Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող է ստեղծվել այնպիսի ներքաղաքական իրավիճակ, որ խորհրդարանական ընդդիմությունը ստիպված կլինի միաձայն աջակցել վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը․ Գենադի Մնացականյան

Սեպտեմբեր 07,2025 13:32

Քաղաքական առումով քանի՞ խմբերի է բաժանված այսօրվա հայ հասարակությունը։ Գուցե և հնարավոր է հաշվել, սակայն դա անշնորհակալ աշխատանք է, ուստի պայմանական բաժանենք այն երեք մասի։

Առաջին հատվածն իշխանություններն են՝ իրենց կողմնակիցներով։

Երկրորդ հատվածը խորհրդարանական ընդդիմությունն է՝ իր հետևորդներով։

Երրորդ հատվածը արտախորհրդարանական ընդդիմությունն է, որն էլ իր հերթին կարելի է մասերի բաժանել, սակայն այս հատվածը դիտարկենք որպես միասնական, մանավանդ որ այստեղ կոնսենսուս կա առ այն, որ ներկա իշխանությունները ապաշնորհ և ապազգային են, Հայոց պետականության համար մեծ վտանգ են ներկայացնում, և բոլորը համակարծիք են, որ այս իշխանությունները չպետք է վերընտրվեն ոչ մի պարագայում։

Հայտնի է նաև, որ արտախորհրդարանական ընդդիմության թերևս ամենաակտիվ մասի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն է սկսվել, որը, զարմանալիորեն, խորհրդարանական ընդդիմության կողմից այս փուլում ամբողջությամբ չի ողջունվում, հետևաբար դեռևս շոշափելի  արդյունքներ այս ուղղությամբ չկան։ Նկատենք, որ պայմանական առաջին հատվածը, այսինքն` իշխանական թևը, ավելի կազմակերպված և միասնական է միայն արտաքինից։

Պառակտումներն այս թևում խորքային են ու հասկանալի պատճառներով՝ թաքնված։ Իմ դիտարկմամբ, կարող է ստեղծվել այնպիսի ներքաղաքական իրավիճակ, որ խորհրդարանական ընդդիմությունը ստիպված կլինի միաձայն աջակցել վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Հայաստանյան արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտը մարդկային բավականին մեծ ռեսուրսներ ունի և այդ ռեսուրսները, ըստ իս, ավելի մեծացան բոլորովին վերջերս քաղաքական դաշտ մուտք գործած «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհիվ։

Զգալիորեն արագ տեմպերով այս շարժումը ճանաչողություն և վստահություն ձեռք բերեց իր կազմակերպվածության ու ապագայի նկատմամբ տեսլական ունենալու շնորհիվ, ինչի մասին վկայում են նաև օրերս անցկացված սոցհարցումների արդյունքները։ Ընդդիմադիր դաշտը ամբողջությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին է, և տարբեր առիթներով դա հաստատվել է հատկապես վերջին հինգ ամիսների ընթացքում, ուստի առանց թերագնահատելու արտախորհրդարանական ընդդիմադիր հատվածի եկեղեցասիրական ու հայրենասիրական ազնիվ մղումներն ու զգացումները, ուզում եմ նշել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու  և ազգային արժեքների պահպանման կարևորության մասին ունեցած իր պատկերացումներով «Մեր ձևով» շարժումը տարբերվում է նրանով, որ դա իրենց գործունեության կարևորագույն հինգ ուղղություններից մեկն է համարվում։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի բարձրացման համար քաղաքականության մշակմանը՝ Հայաստանը աշխարհում քրիստոնեության կենտրոն դառնալու տեսլականով։ Կարծում եմ արտախորհրդարանական ընդդիմությունը «Մեր ձևով» շարժման հետ, եթե ոչ ամբողջությամբ, ապա առնվազն այս մասով համագործակցելու մասին խորհելու նպատակահարմարությունը  չի անտեսի։

 

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930