համեմատվել նրա հետ, ով, պատմագիրների վկայությամբ, բացարձակ միապետ էր ու նվաճող, ստեղծել էր հզոր բանակ, նավատորմ եւ նվաճողական քաղաքականություն էր վարում Եվրոպայում: Այսինքն՝ Լյուդիվիկոս 14-րդի հետ Նիկոլի զուգադրումն այնքան էլ տեղին չէ. վերջինս բնույթով հանձնվողական է, եւ հզոր բանակ ստեղծելն ու իր երկրի տարածքներն ընդարձակելը նրա խելքի բանը չեն: Նրան ավելի ճիշտ կլինի համեմատել Լյուդիվիկոս 15-րդի հետ, որը «Ինձնից հետո թեկուզ ջրհեղե՛ղ» ոչ պակաս նշանավոր խոսքի հեղինակն է:
Ասենք՝ մեր «Լյուդիվիկոսի» դեպքում շատ ավելի հեշտ է սեփական ժողովրդին կեղեքելը, չհպատակվողներին ու ընդդիմախոսներին էլ բանտերում փակելը: Ազատ կարծիք կամ միտք հայտնելու համար մարդուն աշխատանքից հեռացնելը չարիքի փոքրագույնն է: Սոսկ այն պատճառով, որ Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հակադարձել էր «շեֆին», թե արբիտրաժային վճիռը ենթակա է անվերապահ ու անհապաղ կատարման, նա վերը հիշատակված ճեպազրույցից ժամեր անց հեռացվել էր աշխատանքից: Չէ՞ որ զգուշացրել էր՝ «Կառավարությունը ես եմ։ Չի կարող որեւէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող կարծիք ունենալ»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում